News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր՝ փետրվարի 20-ին մեկնարկեց Համայնքների դիմակայունության ֆորումը: Այն նախաձեռնել էր «ՕքսԵՋեն» հիմնադրամը եւ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունների, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Հայկական Կարմիր խաչի ընկերության եւ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ սերտ համագործակցությամբ:

«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության մամուլի ծառայությունից հայտնում են թե ֆորումի նպատակն է խթանել աղետների ռիսկի կառավարման գործընթացը համայնքային մակարդակում՝ դրանով իսկ նպաստելով համայնքների դիմակայունության բարձրացմանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ արդեն իսկ հաստատվել է «Աղետների ռիսկի կառավարումը տեղական մակարդակում» կիրառական ուղեցույցը, որով համայնքներում սեփական ուժերով պետք է իրականացվեն վտանգների, խոցելիության եւ կարողությունների բացահայտման գործընթացները:  «Դրանց արդյունքում մշակված ԱՌՆ միջոցառումների ներառումը համայնքների զարգացման ծրագրերում խիստ անհրաժեշտ է՝ համայնքներում կայուն զարգացման եւ դիմակայունության բարձրացման նկատառումներից ելնելով», - ընդգծեց նախարարը:

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան  Պյոտր Սվիտալսկին, կարեւորելով ֆորումը, նշեց, որ այս տարի մենք նշում ենք աղետալի երկրաշարժի 30-ամյա տարելիցը եւ այդ ժամանակից ի վեր ռիսկերը տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում միայն աճել են:

«Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Աստղիկ Մովսիսյան կարեւորեց երեխաների մասնակցությունը տեղական մակարդակում աղետների ռիսկերի կառավարման փաստաթղթերի ձեւավորման գործընթացում. «Մեր բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխաները ցանկանում են եւ կարող են մասնակից դառնալ հասարակության զարգացման տարբեր գործընթացներին»։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Արա Ասլանյանը ներկայացրեց մարզային մակարդակում ռիսկերի գնահատման արդյունքները եւ ցույց տվեց, որ մինչեւ օրս շատ քիչ քայլեր են ձեռնարկվել ի հայտ եկած խնդիրները լուծելու եւ համայնքների դիմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ:

Միջոցառման մասնակիցները համաձայնեցին, որ բարձրաձայնված խնդիրները եւ մտահոգություններն սպառնալիք են ներկայացնում ՀՀ ազգային անվտանգության եւ բնակչության ապահովության համար եւ պետք է համարժեք լուծումներ ստան։

Տպել
Ամենաշատ