News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Մեր հասարակության մեջ ձեւավորվել է լայն համաձայնություն Հայաստանի արտաքին քաղաքականության եւ տնտեսական ինտեգրացիայի ուղղությամբ կատարվող քայլերի շուրջ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Հայաստանը միշտ եղել է բաց համագործակցության, այլոց շահերը հարգելու եւ դրանք հնարավորինս համադրելու ջատագով։ Փորձել ենք մեր գործընկերներին ընտրության առաջ չկանգնեցնել, իսկ որտեղ հնարավոր է՝ ստեղծել դրական համագործակցության միջավայր։ Կարող եմ ասել, որ մեր բոլոր գործընկերները, մեծ հաշվով, մշտապես աջակցել են մեր այս քաղաքականությանը եւ դրա արդյունքում կատարված քայլերին:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցեց հստակ գիտակցմամբ, որ այն լավագույնս է ծառայելու մեր տնտեսության զարգացմանը, մեր երկրի ապագային։ Անդամակցությունից ի վեր գրանցված արդյունքներն ամրապնդում են վստահությունը մեր բռնած ուղու հանդեպ։ Միաժամանակ, դա բնավ չի խոչընդոտել մեր համագործակցությանը Եվրոպական միության հետ, հատկապես ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ արդիականացման բնագավառներում:

Եվրամիության հետ մեր համագործակցությունը նոր մակարդակի բարձրացավ վերջերս ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով։ Այժմ կարեւոր է, որ այդ փաստաթղթի վավերացման գործընթացն ընթանա պատշաճ արագությամբ:

Արդիականացումը մշտական գործընթաց է, որը հնարավորություն է տալիս մեզ քայլել ժամանակին համընթաց: Մենք շարունակաբար ձգտելու ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք արդեն իսկ հասել են մեծ հաջողությունների եւ կարող են նպաստել մեր երկրի զարգացմանը: Նշված քաղաքականությունը դյուրացնում է Հայաստանի փոխգործակցությունը թե՛ ԵՏՄ-ի, թե՛ ԵՄ-ի հետ: Սա նաեւ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են Հայաստանի միջոցով ընդլայնել գործարար կապերը այս երկու ինտեգրացիոն կառույցների միջեւ:

Մենք այժմ բանակցություններ ենք վարում բոլոր շահագրգիռ երկրների հետ, որպեսզի ձեւավորենք նոր տարանցիկ միջանցք Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ: Հուսով ենք, որ հաջողության դեպքում դրա շահառուների ցանկը կլինի ավելի ընդարձակ, քան բանակցային փուլում ներգրավված երկրներն են: Կարծում եմ՝ ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի անդամ երկրների համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ շրջանակներում, համապատասխանում է մեր ընդհանուր շահերին եւ տնտեսական առաջընթացին:

Այստեղ կցանկանայի նշել եւս մեկ կարեւոր հանգամանք: Մեր հասարակության մեջ ձեւավորվել է լայն համաձայնություն Հայաստանի արտաքին քաղաքականության եւ տնտեսական ինտեգրացիայի ուղղությամբ կատարվող քայլերի շուրջ»։

Նշենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովը նախագահող, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հրավերով աշխատանքային այցով Գերմանիա ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին: Համաժողովի «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ