News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մինչ օրս ազատագրված մեր Հայրենիքի մի մասը՝ ներկայիս Արցախի Հանրապետությունը, շարունակում է մնալ մեր կողմից չճանաչված՝ որպես մեր միասնական պետականության մաս: Այս մասին նշված է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի ուղերձում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Արցախյան շարժումը ժամանակակից հայ ազգի եւ հայոց պետականության համար դարձավ բեկումնային: Արցախյան շարժման հիմնական եւ գլխավոր կարգախոսը` ՄԻԱՑՈՒՄԸ, ունեցավ ազգային գաղափարախոսության հզոր ազդեցություն եւ ազգային քաղաքական ծրագրի իրականացման կարեւոր  նշանակություն:

Մինչեւ 1988-ը, հատկապես՝ վերջին 100-ամյակում, հայ ազգն անընդհատ կրելով պարտություն, երբեմնի քաղաքական ազգ լինելու իր առաքելության վերականգնման եւ աշխարհում իր արժանի տեղը զբաղեցնելու հարցում ամրագրեց համաշխարհային քաղաքական կարգավիճակ:

1988-ը հայ ազգի արցախյան հատվածը ներկայացրեց Հայկական պետականության բաժան-բաժան արած քաղաքական քարտեզի եւ հայ ազգի մասնատված մասի լրջագույն քաղաքական հայտը, որը համախմբեց աշխարհի բոլոր հայերին ազգային քաղաքական հայտի շուրջ եւ հիմք հանդիսացավ  ներկայիս Հայկական պետականության քաղաքական քարտեզի համար: 

Արցախյան շարժման առաջնորդներից ամենաառաջադեմները տեսնում էին հայոց պետականության եւ նրա տարածքային ամբողջականության վերականգնումը եւ հայ ազգի մասնատված հատվածների միացումը մեկ ազգային պետականության ներքո, եւ որպես Մեծ Միացման սկիզբ, ընդունում էին ոչ միայն Արցախի ԼՂԻՄ հատվածի, այլ նաեւ ամբողջ Արցախի, Ուտիքի, Գանձակի ու Նախիջեւանի միացման եւ հայ ազգի բոլոր հատվածների քաղաքական իրավունքների վերականգնման հեռատես հնարավորությունը: 

Ցավոք, այս քաղաքական հայտն անմիջապես սկսվեց հետապնդվել, եւ Արցախյան շարժման բեկումնային ընթացքը կասեցվեց:

Մինչ օրս ազատագրված մեր Հայրենիքի մի մասը՝ ներկայիս Արցախի Հանրապետությունը, շարունակում է մնալ մեր կողմից չճանաչված՝ որպես մեր միասնական պետականության մաս, եւ մեր հայ ազգի արցախյան հատվածն ու համասփյուռ հայությունը շարունակում են զրկված լինել հայոց պետականությունում քաղաքական իրավունքներից:

Արցախյան շարժման 30-ամյա հրաշալի բեկումը կարիք ունի կասեցումից դուրս բերելու եւ նորովի շարժման մեջ դնելու:

Արդի աշխարհում մեր ազգի եւ մեր պետականության լուրջ ու ծանրակշիռ կարգավիճակն ամրագրելու համար մեզ կրկին անհրաժեշտ է բեկումնային շարժում՝ ՄԻԱՑՈՒՄ կարգախոսի ներքո, եւ քաղաքական առաջնորդություն՝ Արցախյան շարժման բեկումնային հերոսներ Արթուր Մկրտչյանի, Լեոնիդ Ազգալդյանի եւ Մոնթե Մելքոնյանի կերպարներով:

ՄԻԱՑՈՒՄ՝ Հայկական երկու պետությունների:

ՄԻԱՑՈՒՄ՝ Հայաստան-Սփյուռք մեկ քաղաքական մարմնում:

ՄԻԱՑՈՒՄ՝ արդի Հայկական պետականության՝ առայժմ դեռ 42 հազար քառակուսի կիլոմետր քաղաքական քարտեզի ներքո, 10 միլիոնը գերազանցող քաղաքական իրավունքներով հայությամբ:

Տպել
Ամենաշատ