News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանում գերմաներենի խորացված ուսուցմամբ դպրոցների ցանցի կընդլայնվի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում գերմաներեն լեզվի զարգացման աշխատանքային խմբի անդամները, որտեղ ներգրավված են Հայաստանում գործող գերմանական մասնագիտական կազմակերպությունների՝ Գյոթեի անվան ինստիտուտի, Գերմանիայի արտասահմանյան դպրոցների կենտրոնակայանի (ZfA) եւ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են դեսպանատան աջակցությամբ մշակված Հայաստանի Հանրապետության դպրոցներում գերմաներենի զարգացումը խթանելու առաջարկները: Շնորհակալություն հայտնելով դեսպանին համագործակցության համար՝ ԿԳ նախարարը նշել է, որ օտար լեզուների զարգացման համատեքստում նախարարությունը կարեւորում է միջազգային շահագրգիռ գործընկերների փորձագիտական, մեթոդական եւ գործնական աջակցությունը:

Հանդիպման ընթացքում դեսպան Մաթիաս Քիսլերը ներկայացրել է գերմանական կողմի առաջարկները՝ գերմաներենի խորացված ուսուցմամբ դպրոցների ցանցի ընդլայնման եւ հայ-գերմանական կրթական համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Ներկայումս Հայաստանի 7 դպրոցներ, որպես գերմաներենի խորացված դպրոցների ցանցում (PASCH) ընդգրկվածներ, աջակցություն են ստանում Գերմանիայի կողմից: Նշված դպրոցներից 5-ը Գերմաներենի լեզվական դիպլոմ DSD ծրագրում են ընդգրկված, իսկ Երեւանի թիվ 119 դպրոցը ծրագրի ավարտին շրջանավարտներին տրամադրում է DSD-2 լեզվական իմացության դիպլոմ: Գերմանական կողմն առաջարկում է ավելացնել DSD լեզվական իմացության դիպլոմի ծրագրով լեզվի ուսուցում կազմակերպող դպրոցների թիվը ինչպես մայրաքաղաք Երեւանում, այնպես էլ մարզերում՝ մասնավորապես Շիրակի մարզկենտրոն Գյումրիում:

Այս համատեքստում անդրադարձ է եղել դպրոցների ընտրության չափանիշներին. գերմանական կողմը հետաքրքրված է հատկապես ֆիզմաթ եւ բնագիտական թեքում ունեցող դպրոցներով:

Նշվել է, որ այժմ քննարկվում է Հայաստանի ավագ դպրոցների բարձր առաջադիմությամբ շրջանավարտների Գերմանիայի բուհերում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը` DSD-2 լեզվական իմացության դիպլոմի առկայության պարագայում: Անդրադարձ է եղել նաեւ DSD- 2 լեզվական իմացության դիպլոմը Հայաստանի բուհերի ընդունելության համակարգում ներառելու հարցին:

Գերմաներենի զարգացման հայեցակարգի համատեքստում կարեւորվել են նաեւ գերմաներենի ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը, որոնք իրականացվում են Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կողմից:

Ընդգծելով, որ ներկայացված առաջարկների հիմնական մոտեցումներն ընդունելի են, նախարար Լեւոն Մկրտչյանը կարեւորել է Գերմանիայի կողմից միայն լեզվի իմացության հավաստումն ունենալու դեպքում Հայաստանի ավագ դպրոցների կրթական աստիճանը ճանաչելու պատրաստակամությունը, որը խթանող գնահատական է Հայաստանի կրթական բարեփոխումների ճանապարհին:

Նախարար Մկրտչյանը կարեւորել է նաեւ գերմաներեն լեզվի տարածումը միջին մասնագիտական կրթության ոլորտում՝ հաշվի առնելով, որ զուգահեռաբար ընթանում է գերմանական դուալ կրթության համակարգը Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում ներդնելու գործընթացը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կրթաթոշակային ծրագրերին, քննարկվել են նաեւ աշխատանքային մի շարք այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ