News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


86 տարի առաջ փետրվարի 24-ին ծնվել է ժամանակակից հանճարեղ երաժիշտ Միշել Լեգրանը, որը իր ստեղծագործությունների մեջ համադրում էր դասական երաժշտությունն ու ջազի տարրերը։

Հանճարեղ կոմպոզիտոր, դաշնակահար ու դիրիժոր, գործիքավորող ու երգիչ Միշեր Լեգրանի ծննդյան օրվա կապակցությամբ Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ նրա կենսագրությունից․

Միշել Լեգրանը ծնվել է 1932-ին Փարիզում, որտեղ, փախչելով Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից, արտագաղթել էին նրա ծնողները։ Միշելի հայրը՝ Ռայմոնդ Լեգրանը, ղեկավարում էր նվագախումբ։ Մայրը ՝ Հայկանուշ Մարսել Տեր-Միքայելյանը, դաշնակահարուհի է եղել։ Նրանց տանը հաճախ էին լինում արվեստագետներ՝ Էդիտ Պիաֆը ու Մորիս Շեվալյեն։ Երեխայի տաղանդի ձեւավորման վրա մեծ ազդեցություն էր թողել մայրական կողմից նրա պապը՝ նա շատ ժողովրդական մեղեդիներ գիտեր, հաճախ էր երգում դրանք ու փոքրիկ Միշելը իր մեջ ներծծելով դրանք՝ փորձում էր վերարտադրել այդ մեղեդիները։

«Ես 10 տարի ապրել եմ մայրական գծով իմ հայազգի պապի հետ, նա մահացել է 1942-ին։ Անունը Սարգիս Դեր-Միքայելյանն էր։ 1915-ին նա Ֆրանսիա էր արտագաղթել՝ Հայոց ցեղասպանությունից փրկվելու համար։ Ես հիշում եմ, որ նա նվագում էր սազ, ուդ, դաշնամուր ու ինձ ցույց էր տալիս ակորդներ, որպեսզի ես կարողանամ հետո հայկական մեղեդիներ նվագել։

Պապն ուներ գրամոֆոն ու հայտնի եգիպտացի երգիչ Օմ Կալսումի բազմաթիվ ձայնասկավառակներ, որին նա պաշտում էր։ Նա միշտ երաժշտություն էր լսում։ Քեռիս Անյերեում նվագախմբերից մեկի դիրիժորն էր։

Պապս իսկական հայ էր․ չափազանց զգացմունքային, կրքոտ, առատաձեռն։ Ես մորս հետ  6 տարի ապրել եմ Անյերեի նրա տանը։ Երբեմն կիրակի օրերին նա ինձ իր հետ տանում էր հայկական եկեղեցի Ժան Գուժոնի փողոցում, որտեղ հավաքվում էին տեղի հայերը ․․․ Ճամփորդելով աշխարհով մեկ, ես ամենուրեք հանդիպում էի հայերի, գրեթե բոլոր քաղաքներում ու դրա համար էլ ինձ զգում էի ասես փոքրիկ Հայաստանում։ Ես ինձ հայ եմ զգում ։ Չնայած Փարիզում եմ ծնվել ու իմ կյանքը, հիմնականում Եվրոպայում է անցնում, իմ «Ես»-ի մի մասը հայկական է«,- պատմում էր Լեգրանը։

Երբ երեխան 3 տարեկան էր, նրա ծնողները բաժանվել են, բայց դա ոչ մի կերպ չի անդրադարձել տղայի երաժշտական ունակությունների վրա։ Տանը կար դաշնամուր, որը տղային գրավում էր իր կախարդական հնչյուններով։ Ահա այսպես, վաղ մանկությունից նա ինքնուրույն սովորել է նոտաներ։ Միշելի ուղին հետո շարունակվել է երաժշտական դպրոցում։

                                   

Տասը տարեկանում Լեգրանին տարել են լսումների Փարիզյան կոնսերվատորիա ու միանգամից ընդունել։ Այդտեղ նա ոչ միայն սովորել է նվագել բազմաթիվ գործիքներ՝ փող, տրոմբոն, ջութակ, թավջութակ, երգեհոն, այլեւ հրապուրվել ջազային երաժշտությամբ, ու սկսել գրել իր առաջին ստեղծագործությունները։ 1952-ին Լեգրանը ավարտել է բուհը, ստանալով առաջին մրցանակը՝ որպես երգահան։ Սակայն ամբողջովին դասական երաժշտությանը տրվել նա չէր ցանկանում՝ ջազը դարձել էր երաժշտի էության մի մասը։

20 տարեկանում Լեգրանը ստեղծում է նվագախումբ, որտեղ նա դիրիժորի ու ղեկավարի դեր էր կատարում, երգեր գրում ու համագործակցում հայտնի երգահան Մորիս Շեվալյեի հետ, որը դեռ մանկության տարիներին նկատել էր Լեգրանի տաղանդը։

50-ականների սկզբին Լեգրանը իր համերգում միավորել էր Դիզի Ջիլեպսիի, Մայլս Դեւիսի, Ջոն Քոլթրեյնի, Սթեն Գեթզի ու Բիլ Էվանսի ջազային ստեղծագործությունները՝ դրանք դարձնելով ավելի ընկալելի եվրոպացիների համար։

50-ականների կեսերին Լեգրանը սկսել է գրել երաժշտություն կինոյի համար։ Նա գրել է երաժշտություն «Յոթ մահացու մեղքեր» կատակերգության, «Եվա» դրամայի, «Ռոշֆորի աղջիկները" երաժշտական մելոդրամայի ու այլ ֆիլմերի համար։ Բայց նրան մեծ հաջողություն բերեց «Շերբուրգյան հովանոցները» ֆիլմը, որը 1964-ին է թողարկվել։ Ուշագրավ է այն փաստը, որ այդ մելոդրամայի բոլոր կանացի պարտիաները կատարել է կոմպոզիտորի քույրը՝ Ժնեւան։ Այդ ֆիլմի համար գրած երաժշտության համար Միշել Լեգրանը «Օսկար» է ստացել։

Ֆիլմերի վրա աշխատանքին զուգահեռ՝ նա համագործակցել է ժամանակակից էստրադային երգիչների հետ։ Նրա հիթերը կատարել են Էդիտ Պիաֆը, Մորիս Շեվալյեն, Մայլս Դեւիսը, հիմա շարունակում են կատարել Բարբարա Սթրեյզենդը, Լայզա Մինելին, ռուսական երգիչներ։

Երաժիշտը նաեւ նկարահանվել է կինոյում՝ մարմնավորելով 8 դեր։ Լեգրանի առաջնախաղը 1952-ին է եղել, երբ նա նկարահանվել է «Վերջին Սուրբ ծնունդը» ֆիլմում, իսկ առաջին իսկական դերը ստացել է «Կլեոն 5-7» դրամայում, կատարելով դաշնակահար Բոբի դերը։ Ֆիլմի հոյակապ երաժշտությունը դարձյալ Լեգրանն էր գրել։

Լեգրանի Le Jazz Grand ալբոմը , որը ներառում է ջազային կոմպոզիցիաներ, թողարկվել է 1978-ին, իսկ 1991-ին թողարկվել է Dingo-ն , որի համար կոմպոզիտորը «Գրեմմի» է ստացել։

Լեգրանի կինը՝ Քաթրինը, նույնպես երաժիշտ է, Լեգրանի նվագախմբում նա երգեհոն է նվագում։

Միշել Լեգրանն ունի չորս զավակ։ Երկու որդիները էստրադայի հետ են կապել իրենց կյանքերը՝ մեկը երաժշտություն է գրում, մյուսը՝ կատարում։ Դուստրերը սպորտն են ընտրել՝ մեկը զբաղվում է ձիասպորտով, մյուսը մեքենա վարելու դասընթացներ է կազմակերպում։

Լեգրանը պասիվ հանգստի փոխարեն նախընտրում է բազմազանությունը՝ նա ոչ միայն գրում է երաժշտություն , նվագում բազմաթիվ գործիքներ, ղեկավարում նվագախումբ, այլեւ երգում։ Միշել ինքը խոստովանում է, որ հանգստանալիս ինքը կարող է միաժամանակ մի քանի հաճելի գործերով զբաղվել՝ մի քանի ժամ երաժշտություն գրել ֆիլմի համար, հետո տրվել երգերին եւ այդպես շարունակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ