News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արցախում այսօր ժամկետային զինծառայող է զոհվել: Գրիգոր Եղոյանը մահացու վիրավորում է ստացել Ադրբեջանի զինուժի արձակած կրակոցից: 20-ամյա զինծառայողը Ախուրյան գյուղից էր, 5 ամսից զորացրվելու էր: Գրիգորը տան կրտսեր զավակն էր, քույր եւ եղբայր ունի: Եղոյանների ընտանիքը Ռուսաստանում է բնակվում, երիտասարդը Հայաստան էր եկել՝ ծառայության մեկնելու: Գրիգոր Եղոյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Միաժամանակ, նշվել է զինհոսպիտալում զինծառայողի մահվան նախնական վարկածը: Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել, սակայն դիահերձման արդյունքներով՝ դատաբժիշկները որպես մահվան հանգեցրած պատճառ նշել են ուղեղի այտուցը, իսկ մահվան հիմնական պատճառն անհայտ ծագման կոման է: Քննչական կոմիտեն պարզել է, որ երիտասարդն արձակուրդից հետո հորեղբոր հետ Գառնիից Երեւան է եկել՝ Իջեւանի զորամաս մեկնելու: Ճանապարհին Ստեփանի ինքնազգացողությունը վատացել է, բայց որոշել է զորամաս հասնել: Նույն օրն իսկ զինծառայողը զորամասի բուժկետ է դիմել, իսկ հետո անգիտակից վիճակում հոսպիտալ տեղափոխվել: Հաջորդ օրը նա մահացել է:

ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցությունները վաղը համատեղ նիստ են հրավիրելու՝ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու համար: Նախագահի ընտրությունը սպասվում է մարտի 2-ին: Նշենք, որ առաջին իսկ փուլով ընտրվելու համար անհրաժեշտ է 79 պատգամավորի կողմ քվե:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook-ում գրել է, որ «Ելք»-ը պատրաստվում է Սահմանադրական դատարան դիմել՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնցով նախատեսվում է Հանրապետության նախագահին ընտրել Ազգային ժողովում: ՍԴ դիմելու համար 21 պատգամավորի ստորագրություն է անհրաժեշտ: «Ելք»-ը դիմումի տեքստն արդեն ուղարկել է «Ծառուկյան» դաշինքին:

Սահմանադրական դատարանի նախագահն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է 4-րդ նախագահի ընտրությունն ԱԺ-ի կողմից անցկացնելու սահմանադրականության հարցը: Ավելի վաղ փաստաբան Վահե Գրիգորյանը հայտարարել էր, թե նոր Սահմանադրության 125-րդ հոդվածը, որի համաձայն՝ 4-րդ նախագահը պետք է ընտրվի Ազգային ժողովի կողմից, ուժի մեջ է մտնելու 4-րդ նախագահի լիազորությունների ստանձնման հաջորդ օրը։ Արդյունքում, ըստ փաստաբանի, ստացվում է, որ նախագահը պետք է ընտրվի նախկին Սահմանադրությամբ ամրագրված կարգով՝ համաժողովրդական հանրաքվեով:

Կարեն Կարապետյանն առողջապահական հաստատությունների քաղաքաշինական նորմերի վերանայման անհրաժեշտություն է տեսնում: Կառավարության այսօրվա նիստում վարչապետը դժգոհել է. բուժհաստատություններ ենք կառուցում, որոնց ծախսերի տակից հետո չենք կարողանում դուրս գալ: 2017 թվականին բյուջեի եկամուտները, նախորդող տարվա համեմատ, աճել են, սակայն խնդիրներ դեռ կան: Կարեն Կարապետյանը լուծումներ է պահանջել՝ հարկային ստվերի ռիսկերը նվազեցնելու համար:

Կառավարության նիստում եւ դրան հաջորդած ճեպազրույցներում անդրադարձ է եղել մի շարք բնապահպանական հարցերի: Արծվիկ Մինասյանը նույնիսկ կատակել է. այսօրվա նիստը «կանաչ» էր: Ճեպազրույցում նախարարին հարցրել են Գառնու ձորում հայտնված բեռնատարի եւ սկսված շինարարության մասին: Մամուլում եւ սոցցանցերում հրապարակված լուսանկարներից երեւում է, որ այն ընթանում է «Քարերի սիմֆոնիայի» մոտ: Բնապահպանության նախարարությունը նույնպես ահազանգ է ստացել: Ավելի ուշ նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Գառնու ձորում փայտե տաղավարը թեեւ սեփականաշնորհված տարածքում է, բայց գտնվում է հուշարձաններից ընդամենը 12 մետր հեռավորությամբ: Կառուցապատողին պարտավորեցնելու են դադարեցնել շինարարությունը՝ մինչեւ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը: Սեփականաշնորհված տարածքը, սակայն, գյուղատնտեսական նշանակության է, ինչը նշանակում է, որ որեւէ շինաշխատանք իրականացվել չի կարող:

Բնապահպանության նախարարությունն ուսումնասիրում է նաեւ Ախթալայի պոչամբարի նյութերը Դեբեդ գետը թափվելու մասին ահազանգը: Արդեն հանձնարարվել է փորձաքննության ենթարկել գետը թափվող հեղուկը: Եթե մտահոգությունները հաստատվեն, Արծվիկ Մինասյանը խոստանում է, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

«Աշտարակ Կաթ»-ի գործունեությունից տուժած տնտեսվարողներն այսօր նամակ են հանձնել վարչապետին: Նրանք պահանջում են վերահսկողության տակ վերցնել ընկերությունից տուժած տնտեսվարողների խնդիրը եւ հնարավորինս արագ լուծում գտնել: Պնդում են, որ պատահական են տեղեկացել, որ գումար են պարտք «Աշտարակ կաթ»-ին, եւ իրենց հաշվեհամարներն ու գույքը կալանքի տակ են: «Հայ տնտեսվարողների եւ սպառողների իրավապաշտպան կենտրոն»-ի նախագահն էլ նշում է, որ «Աշտարակ կաթ»-ը փորձում է գումար շորթել 240 մանրածախ տնտեսվարողներից: Արթուր Աթոյանի խոսքով՝ «Աշտարակ կաթ»-ում հանցավոր խումբ է գործել. մանրածախ տնտեսվարողները մինչեւ 2016 թվականն ապրանք են ստացել առաքիչներից ու վճարել: Առաքիչներն էլ իրենց անդորրագիր են տվել, նոր ապրանք բերել ու կանխիկ գումար գանձել:

Մարտի 1-ից մի շարք դեղամիջոցներ Հայաստանում հնարավոր կլինի գնել միայն դեղատոմսով: Առողջապահության նախարարությունն այսօր հրապարակել է այդ դեղերի ցանկը: Դրանց թվում են հանրապետությունում գրանցված հակավարակային դեղամիջոցները, այդ թվում՝ հակաբիոտիկները, ինչպես նաեւ հսկվող եւ հորմոն պարունակող դեղերը: Միաժամանակ, սահմանվել է դեղատոմսի 4 նոր ձեւաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա կամ բազմակի անգամ տրամադրվող դեղերի համար: Ինչ վերաբերում է ժամկետներին. թմրանյութեր ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերն ուժի մեջ կլինեն 10 օր, իսկ մնացած դեղերն ու բազմակի դեղատոմսերը՝ 6 ամիս:

Այս օրերին հարցի շուրջ բուռն քննարկումներ են եղել: Ոմանք կարծում են, որ որոշումը կբարդացնի հատկապես սոցիալապես անապահով խավի կյանքը: Ամեն անգամ դեղ գնելու համար հարկ կլինի բժշկի դիմել, հերթ կանգնել՝ դեղատոմս ստանալու համար, իսկ խորհրդատվության համար մարդիկ ստիպված կլինեն վճարել: Ոլորտի պատասխանատուները, սակայն, հակադարձում են. իրենց նպատակը բնակչության առողջության պահպանումն է:

Հայ մարզիկներն ավարտեցին մրցելույթները Հարավային Կորեայում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերում: Փհենչհան-2018-ում Հայաստանի թիմը ներկայացված էր 3 մարզիկով՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Միքայել Միքայելյանը դահուկավազքի սպրինտում գրավեց 72-րդ տեղը, իսկ 15 կմ դասական ոճում 83-րդն էր: Կանանց մրցաշարում Կատյա Գալստյանը դահուկավազքի 10 կմ դասական ոճում զբաղեցրեց 72-րդ հորիզոնականը: Հայաստանի մարզիկներից լավագույն արդյունքը ցուցադրեց 18-ամյա Աշոտ Կարապետյանը. այսօր նա հատուկ ոլորավայրէջքում 2:08.08 արդյունքով հայտնվեց 42-րդ տեղում: Հավելենք, որ 23-րդ ձմեռային Օլիմպիադան կավարտվի փետրվարի 25-ին:

Դոլարի անկումը կանգ առավ, եվրոն շարունակում է արժեզրկվել: Փետրվարի 22-ին դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 590, ռուբլունը՝ 8 դրամ 47 լումա, ֆունտինը՝ 667 դրամ:

Փետրվարի 23-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0+2, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ