News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պոլոս պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը օրերս մասնակցել է Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպան Շերեֆ Մալքոչի կողմից փոքրամասնությունների ներկայացուցիչների պատվին կազմակերպված պաշտոնական ընթրիքին։

Պոլսո պատրիարքությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական համայնքից այդ ընթրիքին մասնակցել են նաեւ Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուն, Սուրբ Խաչ Դպրեվանքի խնամակալության Ատենապետ Թորոս Ալջանը եւ Կետիկփաշայի Ս. Հովհաննես եկեղեցու թաղային խորհրդի ատենապետ Հարություն Շանլը։

Հրավիրյալների շարքում էին նաեւ Հայ Կաթողիկե հասարակությունից Հայր Վարդան Ծ. Վրդ. Գազանճյանը եւ Սուրբ Հակոբ Հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Բեռնար Սարըբայը։

Արամ Աթեշյանը հանդիպման ժամանակ անդրադարձել է թուրքահայ համայնքի առաջնահերթություններին։ Նա ընդգծել է, որ պատրիարքական աթոռը եւ ընդհանրապես հայ համայնքը զրկված է լիարժեք ինքնակառավարման հնարավորությունից՝ իրավաբանական անձ չլինելու պատճառով։ Նա խոսել է նաեւ Պատրիարքարանի նյութական օժանդակությունների հետ կապված դժվարությունների մասին։

Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարթոլոմեոս Ա-ն բարձրացրել է Հեյբելի կղզում հունական դպրեվանքի վերաբացման հարցը եւ խոսել հունական համայնքային հաստատությունների ընտրության պարագայում առկա արգելքների մասին։

Նշենք, որ Թուրքիայում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստեղծվել է 2012 թվականին։ Նա ընտրվում է Թուրքիայի խորհրդարանի կողմից։

Տպել
Ամենաշատ