News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված Երևանի քաղաքապետարանում լրագրողների գործունեությունը խոչնդոտելու հետ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է,

«Երեկ՝ փետրվարի 19-ին, Երեւանի քաղաքապետարանում խոչընդոտվել է «Ազատություն» ռադիոկայանի եւ «Ա1+» հեռուստաընկերության թղթակիցներ Ռուզաննա Ստեփանյանի եւ Սուսաննա Պողոսյանի մասնագիտական գործունեությունը։ Լրագրողները այնտեղ էին ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հրավերով, ով մտադրվել էր նրանց ներկայացնել մի շարք խնդիրներ։

Մասնավորապես այն, որ ավագանու փետրվարի 13-ի նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո արգելվել է խմբակցության ծառայողական մեքենայի մուտքը քաղաքապետարանի ավտոկայանատեղի։ Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է նաեւ քաղաքապետարանի ծառայողական սենյակներում աշխատանքային ժամին որոշ  անձանց թղթախաղով զբաղվելու փաստը։

Լրագրողների գործունեությանը միջամտել է տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը։ Նախ՝ նա թույլ չի տվել Զարուհի Փոստանջյանին քաղաքապետարանի շենքում շարունակել շփվել թղթակիցների հետ, ապա ոստիկանների միջոցով արգելել է լրագրողներին անցնել ավագանու անդամի աշխատասենյակ եւ ստիպել է նրանց լքել շենքը` հղում կատարելով ինչ-որ ներքին կանոնակարգի, որի մասին տեղյակ չեն ոչ ավագանու անդամները, ոչ ԶԼՄ-ների ներկայացուցիչները։

Նույն օրը կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ներկայացնել քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություն: Սակայն մի շարք հարցեր մնում են առկախ. այդ օրն իրենց գործունեությամբ ի՞նչ կարգ են խախտել «Ազատության» եւ «Ա1+»-ի նկարահանող խմբերը, մինչեւ հիմա ի՞նչ առումով կանոնակարգված չէր ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը, եւ ի՞նչ կարելի է հիմա ակնկալել բացի անհիմն սահմանափակումներից։

Մենք՝ ներքոստորագրյալներս, հաշվի առնելով վերոգրյալը, պահանջում ենք.

քաղաքապետ Տարոն Մարգարյանից՝ խիստ պատասխանատվության ենթարկել քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանին՝  կամայականություն ցուցաբերելու եւ, իր լիազորությունները չարաշահելով, լրատվամիջոցների ներկայացուցիչների գործունեությունը խոչընդոտելու համար, 

Երեւանի ավագանուց՝ թույլ չտալ այնպիսի կանոնակարգերի ընդունում, որոնք  քաղաքապետարանում լրագրողների եւ լրատվամիջոցների աշխատանքի անհիմն սահմանափակումներ կնախատեսեն,

իրավապահ մարմիններից՝ վերոհիշյալ միջադեպի առնչությամբ  քրեական գործ հարուցել ՀՀ քր. օրենսգրքի 164-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Տպել
Ամենաշատ