News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Եթե այդ կառույցը չի խանգարում, չի աղճատում բնության ընդհանուր պատկերը, ապա կարելի է եւ թույլ տալ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, 2017-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ անդրադառնալով Գառնու «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի տարածքում շինարարություն սկսելու աղմուկ հանած խնդրին:

Լոքյանը նշեց, որ եթե այդ ժամանակավոր կառույցը ապօրինի է կառուցված, իրենք Գառնու համայնքապետին ցուցում են իջեցրել, որ այն ուսումնասիրվի. «Ես խոսել եմ հեռախոսով, տեղյակ եմ մանրամասնություններից: Իրականում համայնքապետը շինարարության թույլտվություն չի տվել: Այստեղ մեղքի բաժին ունի համայնքապետը, որ չի միջամտել, որ առանց իր թույլտվության կառույցի շինարարություն է սկսվել: Տեսչությունները մեղքի բաժին ունեն, որ տեսնելուց հետո ոչինչ չեն արել: Կկանոնակարգվի խնդիրը»:

Լոքյանը նշեց, որ իր տեղեկություններով փայտից ժամանակավոր կառույց է, որ պետք է սրճարանի սպասարկման ֆունկցիա կատարեր. «Եթե դա չի վատթարացնում այդ հուշարձանի վիճակը, պետք է հաստատվի քաղաքաշինական նորմերով:

Այնպես չի, որ պետք է բացարձակացնենք, որ ոչինչ չի կարելի կառուցել, եթե չի խանգարում, չի աղճատում բնության ընդհանուր պատկերը... պետք է հասկանանք խնդիրը: Իսկ եթե խանգարում է, չպետք է թույլատրենք, բայց դա պետք է ասեն մասնագետները, քաղաքաշինարարները, բնության պահապանները»,-ընդգծեց նախարարը:

Դիտարկմանը, որ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինայսյանը նախօրեին ասել էր, որ համայնքը չի համաձայնում, որ հուշարձանը միացվի «Խոսրովի արգելոցին», որով կարելի էր հուշարձանն ավելի խիստ պահպանության ռեժիմի տակ դնել, Լոքյանն արձագանքեց. «Ինչ վերաբերում է հուշարձանն արգելոցին հատկացնելուն, դա լուրջ քննարկման նյութ է: Մի կողմից դա լավ է, որ խստացվում է վերահսկողությունը, մյուս կողմից պետք է գտնենք ձեւաչափ, որ չփոքրացնենք համայնքի եկամուտ ստանալու հնարավորությունները»:

Հիշեցնենք, որ արդեն երկու օր է, որ սոցիալական ցանցերի մի շարք օգտատերեր ահազանգում են «Քարերի սիմֆոնիայի» մոտ բեռնատարի առկայության ու շինարարության մասին:

Այս առնչությամբ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել էր, որ եթե Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի տարածքում է կատարվում շինարարությունը, ապա այն ենթակա է վերացման: «Ահազանգը ստանալու առաջին իսկ պահին տեսչական մարմինը գործողություններ է ձեռնարկում, կասեցված է որեւէ շինարարություն, մինչեւ հստակ պարզվեն իրավական բոլոր հիմքերը: Հիմա ուսումնասիրվում է, թե արդյոք կառուցվող շինությունը գտնվում է հուշարձանի սահմանների մեջ: Եթե անգամ սահմանների մեջ չի, այն գտնվում է գետի անմիջական հարեւանությամբ, դա նշանակում է, որ գետի սանիտարական գոտու պահանջներին պետք է բավարարի»,-ասել էր նա:

Տպել
Ամենաշատ