News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների շահերի խաչմերուկում հայտնվելը եւ՛ մարտահրավեր է, եւ՛ հնարավորություն։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Ինչպես ասում են՝ աշխարհագրությունը ճակատագիր է, բայց, կարծում եմ, որ այն նաեւ կենսագրություն է։ Դա մենք գիտենք սեփական փորձից: Մեր անցած ճանապարհի արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ աշխարհաքաղաքական մրցակցությունը որեւէ լավ բան չի բերում։ Հետեւաբար նման մրցակցությունից չտուժելն արդեն նշանակում է շահել: Պատմության այս փորձն է ընկած մեր քաղաքականության հիմքում։

Միաժամանակ վստահ եմ, որ Հայաստանի եւ շատ այլ երկրների համար աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների շահերի խաչմերուկում հայտնվելը եւ՛ մարտահրավեր է, եւ՛ հնարավորություն։ Երբ այդ կենտրոնները գտնվում են հակադրության մեջ, փոքր պետությունների շահերը երբեմն անտեսվում են: Ուստի, մեր խնդիրն է մշտապես մարտահրավերները վերածել հնարավորության՝ համագործակցության եւ շահերի համադրման միջոցով։

Նախորդ դարի 70-ական թվականներին սկիզբ առավ Հելսինկյան գործընթացը, որի նպատակն էր Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ամրապնդումը: Կարծում եմ, որ այն ժողովուրդների համերաշխության, արժանապատիվ եւ իրավահավասար համակեցության խոստում էր, որն այսօր էլ շարունակում է արդիական մնալ։

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության շրջանակում ստանձնած հանձնառությունները պետք է իսկապես ապրեն Վանկուվերից մինչեւ Վլադիվոստոկ: Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի տասը սկզբունքները մեկ միասնական ընդհանրություն են: Դրանցից որեւէ մեկը չպետք է տարանջատվի կամ հակադրվի մյուսներին:

Նույնը կարելի է ասել նաեւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության շրջանակներում բանակցված բոլոր հանձնառությունների մասին: ԵԱՀԿ տարածաշրջանում պետք է գերիշխի իրավահավասարությունը եւ համագործակցային մոտեցումը: Միայն այդ ճանապարհով է հնարավոր ամրապնդել համապարփակ ու անբաժանելի անվտանգության՝ Հելսինկիում հաստատված հայեցակարգը»։

Նշենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովը նախագահող, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հրավերով աշխատանքային այցով Գերմանիա ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին: Համաժողովի «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ