News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Տարոն Մարգարյանի հանձնարարականի նպատակը լրագրողների գործունեությունը սահմանափակելն է: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Փետրվարի 19-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշակել Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություններ: Ակնհայտ է, որ այս հանձնարարականը վերջին օրերին քաղաքապետարանի շուրջ զարգացող իրադարձությունների հետեւանք է, որը հետապնդում է լրագրողների օրինական գործունեությունը սահմանափակելու նպատակ:

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը հայտարարում է, որ գործող կանոնակարգումները  անհամաչափորեն սահմանափակում են ավագանու անդամների աշխատանքը ԶԼՄ-ների հետ, ուստի նոր՝ էլ ավելի սահմանափակող կարգավորումները մերժելի են խմբակցության կողմից:

Միաժամանակ, նշենք, որ այս համատեքստում  Երեւանի համայնքի վարչական շենքերում եւ ենթակայության տակ գործող կազմակերպություններում ԶԼՄ-երի աշխատանքի ցանկացած կարգավորում պետք է բխի ՀՀ Սահմանադրությունից, «Տեղեկատվության ազատության մասին»   եւ «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթներից։

Սույնով կոչ ենք անում Տարոն Մարգարյանին ձեռնպահ մնալ Երեւանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը վնասող կանոնակարգումներից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ