News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին  մտահոգում է «Բարձրագույն կրթության մասին» նոր օրինագծում տեղ գտած խտրականության դեպքերը:

Նրա խոսքով, օրինագծում նշվում է, որ կենսաթոշակային տարիքի գիտնականն այլեւս չի կարող մասնակցել այն մրցույթներին, որ թափուր է բուհում, բայց նշվում է, որ դա թողնված է ռեկտորի հայեցողությանը, որը կարող է մեկ տարի ժամկետով պայմանագիր կնքել գիտնականի հետ:

«Սա ի՞նչ նվաստացուցիչ վերաբերմունք է գիտնականի նկատմամբ: Ակնհայտ է, որ այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան, սուբյեկտիվիզմ կա: Մի կետով ստեղծում ենք խորհուրդներ, որոնք պետք է հակակշռեն ռեկտորի ազդեցությանը, մյուս կետով ասում եք, որ ռեկտորը պետք է որոշի՝ կենսաթոշակային տարիքի գիտնականն աշխատի, թե ոչ: Պատկերացնո՞ւմ եք՝ 5 տարի շարունակ այս նվաստացուցիչ արարողությունը: Գիտնականը դիմում է, ռեկտորը մտածում է՝ թույլ տալ, թե չէ։ Այսինքն՝ եթե լսել է իրեն, իր հորդորները կատարել է, թույլ կտա, եթե չէ, այլեւս թույլ չի տա», - ասաց Բագրատյանը։

Նրա խոսքով, մեկ այլ հոդվածով բուհերում վարչական աշխատանքում 70 տարեկանը լրացած անձանց համար աշխատելու արգելք է սահմանվում: «Այս դրույթները ոչ միայն անհարգալից վերաբերմունք են գիտնականի նկատմամբ, այլեւ՝ մարդու իրավունքների խախտում»: Բագրատյանը հիշեցրեց, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու փաստի ուժով աշխատանքային պայմանագիրը միակողմանի լուծելու հայեցողական իրավունքը:

Ի պատասխան, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ասաց. «Ես դասավանդում եմ համալսարանում 1989 թվականից: Ես ամեն տարի պայմանագիր եմ ստորագրում, չեմ համարել, որ դա նվաստացուցիչ է: Ոչ ոք չի արգելում դասախոսին, կարող է մնալ ամբիոնի պրոֆեսոր, ղեկավարել այն, բայց երիտասարդ սերնդի խնդիր է, ոչ թե ավագի: Մեր ամբիոնները, Աստված երկար կյանք տա, բայց 5-7 տարի հետո գիտնական չունենք, որ շարունակի: Ամբիոնի վարիչի մասին չենք խոսում», - պատասխանեց նախարարը՝ նշելով, որ այսօր ամբիոններում երիտասարդ կադրերի խնդիր ունեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ