Երեւանում, փետրվարի 24-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 00:30-ի սահմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը ավազակային հարձակում է կատարել Արգիշտի փողոցի 11/4 շենքի բնակարաններից մեկի բնակչուհու նկատմամբ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, փաստի առթիվ ավազակային հարձակման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Արթուր ներկայացած անձը բնակարանը գնելու պատրվակով այցելել է 33-ամյա Արփինե Մ.-ին եւ սկզբում պտուտակահանով, ապա դանակի սպառնալիքով բռնություն է գործադրել Արփինե Մ.-ի նկատմամբ եւ նրանից հափշտակել մոտ 200 հազար դրամ արժողության iPhone 8 մոդելի բջջային հեռախոսը:
Աղբյուրի տեղեկություններով՝ քննիչները պարզել են, որ ավազակային հարձակում կատարողը 27-ամյա Նարեկ Գ.-ն է: Ձեռնարկվում են նաեւ օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: