News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մեզ ոգեւորեց այն գաղափարը, որ ստեղծվելու է ռեկտորներին հակակշիռ գիտական խորհուրդը, որը ունենալու է ինքնավարություն, լինելու է իրական հակակշիռ, բայց, չգիտես ինչու, դա չեղավ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները»  թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա խոստովանեց, որ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի ավելի ամբիցիոզ նախագիծ էր ակնկալում. «Նախնական քննարկումները, որոնք ձեզ հետ ունեցանք, ենթադրում էին այլ օրենք, քան այն, ինչ քննարկում ենք այստեղ: Մեզ ոգեւորեց այն գաղափարը, որ ստեղծվելու է ռեկտորներին հակակշիռ գիտական խորհուրդը, որը ունենալու է ինքնավարություն, լինելու է իրական հակակշիռ, բայց, չգիտես ինչու, դա չեղավ: Գուցե այն պատճառով, որ ռեկտորները հավաքվեցին, գնացին մի շատ ավելի բարձր տեղ ու խնդիրները կարգավորեցին: Հարցը ջրվեց, գնաց, օրակարգից դուրս եկավ: Հիմա գոնե գիտխորհրդի նախագահ ռեկտորը չպետք է լինի»:

Նա անդրադարձավ դրույթին, որ բուհի կառավարման խորհրդում 30 տոկոսը պետք է լինեն գորրծատուները. «Հասկանալի է, որ գործատուները պետք է լինեն, որովհետեւ իրենք են որոշում աշխատաշուկան, այս կամ այն մասնագիտության պահանջարկվածության աստիճանը: Բայց ո՞վ է որոշելու այդ 30 տոկոսը, ռեկտո՞րը: Միգուցե ռեկտորը որոշում է, որ իրենց հարեւան ալրաղաց աշխատացնող Վալոդը պետք է լինի գիտխորհրդում: Հիմա ոնց կարգավորենք այս հարցը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ մտավախություն հայտնելով, որ ապագայում կարող է ունենանք ավելի տխուր պատկեր, քան ունենք այսօր:

Ինչ վերաբերում է 70-անց գիտնարակնների աշխատելու արգելքին, նա ասաց. «Ես կողմ եմ սերնդափոխությանը, բայց դեմ եմ դիսկրիմինացիային: Ես դեմ եմ, որ ռեկտորը որոշի, թե ում է թույլ տալիս շարունակել դասավանդել, ում՝ ոչ: Այստեղ կարող է կոռուպցիայի հոտ գալ, կարող է լինել սուբյեկտիվ որոշում: Եթե մի բան գրում եք, տեղ մի թողեք այլեւայլ մեկնաբանությունների, սողանցքների համար: Կարող է լինել 30 տարեկան պրոֆեսիոնալ, որի կարիքը բուհն ունի, կարող է լինել 80 տարեկան պրոֆեսիոնալ, որի կարիքը բուհն ունի»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորն անդրադարձավ նաեւ իօրենքի նախագծի անցումային դրույթներին՝ նշելով, որ այնտեղ նշվում է, որ օրենքի դրույթներից մի քանիսն այսօր են մտնում ուժի մեջ, մյուսները 3 տարի անց, մի մասն էլ՝ 2025  թվականին. «Այս ի՞նչ «աջաբսանդալ» եք սարքել: Ես համաձայն եմ, որ այս նախագծի շուրջ լինի քաղաքական ու հանրային կոնսենսուս, եթե չեղավ, ուրեմն այս նախագիծը չպետք է թույլ տալ, որ քննարկվի ու ընդունվի»:

Տպել
Ամենաշատ