News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի ավարտին այսօր Մյունխենում աշխատանքային նախաճաշ է ունեցել Բավարիայի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Էբերհարթ Զասսեի, «Մյունխեն» բանկի սեփականատեր եւ նախագահ Վիլֆրիդ Գերլինգի, «Սիմենս» ընկերության գործադիր տնօրեն Վիլիբալդ Մայքսների եւ «Զասսե» ընկերության համասեփականատեր Քրիստինա Զասսեի հետ: Հանդիպման մասնակիցները քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունների ներկայիս վիճակն ու զարգացման հնարավորությունները: 

Ընդգծելով, որ Գերմանիան Հայաստանի համար բարեկամ եւ կարեւոր գործընկեր է, նաեւ թիվ մեկ առեւտրային գործընկեր ԵՄ երկրների շարքում, Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է խոսել հայ-գերմանական շարունակաբար զարգացող միջպետական հարաբերությունների եւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին, ինչը, նրա համոզմամբ, հնարավորություն է տալիս ստեղծված նախադրյալները փոխակերպել տնտեսական համատեղ ծրագրերի ու հաջողության նոր պատմությունների: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում այսօր հաջողությամբ գործում են գերմանական կապիտալի մասնակցությամբ շուրջ ութ տասնյակ ձեռնարկություններ, որոնք գործունեություն են ծավալում տնտեսության տարբեր ոլորտներում` հանքաարդյունաբերություն, թեթեւ արդյունաբերություն, էլեկտրոնիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն եւ այլն, համոզվածություն հայտնելով, որ այդ ոլորտները ընդլայնելու դեռեւս զգալի ներուժ կա:

Նախագահը տպավորիչ է համարել Բավարիա երկրամասի տնտեսական հաջողությունները, որում մեծ դերակատարում ունի Բավարիայի առեւտրաարդյունաբերական պալատը եւ հույս հայտնել, որ կհաջողվի համատեղ զարգացնել տնտեսական հարաբերություններ Բավարիա երկրամասի հետ՝ հաշվի առնելով Հայաստանի ներդրումային եւ առեւտրային գրավչությունը` պայմանավորված նաեւ Հայաստանի բազմավեկտոր արտաքին տնտեսական քաղաքականության ընձեռած հնարավորություններով ու առավելություններով: 

Հանդիպմանը մասնակցող Բավարիայի երկրամասի առաջատար ընկերությունների ղեկավարները նշել են, որ Հայաստանի հետ տնտեսական համագործակցություն զարգացնելու մեծ հեռանկար են տեսնում եւ առաջիկայում նախատեսում են Բավարիայի առեւտրաարդյունաբերական պալատի պատվիրակության ճանաչողական այց Հայաստան` ուսումնասիրելու փոխշահավետ եւ համագործակցության համար հեռանկարային ոլորտները:

Տպել
Ամենաշատ