News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում 2012թ. հունիսին սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հարազատների ներկայացրած քաղաքացիական հայցը առաջին ատյանի դատարանը ընդունել է վարույթ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:

Նա նշեց, որ այս գործով առաջին դատական նիստը տեղի կունենա մարտին:

Իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հավելեց, որ քրեական գործի քննության ժամանակ նույնպես քաղհայց էր ներկայացվել, որն այն ժամանակ առանց քննության էր թողնվել:

Նշենք, որ քաղաքացիական  հայցը ձեւակերպված է հետեւյալ կերպ՝ կերակրողին կորցնելու արդյունքում պատճառված նյութական վնասի, տուժող Վահե Ավետյանի կյանքի իրավունքի և տուժողներ Արտակ Բայադյանի, Գարիկ Սողոմոնյանի և Էդգար Նիկոյանի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցման պահանջների մասին:

Քաղաքացիական հայցն ուղղված է Ռուբեն Հայրապետյանի եւ գործով դատապարտվածների դեմ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին մահացել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործով ամբաստանյալներ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին առաջին ատյանի դատարանը մարտի 24-ին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։ Վերաքննիչն անփոփոխ է թողել դատավճիռը, իսկ Վճռաբեկն էլ գործը վարույթ չի ընդունել:

Տպել
Ամենաշատ