News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, փետրվարի 19-20-ին, կայացել է հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստը։

Հանձնաժողովի հայկական կողմի նախագահն էր ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, լեհական կողմի նախագահը՝ Լեհաստանի Հանրապետության ձեռնարկատիրության եւ տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Տադեուշ Կոսչինսկին:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, ամփոփելով նիստի աշխատանքները, նշել է.

«Միջկառավարական հանձնաժողովի այս նիստը շատ գործնական բնույթ էր կրում. երկու կողմերը ներկայացրեցին վերջին տարիներին իրենց երկրների տնտեսական զարգացման միտումները,  դիտարկեցինք նաեւ մեր երկրների տնտեսությունների առավելությունները, ներուժ ունեցող ոլորտները եւ դրանց համադրման հնարավոր ուղիները։ Հայկական կողմը մասնավորապես ներկայացրեց արտահանելի տնտեսության ձեւավորմանն ուղղված Հայաստանի կառավարության քայլերը։

Հաշվի առնելով լեհական տնտեսության առանձնահատկությունները՝ որպես փոխգործակցության հնարավոր ոլորտներ, առանձնացրեցինք դեղագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ագրոբիզնեսը եւ վերականգնվող էներգետիկան։ Ցանկանում եմ ընդգծել, որ լեհական բիզնեսի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ բավական մեծ էր։ Մի շարք ընկերությունների հետ քննարկեցինք Հայաստանում ներդրումների հնարավորությունները, այդ թվում՝ դեղագործության, գինեգործության ոլորտում, նաեւ կենցաղային մաքրող միջոցների համատեղ արտադրության հնարավորությունը»։ 

Ըստ Հովհաննես Ազիզյանի՝ քննարկումների ընթացքում լեհական կողմը նշել է, որ դիտարկում է Հայաստանը որպես շահեկան հարթակ՝ իրանական եւ եվրասիական շուկա մուտք գործելու համար՝ միեւնույն ժամանակ պատրաստակամություն հայտնելով նման հարթակ հանդիսանալու հայկական ապրանքների համար՝ մուտք գործելու ԵՄ շուկա:

Համաժողովի շրջանակներում հայկական կողմը քննարկումներ է ունեցել Լեհաստանի զարգացման բանկի եւ Ներդրումների ընդլայնման ֆոնդի հետ: Արդյունքում վերջիններս պատրաստակամություն են հայտնել աջակցություն ցուցաբերել այն լեհական ընկերություններին, որոնք արտադրութուններ կհիմնեն Հայաստանում՝ տրամադրելով արտոնյալ ֆինանսական ռեսուրսներ եւ իրականացնելով համատեղ ներդրումներ։

Նիստի շրջանակներում կայացել է B2G ձեւաչափով գործարար համաժողով, որին մասնակցել են Լեհաստանի գործարար համայնքի  100-ից ավելի ներկայացուցիչներ:  Համաժողովի  ընթացքում ՀՀ պատվիրակության կողմից լեհ գործարարներին ներկայացվել են Հայաստանի ներդրումային գրավչության, ազատ տնտեսական գոտիների, զբոսաշրջության, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտների վերաբերյալ շնորհանդեսներ:

«Լեհաստանի գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման նախարարի տեղակալ Ռիշարդ Զարուդշկիի հետ քննարկել ենք երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր, առաջարկել ենք ուսումնասիրել անասնապահության եւ թռչնաբուծության ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը՝ հետագայում արտադրանքը դեպի ԵՏՄ այլ երկրներ եւ Իրան արտահանելու հեռանկարով: Այցի շրջանակում կազմակերպվել է նաեւ գործարար համաժողով, որի ընթացքում մենք լեհ գործարարներին ներկայացրել ենք հինգ հիմնական ներդրումային ուղղությունները՝ ջերմոցային տնտեսություններ, ինտենսիվ այգիներ, անասնապահություն եւ թռչնաբուծություն, օրգանական գյուղատնտեսություն եւ ոչ ավանդական բանջարեղենի ու հատապտուղների արտադրություն», - նշել է Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստի արդյունքում ստորագրվել է նիստի Արձանագրությունը եւ, ըստ ոլորտների, սահմանվել են հետագա գործակցության ուղղությունները: Ստորագրվել է նաեւ էներգետիկայի ոլորտում մտադրությունների վերաբերյալ հուշագիր, որով լեհական ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել Հայաստանում, հողմային էներգիայի ոլորտում։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել համապատասխան միջոցներ ձեռնարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ