News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիբանանի նախագահ Միշել Աունի՝ այսօր երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Միշել Աունը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են Հայաստանի եւ Լիբանանի միջպետական հարաբերություններին, որոնք, ըստ նախագահների, առանձնանում են հատուկ ջերմությամբ ու բարեկամական ոգով: Սերժ Սարգսյանը եւ Միշել Աունը խոսել են նաեւ երկու ժողովուրդների ընդհանուր պատմության, միասնաբար հաղթահարված դժվարությունների եւ հոգեւոր-մշակութային մտերմության բազմաթիվ թելերով միահյուսված ճակատագրերի մասին:

«Հայ-լիբանանյան բարեկամության շառավիղը ձգվում է Անթիլիասից, Բուրջ Համուդից ու Այնճարից մինչեւ Երեւանի սրտում գտնվող Բեյրութի փողոց եւ փողոցի հարեւանությամբ տեղակայված աշխարհահռչակ լիբանանցի գրող, փիլիսոփա եւ արվեստի գործիչ Ջուբրան Խալիլ Ջուբրանի կիսանդրին: Անշուշտ, այս ամենին լավագույնս ձուլվում է Լիբանանի բազմահազարանոց հայ համայնքը՝ իր խաղաղ եւ ստեղծագործ կյանքով, Լիբանանին անմնացորդ նվիրումով եւ Հայաստանի հանդեպ որդիական սիրով: Բեյրութի փողոցներով քայլելիս հայկական շունչն առկա է ամենուր. մեծ հպարտության զգացումով եմ լցվում, որ մեր հայրենակիցները կարողացել են իրենց լավագույնս դրսեւորել՝ որպես Լիբանանի արժանի եւ օրինապաշտ քաղաքացիներ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ իրենց նպաստը բերելով Լիբանանի զարգացմանը եւ բարգավաճմանը: Եվ մեծ երախտագիտության զգացումով եմ լցվում Լիբանանի ժողովրդի, Լիբանանի իշխանությունների հանդեպ, որ հայերին տրվել է ինքնադրսեւորվելու այդ հնարավորությունը»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ նաեւ դրա շնորհիվ է, որ լիբանանահայ համայնքը ոչ միայն ամուր օղակ է երկկողմ հարաբերություններում, այլեւ աշխարհասփյուռ հայության համար ծառայում է որպես հոգեւոր, մշակութային եւ կրթական զարկերակ: Որպես ասվածի լավագույն օրինակ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Լիբանանում գործող բազմաթիվ կրթական, հոգեւոր-մշակութային հաստատությունները եւ սփյուռքում գործող միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Հայկազյան համալսարանը, որի սաները, ըստ Նախագահի, շարունակում են իրենց նպաստը բերել նաեւ տարածաշրջանի եւ աշխարհի հայ գաղթօջախների կենսունակությանը:

Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել բարեկամ Լիբանանին՝ պատմության ողբերգական պահերին հայ ժողովրդի կողքին լինելու, Ցեղասպանություն վերապրած նրա մի հատվածին սրտաբաց ընդունելու համար:

«Ցավոք այսօր էլ Մերձավոր Արեւելքը շարունակում է ապրել նորանոր ողբերգություններ, որոնք վերահաստատում են, որ Հայոց ցեղասպանության տարիներին տիրող մտածելակերպը 21-րդ դարում դեռեւս պահպանվում է, ուստի դրանց կանխարգելմանն ուղղված մեր պայքարն ավարտված չէ: Այստեղ ուզում եմ հատուկ ընդգծել Լիբանանին սատար կանգնելու Հայաստանի պատրաստակամությունը եւ հույս հայտնել, որ դարերի իմաստություն եւ հայրենասիրական արժեքներ կրող լիբանանցի ժողովուրդը պատվով եւ իրեն հատուկ համախմբվածությամբ կդիմագրավի բոլոր մարտահրավերները»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Լիբանանի նախագահի այցի օրերին քննարկված հարցերը եւ ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ապագայում կյանքի կկոչվեն՝ նորովի հարստացնելով հայ-լիբանանյան բազմաբովանդակ փոխգործակցության օրակարգը:

«Հայտնի արաբական իմաստությունն ասում է՝ իրական ընկերը մեկ հոգի է երկու մարմնում: Կարծում եմ՝ սա լավագույնս բնութագրում է հայ-լիբանանյան հարաբերությունները, որտեղ չկան անլուծելի հարցեր, որտեղ կողմերի փոխըմբռնումը լավագույնս ծառայում է երկու ժողովուրդների բարեկեցությանը եւ կայուն զարգացմանը:

Թույլ տվեք բաժակ բարձրացնել ի պատիվ Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Աունի, հանուն հայ-լիբանանյան բարեկամության հարատեւման եւ մեր տարածաշրջանի խաղաղ ու բարգավաճ ապագայի։

Կեցցե՛ Լիբանանը, կեցցե՛ հայ-լիբանանյան հավերժ բարեկամությունը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Լիբանանի նախագահ Միշել Աունը փոխադարձ բաժակաճառում երախտագիտություն է հայտնել Նախագահ Սարգսյանին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ սա իր առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն, ու թեեւ այն պաշտոնական եւ քաղաքական այց է, սակայն կրում է առանձնահատուկ բնույթ:

«Այս պատմական հավատքով ու նահատակությամբ ծանրաբեռնված հողով անցնելը չի կարող լինել սովորական եւ ավանդական:

Ընտրել ենք երկու հուշակոթող, որոնք այդ պատմության վկայություններն են:

Երեկ այցելեցինք Էջմիածնի Մայր տաճարը՝ աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկը, որտեղ դրսեւորվում է եկեղեցու պատկառազդու պատերից ու հոգու խոնարհումից հավատքի այն ամրություն զգացողությունը, որը հայ ժողովրդին դարձրեց ժողովուրդների ու ազգերի առաջամարտիկը՝ պաշտոնապես հռչակելով իր ինքնությունն ու հավատքը առաջին դարերի ընթացքում: Դա քաջություն ու զոհաբերություն էր պահանջում այն ժամանակ, երբ հռոմեական հալածանքները իրենց գագաթնակետին էին հասել:

Երկրորդը՝ Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանն էր, որտեղ անմար կրակի ու մի ժողովրդի հերոսականությունը, տառապանքն ու վերքերն արտացոլող երեխաների, կանանց ու տղամարդկանց դաժան պատկերների առջեւ արագանում են սրտի բաբախյունները:

Այդ սարսափելի տեսարանները բացահայտում են անցյալ դարասկզբին մեր ողջ Արեւելքը համակած վերացման գաղափարի գոյությունը: Այդ մտածելակերպը դիմացինի այլ տեսակի մեջ տեսնում էր թշնամու, որին պետք է սպանել, ոչնչացնել նրա մշակույթն ու քաղաքակրթությունը, եւ այն ի կատար ածեց ամենասարսափելի կոտորածները՝ իր հետեւից թողնելով միլիոնավոր նահատակների: Մեր երկու ժողովուրդներն էլ այդ գաղափարի զոհերն էին. հայ ժողովուրդը սպանվեց սրով, լիբանանցի ժողովուրդը՝ սովի միջոցով: Ցավոք, այդ նույն մտածելակերպը վերստին ի հայտ եկավ վերջին տարիներին՝ խլելով հարյուր հազարավոր զոհեր: Վստահաբար անցյալի կոտորածները չճանաչելը եւ դրանց նկատմամբ հաշվետու լինելու բացակայությունը խրախուսում են ներկայիս ջարդերը»,-ասել է նախագահ Միշել Աունը:

Նա իր բաճակաճառում դրվատանքով է խոսել լիբանանահայ համայնքի մասին՝ ընդգծելով, որ այն Լիբանանի հասարակության անբաժան մասնիկն է:

«Մեծարգո՛ Նախագահ,

Իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեր ջերմ ընդունելության համար, շնորհակալություն եմ հայտնում նաեւ բոլոր նրանց, ովքեր աշխատեցին այս այցելությունը հաջողությամբ պսակելու նպատակով:

Թույլ տվեք բաժակ բարձրացնել եւ խմել երկու երկրների ու ժողովուրդների համար, այն իրական խաղաղության համար, որը հիմնված է այլոց ընդունելու, ազատ եւ արժանապատիվ կյանք ունենալու նրանց իրավունքը հարգելու վրա»,- ասել է Լիբանանի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ