ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերքում է մամուլի տեղեկություններն այն մասին, թե իրենց խմբակցությունում վեճ և նույնիսկ ձեռնամարտ է եղել:
Այսօր՝ փետրվարի 27-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Էդմոն Մարուքյանը մամուլի այդ տեղեկությունները բամբասանք որակեց:
«Բնականաբար, բամբասանք է, ձեռնամարտի մասին որևէ նյութ չեմ տեսել։ Այո, «Ելք» դաշինքում միշտ էլ թեժ բանավեճեր են տարբեր հարցերով և վերջում մենք որոշումները կայացնում ենք կոնսենսուսով։ Հիմա օրակարգային հարցեր կան, որոնց վերաբերյալ քննարկումներ են ընթանում», – ասաց նա:
Կոնսենսուս «Ելք»-ում, ըստ Մարուքյանի, առայժմ կա միայն մեկ հարցի շուրջ. «Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը «Ելք» դաշինքի համար անընդունելի է»։
Մարուքյանը հերքեց նաեւ լուրերը, թե «Լուսավոր Հայաստանը» ցանկանում է դուրս գալ դաշինքից. «Չկա նման, «Ելք»-ն առանց մեզ չի կարող լինել, դրանք բամբասանքներ են, հեքիաթ»:




























