News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ավտոմեքենան թույլ չեն տալիս կանգնեցնել քաղաքապետարանի ավտոկայանատեղիում: Այսօր՝ փետրվարի 19-ին, «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ փետրվարի 14-ին Երեւանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո իրենց արգելում են մեքենան կայանատեղիում կանգնեցնել:

«Քաղաքապետարանի ավտոկայանատեղիում իրենց մեքենաները կայանում են պատահական մարդիկ, չես հասկանում, թե ինչու են մուտք գործել այստեղ: Այն մեքենան, որը տրամադրվել է մեր խմբակցությանը, թույլ չեն տալիս կայանել այստեղ: Իրավունք ունենք ասելու, որ խուլիգաններն իրավունք ունեն մուտք գործել քաղաքապետարանի տարածք առանց որեւիցե արգելքի, նաեւ պետք եղած դեպքում էլ ավագանու անդամների նկատմամբ բռնություն գործադրել»,-նշել է նա:

Այնուհետեւ Զարուհի Փոստանջյանը լրագրողներին հրավիրել է քաղաքապետարանում աշխատող վարորդներին հատկացված սենյակ, որտեղ ցույց է տվել, թե ինչով են նրանք զբաղված ամբողջ օրը. «Ահա տեսնում եք թղթախաղեր են, նարդի: Չես հասկանում՝ ինչ կարգավիճակում են, թղթախաղ են խաղում, ինչ են անում, կամ  թմրամիջոց, ալկոհոլ օգտագործած են, թե ոչ: Ոստիկանությունը փոխանակ զբաղվի իրենցով, այլ խոչընդոտում են մեր, ձեր աշխատանքը»:

Այս ամենին միջամտել է  Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը՝ նշելով, որ քաղաքապետարանի շենքում առանց թույլտվության նկարահանումներ իրականացնելն արգելվում է. «Վարչական շենքում կան գործող ներքին կանոնակարգեր, ով չի ենթարկվում, օրենքով սահմանված կարգով լիազորությունները կասեցվում են: Խնդրում եմ դադարեցնել նկարահանումները եւ դուրս գալ քաղաքապետարանի շենքից»:

Տպել
Ամենաշատ