News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փետրվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածուն Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց կուսակցությունների, գիտական ու կրթական հաստատությունների եւ տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Արցախի Հանրապետության ղեկավարության հետ ունեցած հանդիպումների, ինչպես նաեւ Սփյուռքի տարբեր համայնքներ կատարած իր այցելությունների արդյունքում՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու՝ ՀՀԿ-ի առաջարկի առնչությամբ կայացրած դրական որոշման մասին եւ հայցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը։

Ողջունելով Արմեն Սարգսյանի կայացրած կարեւոր որոշումը՝ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ այն պիտի գոհունակությամբ ընդունվի թե´ հայրենի երկրում եւ թե´ Սփյուռքում:

Վեհափառ Հայրապետը տեղեկացրեց, որ անցնող օրերին զանգվածային լրատվամիջոցներով հետեւել է այդ հանդիպումներին։

Հայոց Հովվապետն ընդգծեց, որ Արմեն Սարգսյանի անձը քաջածանոթ է հայորդիներին թե որպես պետական գործիչ, ով տարբեր հանգամանքներում երկար տարիներ իր ծառայությունն է բերել հայրենիքին, եւ թե իբրեւ բարեգործ ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար, ում նախաձեռնած մի շարք հայրենանվեր եւ եկեղեցաշեն իրագործումները կարեւոր ներդրում են մեր ժողովրդի բարօր կյանքի կերտման գործում։

Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետը եւ Արմեն Սարգսյանն անդրադարձան հայրենիքի առջեւ ծառացած մարտահրավերներին եւ դրանց հաղթահարմանն ուղղված քայլերին։

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը եւ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Տպել
Ամենաշատ