ԱՄՆ-ն քննարկում է մի շարք ռուսաստանցիների դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Այս մասին CBS News-ի հետ հարցազրույցում նշել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
«Մենք արդեն քայլեր ենք ձեռնարկել, որոնց շնորհիվ կանխել ենք Ռուսաստանի մի շարք ռազմական գործարքներ: Եվ քննարկում ենք անհատական ցուցակը հնարավոր պատժամիջոցներ սահմանելու համար»,- նշել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե ինչու մինչեւ հիմա կյանքի չեն կոչվում Կոնգրեսի հավանությունը ստացած սահմանափակող միջոցառումները:
Ավելի վաղ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի գրասենյակը 13 անհատի եւ 3 կազմակերպության ցուցակ էր հրապարակել, որոնց մեղադրում են 2016 թվականին ընտրական գործընթացին միջամտելու համար: Գլխավոր մեղադրանքները ներկայացված են ռուսաստանցի բիզնեսմեն Եվգենի Պրիգոժինի եւ Ինտերնետ հետազոտությունների գործակալության դեմ: