News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւանի Նուբարաշենի խճուղում ապրող երեխաներն էլ արդեն ճանաչում են Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներին, մասնավորապես Զարուհի Փոստանջյանին։ Մեկ շաբաթ է՝ տանը եւ բակում զրույցների թեման  նրանց «նուբարաշենյան սխրանքների» մասին է, որի արդյունքում լուծվեց տարիներ շարունակ բակում եւ խաղահրապարակում բուրող գարշահոտության խնդիրը։

Մեզ տեսնելուն պես փոքրիկները խաղը թողեցին եւ ընդառաջ վազեցին՝ պատմելու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բացօթյա կոյուղու պատմությունը, որի պատճառով նրանք զրկված են եղել բակում խաղալու բերկրանքից։ Միմյանց հերթ չտալով՝ ավետեցին, որ նորոգում են կոյուղագծերը, տհաճ հոտը գրեթե վերացել  է, կարողանում են բակում երկար ժամանակ անցկացնել։ Մեր փոքրիկ զրուցակիցներին հանդիպած առաջին լրագրողները չէինք, նրանք արդեն քաջատեղյակ էին մեր  անելիքների հերթականությունից։ Նորությունները հայտնելուց հետո  հորդորեցին սպասել, մինչեւ մեծերին կանչեն։

Մինչ տան մեծերը կգային, պատշգամբներից մեր զրույցին հետեւող բնակիչները խնդրեցին շնորհակալություններ փոխանցել Զարուհի Փոստանջյանին եւ նրա թիմակիցներին։  Քիչ անց բակ իջան ավագ բնակիչները, որոնց թեման արդեն ՀՀԿ խմբակցության ամոթալի արձագանքն էր «Երկիր ծիրանիի» բողոքի ակցիային։ Աբեթ Աղաբաբյանը NEWS.am–ի հետ զրույցում շեշտեց, որ հենց իրենք էին խնդրել, որ կոյուղաջրով տարան տանի Տարոն Մարգարյանին, որը վերջապես հասկանա՝ ինչ պայմաններում են տարիներ շարունակ ապրում բնակիչները։ Նրանք «Երկիր ծիրանի»–ի կանանց նկատմամբ ՀՀԿ–ականների բռնությունից նույնքան վրդովված էին, որքան կոյուղու գարշահոտությունից։

Հիշեցնենք, որ  ավագանու նիստին, երբ Մարինա Խաչատրյանն ու Սոնա Աղեկյանը փորձեցին կոյուղաջրով տարաները դնել Տարոն Մարգարյանի սեղանին, վերջինս բղավեց, թե նրանց դեմն առեք, ինչից հետո ՀՀԿ–ականները հարձակվեցին կանանց վրա, ապտակեցին նրանց, մազերը քաշեցին եւ քաշքշելով դուրս տարան դահլիճից։ Նշված դեպքով հարուցվել է քրեական գործ։ «Դա տղամարդկանց արած չէր, որ կանանց վրա ձեռք բարձրացրեցին, ուժ ունեն, թող սահման պահեն, ոչ թե կնանիքի մազերը քաշելով ցույց տան՝ տղամարդ են։ 4–5 տարի բողոքում էինք, հարցին լուծում չէր տալիս, մենք ենք խնդրել՝ բանկաները տանեն, տեսնեն՝ իրենց դուրը կգա՞»,–ասաց մեր զրուցակիցը։ Նրա հարեւանն էլ հիշեցրեց՝ երբ դիմել էին արդարադատության նախարարություն, Դավիթ Հարությունյանը պատասխանել է, թե դա երկրորդական խնդիր է. «Երեք տարի պայքարում էինք, ոչ մեկ մեզ չէր լսում, բա ոնց լուծվեց հարցը.... ՀՀԿ–ի  խուժանությունն էր, կնոջ վրա կարելի՞ էր ձեռք բարձրացնել։ Դուք տեսեք ու զգացեք՝ հոտը մի շաբաթում վերացավ, թող նորմալ լուծեին հարցը, անհնա՞ր բան էր։ Անընդհատ պիտի բզե՞ս, ասես՝ սա է, գոռաս, ճչաս, որ սարքե՞ն»։ Բնակիչներն ասացին՝ երեխաներին արգելում էին խաղալ բակում, քանի որ գարշահոտությունից շնչահեղձ էին լինում։

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ–ի կոյուղագծի  նորոգման աշխատանքները սկսեցին անցած շաբաթվանից՝ ավագանիում տեղի ունեցած ամոթալի սկանդալից հետո։ Մինչ այդ այս թաղամաս էին այցելել Զարուհի Փոստանջյանը, Մարինա Խաչատրյանը, Սոնա Աղեկյանը եւ բարձրաձայնել խնդրի մասին, սակայն  ձայն բարբառո հանապատի։ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության լրատվության պատասխանատու Գոռ Ղլեչյանը NEWS.am–ի հետ զրույցում պնդեց, թե կոյուղագծերը նորոգելու համար արդեն իսկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել  քաղաքապետարանի, արդարադատության նախարարության եւ «Վեոլիա ջուր» ընկերության միջեւ։ Խնդրի լուծումը ոչ մի կերպ չի խաղաղեցնում սկանդալի կիզակետում հայտնված Տարոն Մարգարյանին։

Մինչ կոյուղագծի նորոգման աշխատանքները կավարտվեն,  նա իր թիմակիցների հետ զբաղված է ավագանու նիստերը լուսաբանող լրագրողների նկատմամբ պատժամիջոցներ պրպտելով։ Այս դեպքից հետո նա մտդրվել է ավագանու նիստերը դռնփակ անցկացնել, որ լրագրողները չկարողանան լուսաբանել նիստի դահլիճում տեղի ունեցող իրադարձությունները։ Զարուհի Փոստանջյանն էլ ի լուր աշխարհի հայտարարում է, որ առջեւում անակնկալներ են սպասվում, քաղաքային իշխանության նվերները կոյուղաջրով լի տարաներով չի սահմանափակվելու։  Այսպիսով՝ քաղաքապետարան բերվելիք խնդիրներին ընդառաջ գնալու փոխարեն Տարոն Մարգարյանը նախ քաղաքապետարանի դռներն է կողպում դրանք լուսաբանող լրագրողների առջեւ։ Ինչպես ասում են՝ «մախաթը պարկի մեջ չես թաքցնի»։

Տպել
Ամենաշատ