News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանը որեւէ մեկի հետ գաղտնի բանակցություններ չի վարել։ Այդ մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ Մյունխենի անվտանգության համաժողովում պատասխանելով «Եվրասիա խմբի» նախագահ եւ հիմնադիր Յան Բրեմերի հարցին։

Նրա դիտարկմանը, թե դեռ 2013 թվականին Հայաստանը հրաժարվել էր, մի կողմ էր գցել Եվրամիութայն հետ ասոցացման համաձայնագիրը եւ նոր գործընկերություն էր ստեղծել, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Գիտեք՝ շատ տարօրինակ է այդպիսի հարցադրումը, որովհետեւ մենք բազմիցս ասել ենք, որ մենք մշտապես բաց եւ անկեղծ ենք եղել մեր գործընկերների հետ` հատկապես ինտեգրացիոն գործընթացների հետ կապված հարցերում: Երբ մենք ԵՄ-ի հետ սկսեցինք մեր բանակցությունները` մեր ռուս գործընկերները, մեր դաշնակիցները դրա մասին տեղյակ էին, եւ մեր եվրոպացի գործընկերներն էին տեղյակ, որ մենք բանակցում ենք նաեւ Եվրասիական տնտեսական միությանը` այն ժամանակվա Մաքսային միությանն անդամակցելու համար: Մենք դա հնարավոր էինք տեսնում: Եվ երբ «եւ՛,եւ՛»-ի սկզբունքը փոխարինվեց «կամ՛, կա՛մ»-ի սկզբունքով, մենք չէինք կարող ստորագրել այդպիսի համաձայնագիր: Այսինքն՝ ոչ թե մենք հրաժարվել ենք ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, այլ Եվրամիությունը չի ցանկացել ստորագրել մեզ հետ համաձայնագիր»:

Սարգսյանը նշել է, թե Հայաստանը նույնիսկ առաջարկել է համաձայնագրի մի մասը՝ քաղաքական մասը, ստորագրել, եթե դա հնարավոր է։ «Բայց մեր եվրոպացի գործընկերներն ասել են՝ ոչ: Սակայն ընդամենը շաբաթներ հետո Ուկրաինայի հետ ստորագրվել է այնպիսի համաձանագիր, որ մենք էինք առաջարկել: Մենք շատ լավ հասկանում ենք Հայաստանի հնարավորությունները եւ Ուկրաինայի հնարավորությունները, Հայաստանի դերակատարությունը եւ Ուկրաինայի դերակատությունը, բայց, այնուհանդերձ, մեզ համար տարօրինակ էր: Այնպես որ` մենք չենք հրաժարվել այդպիսի համաձանագրի ստորագրելուց, եւ փառք Աստծո, որ դրանից ոչ այնքան շատ հետո Եվրամիությունը որոշում կայացրեց, եւ այդպիսի որոշումը հաստատվեց Ռիգայի գագաթնաժողովում. այդ որոշումն էր տարբերակված մոտեցումը: Եվ այդ տարբերակված մոտեցման ներքո մեզ հաջողվեց Եվրամիության հետ ստորագրել փաստաթուղթ: Ուզում եմ, որպեսզի այստեղ մեկ անգամ եւս ընդգծենք՝ մենք որեւէ մեկի հետ գաղտնի բանակցություններ չենք վարել, մենք որեւէ մեկի ճնշման տակ որոշում չենք կայացրել, եւ ինչպես ես ասացի` մեր պատմական փորձը ցույց է տալիս, որ հակամարտություններից փորձել ժամանակավոր օգուտներ քաղել` բերում է մեծ ողբերգությունների: Մենք այդպիսի ողբերգության միջով անցել ենք եւ չէինք ուզենա, որ այդ ողբերգությունները կրկնվեին»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ