News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանը գրավելու մասին Ալիեւի հայտարարությունները զառանցանք են, բայց Եվրոպայի լռության պայմաններում կարող են ունենալ լուրջ հետեւանքներ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Հելսինկիի ոգու աղաղակող ոտնահարում է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ: Դա հատկապես ակնառու է հարեւան երկրում մեկնարկած նախընտրական շրջանում: Նախագահ Ալիեւը ոչ ավել, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երեւանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետեւանքներ:

Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ՝ խաղաղ ճանապարհով: Այդ հարցում մեզ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները: Նրանց առաջնորդությամբ խաղաղ գործընթացի հիմքում դրվել են միջազգային իրավունքի երեք սկզբունքներ` ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականությունը։ Եվրոպական միությունն իր հերթին բազմիցս վերահաստատել է, որ աջակցում է համանախագահների ջանքերին ու առաջարկություններին:

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը կարող են օրինակ ծառայել, թե ինչպես Ռուսաստանը, ԵՄ-ը եւ ԱՄՆ-ը կարող են դրականորեն համադրել իրենց դիրքորոշումները՝ հանուն միջազգային խաղաղության ու անվտանգության։ Մեր ցանկությունն է, որ նման ընդհանրություններն առավել հաճախ դրսեւորվեն:

Դա հատկապես կարեւոր է՝ հաշվի առնելով, որ այսօր աշխարհի տարբեր անկյուններում գնալով խորանում են հակամարտությունները: Մեզ մտահոգում են Մերձավոր Արեւելքում եւ այլուր տեղի ունեցող սրընթաց փոփոխությունները, որոնք, ցավոք, ուղեկցվում են չդադարող պատերազմներով: Մեզ մտահոգում են առանձին երկրներում պետությունների ձախողումը եւ փլուզումը: Դրանց դիմագրավելու համար պետք է մտածել համագործակցային, համապարփակ եւ անբաժանելի անվտանգության մասին: Դա է առկա ճգնաժամերը հաղթահարելու միակ հնարավոր եւ իրատեսական ուղին»։

Նշենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովը նախագահող, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հրավերով աշխատանքային այցով Գերմանիա ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին: Համաժողովի «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ