Ղարաբաղյան շարժումը հայերի կյանքն արմատապես փոխել է ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում: Փետրվարի 22-ին՝ «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ հանրապետական խոսնակ Արա Բաբլոյանը:
Նրա խոսքով՝ ղարաբաղյան շարժման նկատմամբ Ադրբեջանի արձագանքը ոչ մեկի զարմանքը չհարուցեց՝ հաշվի առնելով այն բացասական վերաբերմունքը, որն այդ երկրում ոմանք ունեին հայերի նկատմամբ: «Եվ այդ ամենը 30 տարի առաջ դուրս հորդեց Սումգայիթում: Այս հանցագործության արդյունքում զոհվեցին կամ տուժեցին հայ բնակչության հարյուրավոր ներկայացուցիչներ»,- ընդգծեց Բաբլոյանը: Ըստ որում՝ ԱԺ խոսնակը հիշեցրեց, որ սպանությունները եւ բռնությունները հետագայում շարունակվել են Բաքվում, Կիրովաբադում եւ Ադրբեջանի ԽՍՀ բոլոր բնակավայրերում, որտեղ հայեր են բնակվել: Արա Բաբլոյանի խոսքով՝ Սումգայիթում եւ Բաքվում հայկական ջարդերը պատշաճ քաղաքական գնահատական չեն ստացել ո՛չ Ադրբեջանի գործող իշխանությունների կողմից, ո՛չ միջազգային հանրության, սակայն հայ ժողովուրդը այս ամենին միանշանակ իր գնահատականը տվել է Լոռնային Ղարաբաղի ազատագրմամբ եւ նոր հայկական պետության ստեղծմամբ:
Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 27-29-ին՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ-ին փոխանցելու միջնորդության որոշումից ընդամենը մի քանի օր անց, Բաքվից 25 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայ բնակչության զանգվածային ջարդերը: Տեղական իշխանությունների եւ ոստիկանության անգործության պայմաններում ազգային պատկանելիության պատճառով զանգվածային սպանությունները, բռնաբարություններն ու ծաղրանքները դադարեցնել հաջողվել է միայն ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումների՝ քաղաք մուտք գործելուց հետո: Բազմաթիվ փորձագետների կարծիքով՝ կոտորածները հրահրվել էին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի եւ իր գլխավորած Նախիջեւանի կլանի կողմից, որոնց նպատակն էր վարկաբեկել հանրապետության ղեկավարությանը եւ նորից գլխավորել հանրապետությունը: Նմանատիպ իրավիճակ էր տիրում նաեւ 1990 թվականի հունվարի 13-ից 19-ը Բաքվում տեղի ունեցած հայերի էլ ավելի զանգվածային ջարդերի ժամանակ: