News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 13
Տեսնել լրահոսը

Կոռուպցիայի դեմ պայքարի համար առաջին հերթին քաղաքական կամք է անհրաժեշտ, ապա նոր համապատասխան մարմիններ։ Այս մասին փոտրվարի 22-ին՝ «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ հավելելով, ոչ եթե երկրում որոշում կայացնողը օլիգարխներն են, նման մարմինները ոչ մի պարագայում օգուտ չեն տա։

Ներկայացնելով համաթիվը՝ նա պարզաբանեց, որ կոռուպցիայի ընկալման համաթիվը ներդրողների, պետությունների կողմից կարեւորվում է որպես «առավել ադեկվատ» գնահատական, քանի որայն ոչ թե շարքային քաղաքացիների գնահատական է, այլ փորձագետների, գործարարների ընկալման, այդ թվում՝ արտասահմանցի փորձագետների գնահատական է։

Փորձագետը նկատեց, որ աշխարհում շատ կոռումպացված են համարում այն երկրները, որտեղ կոռուպցիան համակարգային է, խանգարում է տնտեսության զարգացմանը, բայց միաժամանակ երբեմն լինում են դեպքեր, երբ տնտեսական համակարգի ընտրությունն է հանգեցնում կոռուպցիայի:

Նա բերել է ավտորիտար Սինգապուրի ու Հոնկոնգի օրինակը. «Այս ավտորիտար երկրներն ունեն ազատական տնտեսություն: Այդ ազատականին հասնելու համար հասկացան, որ պետք է նվազեցվի կոռուպցիան, հակառակ դեպքում կունենան լուրջ խնդիրներ: Այլ խնդիր կա, եթե ունես ազատական տնտեսություն, որպես կանոն ունես նաեւ ժողովրդավարական համակարգ: Ավտորիտար քաղաքական համակարգ եւ ազատական տնտեսություն ունեցող երկրները անոմալիա են: Մենք կլինե՞նք այդ անոմալիան, չեմ կարծում. մենք Սինգապուր չենք»:

Նրա խոսքով՝ կոռուպցիայի նվազմանը նպաստում են քաղաքական ազատությունների եւ տնտեսական ազատությունների զուգակցումները: Ավելին, այդ պարագայում, առանց էապես որեւէ հատուկ ռազմավարությունների կարելի է հասնել կոռուպցիայի մակարդակի նվազեցման:

Քաղաքական կամքի հետ մեկտեղ նա շեշտեց, որ պետք չէ թերագնահատել պատկան մարմինների դերը, իսկ մենք երբեւէ չենք ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ մարմիններ. «Կա խորհուրդ, որը 3 ամիսը մեկ հանդիպում է, բայց դա համակարգված քաղաքականություն չի, այդ խորհրդին կոորդինացնելու համար օգնող մարմին է պետք, բայց դա այն պարագայում, եթե այդ խորհուրդը լիազորություններ ունենար»,- հիշեցրեց Վարուժան Հոկտանյանը՝ նշելով, որ Հայաստանում հակակոռուպցիոն 3 ռազմավարություն է եղել, բայց դրանք արդյունավետ չեն աշխատել:

Նա ներկա իրավիճակի մասին նկատեց, որ առկա է ճահճացում, որը շարունակվում է։ Նա առաջարկեց սպասել ապրիլին՝ հավատալով հրաշքների։

Հիշեցնենք, որ հրապարակվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության 2017 թ. Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ): Այս համաթիվով Հայաստանի 2017թ. արժեքն է 35 եւ նա Եթովպիայի, Մակեդոնիայի եւ Վիետնամի հետ միասին 180 երկրների շարքում կիսում է 107-ից 110-րդ տեղերը: Նախորդ 2016թ. Հայաստանի ԿԸՀ համաթվի արժեքն էր 33 եւ այդ արժեքով նա 176 երկրների շարքում կիսում էր 113-ից 115-րդ տեղերը: Նկատի ունենալով Հայաստանի ԿԸՀ-ի համար հաշվարկված ստանդարտ սխալի չափը (3.79), կարելի է պնդել, որ 2016թ. համեմատությամբ Հայաստանի հանրային ոլորտի կոռուպցիայի ընկալումը 2017թ. մնացել է մոտավորապես նույնը: Միեւնույն ժամանակ, ԿԸՀ դասակարգման աղյուսակում Հայաստանը առաջադիմել է 6 տեղով, իսկ եթե դասակարգման 2017թ. աղյուսակից հանենք բոլոր այն երկրները (թվով 4 երկիր), որոնք ընդգրկված չեն եղել 2016թ. դասակարգման աղյուսակներում, ապա առաջընթացը կկազմի 9 տեղ։

Ինչպես եւ նախորդ տարիներին, Հայաստանը, շարունակում է զիջել նաեւ Թուրքիային (40՝ 2016-ի 41-ի փոխարեն), որը շարունակում է գրանցել էական նահանջ սկսած 2012-ից, երբ նրա ԿԸՀ արժեքը հավասար էր 49 միավորի: Հայաստանի մյուս երկու հարեւանների՝ Ադրբեջանի եւ Իրանի 2017թ. ԿԸՀ համաթվերը 2016թ. համեմատ բարելավվել են  1-ական միավորով, հավասարվելով 31-ի Ադրբեջանի դեպքում (122-ից 129-րդ տեղեր) եւ 30-ի Իրանի դեպքում (130-ից 134-րդ տեղեր)՝ առայժմ զիջելով Հայաստանին: Բելառուսից բացի, ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ԿԸՀ արժեքները շարունակում են ավելի ցածր մնալ Հայաստանի ԿԸՀ արժեքից: Մասնավորապես, Ռուսաստանի ԿԸՀ արժեքը մնացել է 29 միավոր (135-ից 142-րդ տեղեր): Այս տարի նրան հավասարվել է Ղրղզստանը՝ առաջադիմելով 1 միավորով: Ղազախստանի ԿԸՀ արժեքը ավելացել է 2 միավորով՝ դառնալով 31 (122-ից 129-րդ տեղեր):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news