News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր երեկոյան կայացել է Հ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն (ֆոտոռեպորտաժ):

Երեկոյին մասնակցել են նաեւ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը։

Կինոարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ երկարամյա նվիրումի, ինչպես նաեւ հայկական մշակույթն աշխարհում արժանավայել ներկայացնելու համար Հանրապետության Նախագահը կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին պարգեւատրել է Պատվո շքանշանով: Նախագահ Սարգսյանը մեկ անգամ եւս շնորհավորել է անվանի կինոռեժիսորին հոբելյանի առթիվ:

«Սիրելի՛ մաեստրո, տաղանդների երկունքը դժվարին է, ու նաեւ հեշտ չի լինում անցած ճանապարհը, բայց տաղանդները նաեւ նրանով են տաղանդավոր, որ կարողանում են հաղթահարել դժվարությունները, կարողանում են հաղթահարել կատաղի դիմադրությունը՝ շատ հաճախ արվեստագետ եւ կարծես թե` հարազատ մարդկանց դիմադրությունը:

Դուք երջանիկ մարդ եք, Դուք կարողացել եք տասնամյակներ ծառայել Ձեր սիրած գործին, դրանով իսկ` հայ ժողովրդին, ասել է թե՝ Հայաստանին: Եվ այն համաժողովրդական սերը, որ կա Ձեր հանդեպ, գալիս է նաեւ նրանից, որ Դուք մեր ժողովրդին պարգեւել եք հպարտության բազմաթիվ պահեր: Ես ինձ շատ լավ էի զգում, երբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում մի ընթրիքի ժամանակ մեր երիտասարդները մոտենում էին մաեստրոյին, նրա հետ էին ցանկանում լուսանկարվել, չնայած այն հանգամանքին, որ այնտեղ ներկա էին նաեւ բազմաթիվ այլ աշխարհահռչակ գործիչներ: Սա, մաեստրո՛, արդեն այլ մոտեցում է, սա արդեն այլ հարթություն է:

Մենք Ձեզնից ընդամենը մեկ խնդրանք ունենք՝ շարունակեք ծառայել մեր ժողովրդին, որովհետեւ դրանից ավելի վսեմ գործ չկա, ու խնդրում եմ փոխանցեք Ձեր փորձը մեր երիտասարդներին, մենք դրա կարիքն ունենք»,-իր շնորհավորական խոսքում ասել է Հանրապետության Նախագահը:

Մաեստրո Փելեշյանը շնորհակալություն է հայտնել հոբելյանական միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին եւ իր արվեստը գնահատող բոլոր մարդկանց` մեծարանքի ու գնահատանքի խոսքերի համար: Անվանի կինոռեժիսորը նաեւ երախտագիտություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին` իրեն պետական բարձր պարգեւի արժանացնելու համար:

«Մեծարգո՛ Նախագահ Սերժ Սարգսյան, մենք գիտենք, որ մեր երկիրը երկար ժամանակ է պատերազմական վիճակում է: Այդ պայմաններում Դուք ժամանակ եք գտնում կանգնել արվեստագետների թիկունքին եւ օգնել նրանց, որոնց թվում նաեւ ես եմ: Խորին շնորհակալություն Ձեզ այդ ամենի համար: Մեծարգո՛ պարոն Նախագահ, ինչ լավ է, որ Դուք կաք: Թող աշխարհի բոլոր ուժերը Ձերը լինեն»,-պատասխան խոսքում իր բարեմաղթանքն է հղել մաեստրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ