News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի հնագույն բնակիչները, որոնք կառուցել են Սթոունհենջի հանրահայտ նեոլիթյան համալիրը, հաջորդ մի քանի հարյուրամյակներում հանելուկային կերպով անհետացել են, իսկ կղզիների բնակչությունը, փաստորեն, ամբողջությամբ փոխարինվել է մայրցամաքային Եվրոպայից վերաբնակներով: Այսպիսի եզրակացության է հանգել 144 եվրոպացի եւ ամերիկացի գիտնականներից բաղկացած միջազգային խումբը, որն իրականացրել է ներկայումս ամենածավալուն նախապատմական Եվրոպայի բնակիչների ԴՆԹ հետազոտությունը: Այս մասին հայտնում է The Independent պարբերականը:

Մասնագետները պարզել են, որ Սթոունհենջի շինարարները թխամորթ էին ու սեւահեր, իսկ գենետիկ տեսանկյունից շատ նման էին նույն ժամանակաշրջանի Պիրենեյան թերակղզու բնակիչներին, որը եւ կարող էր լինել նրանց նախահայրենիքը: Կղզիներում գտնվելու հաջորդ 1,5 հազար տարիներին, փորձագետների գնահատմամբ, նրանք կազմել են նեոլիթյան Բրիտանիայի բնակչության գրեթե 100 տոկոսը:

Սակայն մ.թ.ա. 2500 - 2000 թվականների շրջանում իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք տարածաշրջանի պատկերն արմատապես փոխել են: Ինչպես վկայում են գենետիկայի տվյալները, բնակչությունն 90 տոկոսով փոխարինվել է բացարձակապես այլ պոպուլյացիայով, որը ժամանակակից Նիդերլանդների տարածքով վերաբնակվել է Կենտրոնական Եվրոպայից եւ պատկանել, այսպես կոչված, զանգակաձեւ սկահակների հնագիտական մշակույթին:

Զանգակաձեւ սկահակների մշակույթը, որը դուրս է մղել Բրիտանիայի նեոլիթյան բնակչությանը, այսպես է կոչվել այն պատճառով, որ դրա ներկայացուցիչներին հատուկ էր շրջված զանգի ձեւով կերամիկական սկահակների օգտագործումը: Դրա ակունքները գալիս են Կենտրոնական Եվրոպայից, որտեղից էլ տարածվել է արեւմտյան ընդարձակ տարածքներ: Գիտնականները երկար ժամանակ վիճում էին, թե այս մշակույթը կոնկրետ ինչ է իրենից ներկայացրել. դրա տարածումն արդյոք բնակչության զանգվածային միգրացիայի՞ հետեւանք էր, թե՞ պարզապես հարեւան ժողովուրդների տեխնոլոգիայի փոխառում: Ներկայիս հետազոտութունը հաստատել է առաջին վարկածը, ըստ որում՝ Բրիտանական կղզիները դա իրենց վրա ամենից շատ են զգացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ