Մասնագետները պարզել են կիրակի օրը լեռնային տեղանքում կործանված իրանական ATR-72 ինքնաթիռի սեւ արկղի գտնվելու վայրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իրազեկված աղբյուրը:
Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին ինքնաթիռի վթարի վայրում զոհված 45 անձանց մարմինների հայտնաբերման մասին: Մահացածների մարմինների որոնման եւ դուրս բերման աշխատանքներն իրականացվում են 4,5 հազար մետր բարձրության վրա եւ զգալիորեն բարդանում մոտ 2 մետր բարձրությամբ ձյան պատճառով: Վթարի վայրում ավելի քան 100 փրկարար է աշխատում, որոնողական աշխատանքներին նաեւ 7 ուղղաթիռ է մասնակցում:
Հիշեցնենք, որ Թեհրան-Յասուջ չվերթ իրականացնող Aseman Airlines ավիաընկերության ATR-72 ինքնաթիռն անցյալ կիրակի օրը թռիչքից մոտ 50 րոպե անց անհետացել էր ռադարներից: Օդանավը վթարի էր ենթարկվել Իրանի Իսֆահան նահանգում՝ բախվելով լեռան գագաթին: Օդանավում 66 մարդ կար, այդ թվում նաեւ՝ անձնակազմի անդամները: Նրանք բոլորը մահացել են: