News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը ոչ թե արգելել է զոհված զինծառայող Գրիգոր Եղոյանին եկեղեցի տանել, այլ առաջարկել է  հուղարկավորել քաղաքացիական ծեսով, քանի որ զոհված զինծառայողը մկրտված չի եղել: NEWS.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդը վրդովված ասաց, որ իր 19 տարվա ծառայությունը զրոյի են հավասարեցնում նման լուրեր տարածելով:

«Մենք ընդամենը առաջարկել ենք, որ քաղաքացիական ծեսով հուղարկավորությունը կատարվի, քանի որ զինծառայողը մկրտված չի եղել, մենք չենք արգելել նրան եկեղեցի տանել, մենք ընդամենը կարգն ենք բացատրել: Ամենայն հարգանք զոհված զինվորին, իր ծնողներին երկրպագություն, խոնարհություն, բայց եթե էդ մարդը իրեն պահել է իբրեւ աթեիստ, ի՞նչ գործ ունի Հայ առաքելական եկեղեցում»,-վրդովված ասաց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Շիրակի թեմի առաջնորդի խոսքով` կրքերը հանդարտեցնելու եւ իրավիճակը ավելի չլարելու համար են զինծառայողին եկեղեցական կարգով հուղարկավորել. «Այո, անիմաստ կրքերը հանդարտեցնելու համար ենք եկեղեցական կարգով հուղարկավորությունը արել, բայց որտե՞ղ է գրված, որ չմկրտված մարդը եկեղեցական կարգով հուղարկավորվի»:

Շիրակի թեմի առաջնորդը պնդեց, որ զոհված զինծառայող Գրիգոր Եղոյանը մկրտված չի եղել, նույնիսկ խմբակային չի մկրտվել, ինչպես պնդում են նրա հարազատները:

«Այդ երեխան մկրտված չի եղել, քանի որ Սամվել Բալասանյանը վերջին խմբակային մկրտությունը կատարել է 2001 թվականին, երբ որ այդ երեխան 3 տարեկան էր եւ չէր կարող դպրոցում լիներ եւ ճշտել ենք, որ դպրոցում չի մկրտվել այդ երեխան»,-ասաց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Թեմի առաջնորդը վրդովված էր, որ իր 19 տարվա ծառայությունը արատավորում են կեղծ լուրեր տարածելով, առանց իրական ճշմարտությունը պարզելու:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Արցախում  հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված Ախուրյանի բնակիչ Գրիգոր Եղոյանի հարազատները ցանկացել են տղային հուղարկավորել եկեղեցական կարգով, սակայն, նրանց բացատրել են, որ չեն կարող եկեղեցում դնել նրա դին, քանի որ տղան մկրտված չէ։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի մերժումը ստանալուց հետո ախուրյանցիները որոշել են անտեսել եկեղեցու ընդդիմությունն ու զոհված զինվորի դին տարել են եկեղեցի: 

Նշենք, որ զոհված զինծառայող Գրիգոր Եղոյանը ՌԴ-ից Էր եկել Հայաստան ծառայելու համար, նա 5 ամսից կզորացրվեր: Գրիգոր Եղոյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Տպել
Ամենաշատ