News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հերթական ավազակային հարձակումը Երեւանում: Այսօր հարձակվել են «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի Բաղրամյան 56 հասցեում գտնվող մասնաճյուղի վրա: Նախնական տեղեկություններով՝ հարձակվողները երկուսն են եղել: Իրավապահների տեղեկացմամբ՝ նրանք եղել են դիմակավորված եւ ատրճանակով զինված: Դեռեւս չճշտված տվյալներով՝ բանկի մասնաճյուղից շուրջ 8.5 մլն դրամի տարբեր արժույթների գումար են հափշտակել: Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել: Նշենք, որ ահազանգը ոստիկանությունում ստացվել է ժամը 16:00-ին:

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Սերժ Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին: Իր ելույթում Հայաստանի նախագահն անդրադարձել է, մասնավորապես, Արցախի հիմնախնդրին ու ադրբեջանական հերթական նկրտումների մասին: Իլհամ Ալիեւը, հիշեցնենք, հիմա էլ Երեւանն է «ադրբեջանական պատմական տարածք» կոչում եւ խոսում այն վերադարձնելու մասին: Սերժ Սարգսյանն այս հայտարարությունը զառանցանք է կոչել: Համաժողովին մասնակցող ադրբեջանցի պատվիրակին էլ Սերժ Սարգսյանը հիշեցրել է, թե որքան կարճ է իր երկրի պատմությունը, եւ որքան երկար՝ Երեւանինը. հոկտեմբերին տոնում ենք Երեւանի հիմնադրման 2800-ամյակը: Ադրբեջանցին հայտարարել է նաեւ, թե արմատներով Ղարաբաղից է եւ հարցրել, թե ե՞րբ կարող է «տուն վերադառնալ»: Սերժ Սարգսյանը պատասխանել է. երբ ձեր ղեկավարությունը հրաժարվի անիրատեսական ակնկալիքներից:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին. Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ դրանք թղթի վրա մնացին Թուրքիայի առաջնորդների քաղաքական կամքի բացակայության պատճառով: Սա Հայաստանի նախագահը երկու երկրների հարաբերությունները կարգավորելու պատմական հնարավորության տապալում է անվանել:

Իրանում օդանավ է կործանվել: Թեհրան-Յասուջ չվերթն իրականացնող ուղեւորատար օդանավն աղետի է ենթարկվել Սպահան նահանգի Սեմիրոմ քաղաքի մերձակայքում: Օդանավում 60 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ է եղել: Բոլորը զոհվել են: Իրանում Հայաստանի դեսպանության տեղեկացմամբ՝ կործանված օդանավում հայեր կամ Հայաստանի քաղաքացիներ չեն եղել: Օդանավի բեկորների մի մասն արդեն հայտնաբերել են: Աղետի վայրում լեռնագնացների խումբ է աշխատում, ինքնաթիռի բեկորների եւ զոհվածների որոնումներին մասնակցում է նաեւ բանակը՝ ռազմական ուղղաթիռներով:

Աղետի պատճառը դեռեւս պարզ չէ, սակայն որպես հիմնական վարկած դիտարկվում է անբարենպաստ եղանակը: Ըստ տեղեկությունների՝ օդանավը ռադարներից անհետացել է թռիչքից 50 րոպե անց: Տեղական մամուլը գրում է, որ Aseman Airlines ավիաընկերության կործանված օդանավը 20 տարի առաջ էր արտադրվել, նախկինում տեխնիկական խնդիրների է բախվել. շուրջ մեկ ամիս առաջ այն տեխնիկական անսարքության պատճառով վթարային վայրէջք էր կատարել: Ավիաընկերությունը, սակայն, հերքել է օդանավի տեխնիկական անսարքության մասին տեղեկությունները:

Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի փաստով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել: Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ գործը հարուցվել է ծեծի եւ խուլիգանության հատկանիշներով: Առաջինի դեպքում նախատեսվում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով տուգանք կամ առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանք, իսկ խուլիգանության հոդվածով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով տուգանք կամ առավելագույնը մեկ ամիս ժամկետով կալանք: Հիշեցնենք, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն ավագանու նիստին Նուբարաշենից կոյուղաջրով լի տարա էին տարել: Մարինա Խաչատրյանն այն քաղաքապետին է մոտեցնել, ավագանու հանրապետական անդամները փորձել են արգելել, քաշքշուկ է սկսվել: Ավելի ուշ Մարինա Խաչատրյանը հայտարարել է, թե իր նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարվել, ինչի համար ինքն ապտակել է հանրապետական Էդմոնդ Կիրակոսյանին ու պատասխան ապտակ ստացել:

Մինչ այդ, Տարոն Մարգարյանը որոշել է կանոնակարգել քաղաքապետարանում լրագրողների աշխատանքը: Ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպից հետո արդեն լուրեր էին շրջանառվում, որ մտադիր են սահմանափակել լրագրողների աշխատանքը՝ քաղաքապետարանում կատարվող աղմկոտ իրադարձությունները հնարավորինս քիչ հանրայնացնելու համար:

Քաջարանում մահացու ծեծի են ենթարկել 53-ամյա տղամարդու: Զոհը Քաջարանի բնակիչ Վալերիկ Մանուչարյանն է, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատում էր որպես մոդելագործ: Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողներն ազգականներ են՝ Կապանի բնակիչներ 23-ամյա Մհեր Մանուչարյանը, 44-ամյա Սասուն Կարապետյանն ու 34-ամյա Արտաշես Հակոբյանը: Նրանք փորձել են հեռանալ Հայաստանից, սակայն Բագրատաշենի մաքսակետից բերման են ենթարկվել եւ ձերբակալվել: Ի դեպ՝ կասկածյալներից մեկը մահացածի եղբորորդին է: Իրավապահների տեղեկություններով՝ տղամարդիկ անձնական հարցերի շուրջ վիճաբանել են, որի ժամանակ էլ ծեծկռտուք է սկսվել, եւ 53-ամյա Մանուչարյանը ստացված մարմնական վնասվածքներից մահացել է:

Կիեւում հայ գործարարի են առեւանգել: Սուրեն Մամյանին շղթայակապ պահել են, իսկ հարազատներից 500 հազար դոլար փրկագին են պահանջել: Գործարարին առեւանգել են փետրվարի 6-ին, իսկ փետրվարի 17-ին արդեն ուկրաինացի իրավապահները պարզել են տուժողի գտնվելու վայրն ու ազատել նրան: Գործարարի խոսքով՝ կասկածյալները, հավանաբար, տեղյակ էին, որ իր որդին ու ազգականներն ամեն ինչ կանեն՝ իրենց պահանջած գումարը հավաքելու եւ վճարելու մասին: Մի քանի անձ կալանավորվել է, իրավապահները փորձում են պարզել հանցագործության մյուս դերակատարներին:

Ահաբեկչություն Դաղստանում. Կիզլյար քաղաքում տղամարդն ուղղափառ եկեղեցում կրակ է բացել Բարեկենդանը տոնող մարդկանց ուղղությամբ: Հարձակման հետեւանքով 5 կին է զոհվել, եւս 5-ը, այդ թվում՝ երկու իրավապահներ, վիրավորվել են: Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ հանցագործը Կիդերո գյուղի 22-ամյա բնակիչ Հալիլ Հալիլովն է: Ռոսգվարդիայի աշխատակիցները գնդակահարել են Հալիլովին: Երիտասարդն անցյալ տարի միացել էր Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, սակայն հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում մինչեւ հիմա չի հայտնվել: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը:

Փետրվարի 19-ին դոլարի արժեզրկմանը միացել է նաեւ եվրոն: Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 596, ռուբլունը՝ 8 դրամ 52 լումա, ֆունտինը՝ 673 դրամ:

Փետրվարի 20-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը 4-5 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -3-5, ցերեկը՝ +5+7 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ