Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ փետրվարի 27-ին, հրապարակում է Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատավճիռը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Վերաքննիչը մերժեց Սամվել Բաբայանի, Արմեն Պողոսյանի եւ Սանասար Գաբրիելյանի պաշտպանների բողոքներն ու անփոփոխ թողեց առաջին ատյանի կայացրած դատավճիռը:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Սանասար Գաբրիելյանին դատարանը մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով եւ դատապարտել 3 տարի ազատազրկման։ Արմեն Պողոսյանին նույնպես  դատարանը մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով եւ դատապարտել 2 տարվա ազատազրկման։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:

Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ էին արձակվել: