News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր զեկուցել է նախորդ հանդիպման ժամանակ Նախագահից ստացած հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները, դրանց արդյունքները եւ նախարարության գերակա խնդիրներն ու 2018թ. ծրագրերը:

Նախարար Կարայանը զեկուցել է, որ 2017 թվականին ապրանքների արտահանման գծով արձանագրվել է 25.2 տոկոս աճ: Արտաքին շուկաներ մուտքը հայրենական արտադրողների եւ գործարարների համար դյուրացնելու նպատակով, Հանրապետության Նախագահի հանձնարարականի համաձայն, աշխատանքներ են իրականացվել թիրախային շուկաների վերաբերյալ տեղեկատվական հասանելիության ապահովման, ինչպես նաեւ վաճառքի առցանց համակարգերի գործարկման միջոցով:

Սուրեն Կարայանը նշել է, որ ավարտվել են Իրանի եւ Չինաստանի միջեւ համաձայնագրերի շուրջ բանակցային փուլերը: Սերբիայի, Իսրայելի, Հնդկաստանի, Եգիպտոսի եւ Սինգապուրի հետ համաձայնագրերը բանակցային տարբեր փուլերում են: Կարեւորվել է նաեւ Եվրոպական միության «GSP+» արտոնյալ առեւտրային ռեժիմի ներքո «Գրանցված արտահանողների համակարգ» (REX) ինքնահավաստագրման էլեկտրոնային համակարգի ներդրումը: Նախարարի հավաստմամբ՝ այս տարվա հունվարին արդեն սկսվել է արտահանողների գրանցումը:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի խոսքով՝ 2017 թվականի զբոսաշրջության բնագավառում արձանագրված խոստումնալից միտումները, մասնավորապես, 2017 թվականին արձանագրված 18.7% աճը, թույլ են տալիս մեծ հավակնություններ ձեւավորել առաջիկայի համար։ Սուրեն Կարայանը նշել է, որ ոլորտի արդյունքներին էապես նպաստել են իրականացված մարքեթինգային միջոցառումները: Այդ նպատակով, դյուրացվել է սահմանային անցման գործընթացը Չինաստանի, ԱՄԷ, Քաթարի, Ճապոնիայի, Հնդկաստանի եւ ՌԴ քաղաքացիների համար:

Նախարար Կարայանը, անդրադառնալով երկրի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումներին, նշել է, որ 2017 թվականին այդ նպատակով իրականացվել է 47 միջոցառում, իսկ 2018 թվականի համար նախատեսված ծրագիրը ներառում է թվով 43 միջոցառում: Նախարարն ընդգծել է, որ առաջիկա տարվա գործողությունների շարքում առանձնակի կարեւորվում են շինարարական թույլտվությունների ընթացակարգերի, փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության մեխանիզմների, հարկային եւ մաքսային վարչարարության կատարելագործման եւ սնանկության ու պայմանագրերի կիրարկման ոլորտներում զգալի բարելավման աշխատանքները:

Օտարերկրյա ներդրողների պաշտպանվածության բարձրացման համար անհրաժեշտ իրավական ակտերի ուսումնասիրություն իրականացնելու եւ համապատասխան նախագիծ մշակելու վերաբերյալ Նախագահի մեկ այլ հանձնարարականի կապակցությամբ նախարար Կարայանը զեկուցել է, որ նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագիծը, որն արժանացել է կառավարության հավանությանը եւ ուղարկվել Ազգային ժողով։

Ի կատարումն Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներին նախարարության կողմից շարունակական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հանձնարարականի, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը Նախագահ Սարգսյանին ներկայացրել է, որ անցյալ տարեվերջին՝ 2017 թվականի դեկտեմբերի 15-ին, ստեղծված Մեղրիի ազատ տնտեսական գոտու առաջին փուլի մեկնարկից հետո աշխատանքներ են տարվում երկրորդ՝ ընդլայնման փուլի իրականացման ուղղությամբ, որոնք ավարտին կհասցվեն ընթացիկ տարում: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կողմից իրականացվում են աջակցության ամենօրյա աշխատանքներ:

Պետական-մասնավոր համագործակցության մասին օրենքի նախագծի մշակման ժամանակ արդեն առկա համագործակցության հաջողված օրինակները հաշվի առնելու վերաբերյալ Հանրապետության Նախագահի հանձնարարականի կապակցությամբ նախարարը զեկուցել է, որ հիշյալ օրենքի նախագիծը մշակվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի փորձագիտական աջակցությամբ, եւ մարտ ամսին օրինագիծն արդեն ամբողջությամբ պատրաստ կլինի քննարկման ներկայացնելու։ Սուրեն Կարայանի հավաստմամբ, փաստաթուղթը ներառում է ինչպես համաշխարհային լավագույն փորձը, այնպես էլ Հայաստանում պետական-մասնավոր համագործակցության ձեւաչափով մինչեւ այժմ իրականացված ծրագրերում եղած արդյունավետ կարգավորումների փորձը:

Ներկայացնելով արդյունաբերության ոլորտում 2017 թվականին իրականացված եւ ընթացիկ տարում շարունակվող աշխատանքները՝ նախարար Կարայանը նշել է, որ շարունակվել են իրագործվել տնտեսության թիրախային ոլորտների խրախուսմանն ուղղված միջոցառումներ` աջակցության գործիքակազմի կիրառմամբ: Նախարարի զեկուցմամբ, ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետների հետաձգման գործիքի ներքո, մասնավորապես, հավանության են արժանացել 27 ներդրումային ծրագրեր 220 մլրդ ՀՀ դրամ ներդրումներով։ Ապահովվել է հայկական 93 արդյունաբերական ընկերության մասնակցություն արտերկրում կայացած 10 միջազգային ցուցահանդեսի։

Նախարարն ընդգծել է, որ նախորդ տարվա արդյունքներով արդյունաբերությունն արձանագրել է 12.6 % աճ, որին առավելապես նպաստել է մշակող արդյունաբերության 15.7% աճը: Վերջինիս տեմպը կրկնակի արագ է նախորդ` 2016 թվականի արդյունքից: Ընդ որում, 2017 թվականին ավելացել է նաեւ արդյունաբերական արտադրանքի արտահանումն իրացման նկատմամբ:

Ըստ նախարար Կարայանի` ընթացիկ տարում հիմնական նպատակադրումը ձեռք բերված արդյունքների ամրապնդումն է եւ առանձին ոլորտներում վեր հանված խնդիրների հասցեական լուծումը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրացնել առկա ներուժը: Այս ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շարքում առանձնացվել են պղնձաձուլարանի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներին մասնակցությունը, տեքստիլ արտադրանքի արտահանման շուկաներ մուտքի ապահովման նպատակով ՄԱԱԶԿ-ի հետ ուսուցման եւ ծառայությունների կենտրոնի ստեղծումը, դեղագործական ոլորտում պատշաճ արտադրական գործունեության (GMP) չափանիշների ներդրմանն աջակցությունը եւ մի շարք այլ աշխատանքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ