News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Ծառուկյան» դաշինքը վերջապես պաշտոնապես հայտարարեց. կողմ են քվեարկելու ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: Գագիկ Ծառուկյանը հանդիպել է խմբակցության պատգամավորների հետ, քննարկել են հարցը եւ վերջնական որոշում կայացրել: Խմբակցության ղեկավարը նաեւ հիմնավորել է. իրենց մոտեցումները համընկնում են Արմեն Սարգսյանի մոտեցումներին: Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահին ընտրելու է Ազգային ժողովը. քվեարկությունը կկայանա այս ուրբաթ՝ մարտի 2-ին: Առաջին իսկ փուլով ընտրվելու համար Արմեն Սարգսյանին անհրաժեշտ է 79 պատգամավորի կողմ քվե: Կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ունեն 65 մանդատ, իսկ «Ծառուկյան» դաշինքի որոշման արդյունքում կարելի է արդեն վստահ ասել, որ Հանրապետականի առաջադրած նախագահի թեկնածուն կընտրվի հենց առաջին փուլով:

Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվեց: Նշենք, որ առաջին ատյանի դատարանը մի խումբ անձանց կողմից ապօրինի «Իգլա» զենահրթիռային համալիր ձեռք բերելու, փոխադրելու, ինչպես նաեւ փողերի լվացման մեղադրանքով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարին դատապարտել է 6 տարի ժամկետով ազատազրկման: Բաբայանը պահանջում է արդարացնել իրեն՝ հայտարարելով, որ մեղադրանքը շինծու է, իսկ իրեն ազատազրկելու դրդապատճառը՝ քաղաքական: Վերաքննիչ դատարանը գործով դատավճիռը հրապարակվելու է վաղը՝ փետրվարի 27-ին:

Ողբերգական դեպք Արմավիրում. Մեծամորի քաղաքային աղբանոցում այսօր նորածնի դի են հայտնաբերել: Մեր տեղեկություններով՝ նորածինը տղա է: Իրավապահները փորձում են պարզել երեխայի մահվան հանգամանքները: Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ երեխան ֆիզիկական արատներով է ծնվել: Մասնավորապես, դատաբժիշկներն արձանագրել են, որ նորածինը գլխի, պարանոցի, կրծքավանդակի եւ որովայնի շրջանում փափուկ հյուսվածքների դեֆեկտներ ունի, բացի այդ՝ բացակայում է աջ ձեռքի դաստակն ու ձախ ձեռքը՝ ամբողջությամբ: Նորածնի ծնողների մասին առայժմ որեւէ տեղեկություն չի հրապարակվում:

Արարատի մարզում էլ փետրվարի 24-ին 2.5 տարեկան երեխա է կորել: Մի քանի ժամ անց փոքրիկի դին դուրս են բերել ջրանցքից: Բուրաստան համայնքի ղեկավարը մեր թղթակցին ասել է, որ երեխան, ամենայն հավանականությամբ, սայթաքել ու ջրանցքն է ընկել: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերել: Գյուղապետը պատմել է նաեւ, որ վերջին անգամ տղային պապն է տեսել. գոմի մոտ աշխատելիս երեխային տուն են ուղարկել՝ խնձոր բերելու, բայց այդպես էլ չի վերադարձել:

23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը նույնպես պատմություն դարձան: Հարավկորեական Փհենչհանում 2018 թվականի Օլիմպիադան ավարտվեց փետրվարի 25-ին, ՄՕԿ-ի նախագահն օլիմպիական դրոշը փոխանցեց Պեկինի քաղաքապետին. 2022 թվականի փետրվարի 4-20-ին հենց այստեղ են անցկացվելու 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը: Իսկ Փհենչհան-2018-ում վիճարկվեց մեդալների 102 հավաքածու, մրցումներին մասնակցեցին 2925 մարզիկներ 92 երկրից: Մեդալային հաշվարկում հաղթեց Նորվեգիան՝ նվաճելով ռեկորդային քանակությամբ՝ 39 մեդալ. 14 ոսկի, 14 արծաթ, 11 բրոնզ: Մեդալների քանակով երկրորդը Գերմանիան էր, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Կանադան: Հարավային Կորեայում Հայաստանը ներկայացնող 3 մարզիկները, սակայն, մրցանակային տեղեր չգրավեցին:

«Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանը կներկայացնի Սեւակ Խանաղյանը: «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ համերգին եվրատեսիլյան ուղեգրի համար պայքարում էր տասը մասնակից: Միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում, սակայն, հաղթող ճանաչվեց Սեւակը՝ «Քամի» երգով: Նշենք, որ այս տարի «Եվրատեսիլ»-ն անցկացվելու է Պորտուգալիայում: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ առաջին կիսաեզրափակիչում:

Սեւակ Խանաղյանը մասնակցել է ռուսական եւ ուկրաինական մի քանի հեռուստանախագծերի: Նրան մեծ հաջողություն է բերել ուկրաինական «X ֆակտոր»-ին մասնակցությունը, որից հետո էլ սկսվել են նրա համերգային շրջագայությունները: Սեւակը մի քանի մենահամերգ է ունեցել նաեւ Երեւանում, իսկ անցյալ տարի ընդգրկվել է «Հայաստանի Ձայնը» նախագծի ժյուրիի կազմում:

Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է իր հերթական ֆլագմանները՝ Galaxy S9 և S9+ սմարթֆոնները: Շնորհանդեսը տեղի է ունեցել փետրվարի 25-ին: Galaxy S9-ի օպերատիվ հիշողությունը 4 ԳԲ է, հիմնականը՝ 64 կամ 128 ԳԲ: Galaxy S9+-ն էլ  6 ԳԲ օպերատիվ եւ 64, 128 կամ 256 ԳԲ հիմնական հիշողություն ունի: Եվրոպայում Galaxy S9-ը կարժենա 849 եվրո, իսկ S9+-ի գինը կլինի 949 եվրո:

Փետրվարի 26-ին դոլարի ու եվրոյի վերելքին միացել է նաեւ ռուբլին: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 593, ռուբլունը՝ 8 դրամ 60 լումա, ֆունտինը՝ 675 դրամ:

Փետրվարի 27-ին հանրապետության շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը ժամանակ առ ժամանակ անձրեւ է սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +3+5, ցերեկը՝ +12+14 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ