News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը կարծում է, որ ՀՀ 4-րդ նախագահը պետք է ընտրվի Ազգային ժողովի կողմից:

Այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա չցանկացավ մեկնաբանել այն հարցը, թե արդյոք նախագահի պաշտոնի ընտրությունը ժողովրդի՞, թե խորհրդարանի կողմից է կատարվում:

«Եկեք ես չփորձեմ մանրամասն մեկնաբանել, որովհետեւ դեռ խոսակցություններ կան Սահմանադրական դատարան դիմելու մասին, իսկ իմ լիազորություններն այնտեղ կավարտվեմ մարտի 23-ին: Բայց ես խորհուրդ կտամ շատ ուշադիր կարդալ Սահմանադրության 211-րդ հոդվածը՝ անցումային դրույթների: 125-րդ հոդվածով կա հիմնական իրավակարգավորում, կան նաեւ անցումային դրույթներ, որոնց էությունն անցումային առանձնահատկություն սահմանելն է: 211-րդ հոդվածում շատ հստակ սահմանված է, որ 125 հոդվածով սահմանված նախագահի ընտրության կարգն առաջին ընտրության պարագայում իրականացվելու է այս եղանակով:

Այսինքն՝ հստակ սահմանված է, իմ կարծիքով, որ նախագահի ընտրությունն առաջին անգամ պետք է կատարվի 125 հոդվածով Ազգային ժողովի միջոցով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը:

Դիտարկմանը, որ Սահմանադրության 5-րդ գլուխը, որտեղ ներառված է 125 հոդվածը, ուժի մեջ է մտնում նորընտիր նախագահի ընտրությունից հետո, նա արձագանքեց. «Եթե փորձենք Սահմանադրության տարբեր գլուխներ ուսումնասիրել, կտեսնենք, որ անցումային դրույթները վերաբերում են տարբեր գլուխների: Նույնը վերաբերում է 7-րդ գլխին, որը դեռ ուժի մեջ չի մտել, բայց անգամ այդ գլխով հստակեցված են դատական իշխանության հետ կապված շատ հարցեր, որոնք անցումային դրույթներով այդ ժամանակի համար այլ կերպ պետք է լուծվեն: Այսինքն անցումային փուլում լուծումները տրվում են անցման կայունությունը, դինամիկան ապահովելու համար:

Մենք Սահմանադրության վրա սկսեցինք աշխատել 2013թ. սեպտեմբերից: Հոկտեմբերին մշակեցինք հայեցակարգը, որից հետո փոփոխությունները: Հանրաքվեն եղավ 2015-ին, 2018 թվականն է՝ մենք դեռ անցումային փուլում ենք, որի նպատակը այս անցումը ներդաշնակ, դինամիկ ապահովելը, իշխանության մեջ վակուում չառաջացնելն է»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փաստաբան Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության 125–րդ հոդվածի համաձայն 4–րդ նախագահը չի կարող ընտրվել Ազգային ժողովի կողմից, քանի որ այդ կարգը սահմանող 125 հոդվածը ուժի մեջ է մտնելու ՀՀ 4–րդ նախագահի լիազորությունների ստանձնման հաջորդ օրը։ Ըստ փաստաբանի՝ ստացվում է, որ նախագահը պետք է ընտրվի նախկին Սահմանադրությամբ ամրագրված կարգով՝ ժողովրդի քվեով։

Իսկ արդեն այսօր՝ փետրվարի 22-ին, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Ելք»-ը կդիմի ՍԴ՝ ԱԺ-ի կողմից 4-րդ նախագահի ընտրությունը հակասահմանադրական ճանաչելու և համաժողովրդական քվեարկություն կազմակերպելու պահանջով։

«Դիմումով Սահմանադրական դատարանից պահանջում ենք հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնցով նախատեսվում է հանրապետության նախագահին ընտրել Ազգային ժողովում»,-գրված է հայտարարության տեքստում:

Նաև առաջարկվում է երկրի չորրորդ նախագահի ընտրություններն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ։ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է ԱԺ 21 պատգամավորի ստորագրություն։

«ՍԴ դիմումի տեքստը ուղարկել ենք «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներին, առաջարկելով ստորագրել»,-ասված էր պատգամավորի հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ