Բրազիլիայի Րիաշան դաս Նեւիս քաղաքի 37-ամյա բնակչուհի Ռոզանգելա Ալմեյդա դոս Սանտոսը ողջ-ողջ թաղվել է բժշկական սխալի պատճառով: Կինը 11 օր մնացել է գերեզմանում: Տեղացիները փորել են գերեզմանը «հանգուցյալի» աղաղակները լսելուց հետո, հաղորդում է «Վեստի»-ն՝ վկայակոչելով Metro-ն:
Ռոզանգելա դոս Սանտոսին հարազատները հիվանդանոց էին տեղափոխել հունվարի վերջին. կինը բողոքում էր սաստիկ գերհոգնածությունից: Մեկ շաբաթ անց բրազիլուհու մոտ սրտի հետ կապված խնդիրներ էին առաջացել, ինչից հետո նա վաղաժամ մահացել էր հանկարծակի շնչահեղձությունից, թերեւս այդպես էին եզրակացրել բժիշկները:
Կնոջը թաղել էին տեղի գերեզմանոցում: Մի քանի օր անց մոտակայքում գտնվող տների բնակիչները գետնի տակից հասնող բղավոցներ էին լսել: Ըստ ականատեսների՝ սկզբում նրանք չէին հավատացել իրենց ականջներին, սակայն բղավոցը չէր դադարել:
Ի վերջո, քաղաքի բնակիչները որոշել էին փորել գերեզմանը: Դագաղի կափարիչի ներսի հատվածում քերծվածքներ էին հայտնաբերվել, իսկ հանգուցյալի ձեռքերի վրա սպիներ եւ կապտուկներ կային: Ցավոք, կնոջը չէր հաջողվել ողջ մնալ: Մահացածի հարազատները կարծում են, որ նրան սխալմամբ են թաղել: Ողբերգության հանգամանքները քննում է ոստիկանությունը: