News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան: Այն ինչ-որ առումով պատմական կարելի է համարել. նոր Սահմանադրության համաձայն՝ առաջին անգամ խորհրդարանն է ընտրելու հանրապետության նախագահին: Քվեարկությունը մարտի 2-ին է: Իսկ այսօրվա նիստում «Ծառուկյան» խմբակցությունը ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու մասին օրինագիծ է քննարկման ներկայացրել: Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին այս նախաձեռնությունը խորհրդարանը 39 կողմ եւ 56 դեմ ձայնով մերժել է: Սակայն խորհրդարանական ուժերը, այդ թվում՝ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, հարցը փակված չեն համարում. կարծում են, որ այս օրենսգիրքը հակաժողովրդավարական է:

Խորհրդարանի օրակարգում այսօր անսպասելիորեն եւս մեկ հարց է ընդգրկվել. պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել «Ելք»-ի նախաձեռնած Մարտի 1-ի իրադարձությունների մասին հայտարարության նախագիծն օրակարգում ընդգրկելուն: Անցյալ շաբաթ կայացած նիստում, սակայն, պետաիրավական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել նախագծին:

Պատգամավորները սկսել են քննարկել նաեւ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցը. նոր մարմինը փոխարինելու է Արդարադատության խորհրդին: Բարձրագույն դատական խորհրդում մեկական անդամ կունենան խորհրդարանական բոլոր խմբակցությունները, իսկ խորհրդի նախագահի պաշտոնում կոալիցիան առաջադրել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի թեկնածությունը:

Նիկոլ Փաշինյանը Հարությունյանին հարցրել է. արդյո՞ք 2014 թվականին Սերժ Սարգսյանը կատակում էր, երբ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարում էր՝ չի հավակնելու վարչապետի պաշտոնին: Փաշինյանը նույն հարցն ուղղել է նաեւ մյուս թեկնածուներին, այդ թվում՝ Վահրամ Բաղդասարյանին: Հանրապետական պատգամավորի պատասխանից կարելի է ենթադրել, որ եթե Սերժ Սարգսյանն առաջադրվի վարչապետի պաշտոնում, ուրեմն կուսակցության որոշմանն է ենթարկվել: Բարձրագույն դատական խորհրդի անդամներին խորհրդարանը կընտրի վաղը, իսկ Նիկոլ Փաշինյանն այսօրվա քննարկումների համար անվանում է հորինել:

Մինչ այդ, մամուլում լուրեր են պտտվում, որ «Ելք»-ի պառակտման եզրին է. ասում են՝ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը», հնարավոր է, հեռանա դաշինքից: Պատճառը, նույն աղբյուրների համաձայն, Սերժ Սարգսյանի վարչապետությունը տապալելու հարցի շուրջ քննարկումներն են: Մարուքյանը հերքում է թե՛ «Ելք»-ից հեռանալու, թե՛ խմբակցությունում վեճերի եւ նույնիսկ ձեռնամարտի մասին լուրերը:

6 տարվա ազատազրկումն ուժի մեջ մնաց. Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Սամվել Բաբայանի բողոքն ու անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: Երեկ Բաբայանը վերջին խոսքում կրկին չէր ընդունել մեղադրանքը՝ պահանջելով արդարացնել իրեն: Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարն առաջադրված մեղադրանքները շինծու է համարում, իսկ իրեն ազատազրկելու դրդապատճառը՝ քաղաքական: Բաբայանի պաշտպանը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչի վճիռը: Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել նաեւ գործով մյուս մեղադրյալներ Սանասար Գաբրիելյանի եւ Արմեն Պողոսյանի դատավճիռները: Նշենք, որ Սամվել Բաբայանն ու մի խումբ անձինք մեղադրվում են ապօրինի «ԻԳԼԱ» տեսակի զենահրթիռային համալիր ձեռք բերելու, փոխադրելու, ինչպես նաեւ փողերի լվացման համար:

Մեծամորում աղբանոցում մահացած հայտնաբերված նորածնի դեպքի մասին նոր մանրամասներ են հայտնի: Երեխայի մայրը հայտնաբերվել է. նա Մեծամորի 37-ամյա բնակչուհի է: Մահացած տղան, պարզվում է, կնոջ 7-րդ երեխան է. նրա 2 փոքրիկները մահացել են, 3 երեխաներն առողջական խնդիրներ ունեն եւ հատուկ խնամքի կենտրոնում են: Ներկայում կնոջ խնամքին 1.5 տարեկան երեխա կա: Կինը պատմել է նաեւ, որ տղային լույս աշխարհ է բերել տան լոգարանում. փոքրիկը մահացել է, մայրն էլ նրան փաթաթել է պոլիէթիլենային տոպրակով ու թողել աղբանոցում: Մինչ այդ, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ երեխան ֆիզիկական արատներով է ծնվել. մասնագետների տեղեկացմամբ՝ նա գլխի, պարանոցի, կրծքավանդակի եւ որովայնի շրջանում փափուկ հյուսվածքների դեֆեկտներ է ունեցել, բացի այդ՝ բացակայել է աջ ձեռքի դաստակն ու ձախ ձեռքը՝ ամբողջությամբ:

Արագածոտնում մահվան ելքով վթար է տեղի ունեցել: Պատահարի զոհերն ու տուժածները Կոտայքի Նոր Երզնկա գյուղից են: Ագարակ-Ոսկեվազ ավտոճանապարհին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Ուղեւորներից 69-ամյա Ջուլիետա Գեւորգյանը տեղում մահացել է, երեք վիրավորների հիվանդանոց են տեղափոխել: Այստեղ մահացել է նաեւ մեքենայի մյուս ուղեւորը՝ 42-ամյա Սարգիս Ֆիդանյանը: Որոշ տեղեկություններով՝ գիշերն Արագածոտնի Ցամաքասար գյուղի բնակիչներից մեկն առեւանգել է վթարի ենթարկված մեքենայի վարորդի՝ 43-ամյա Աղասի Գեւորգյանի 18-ամյա դստերը: Գեւորգյանն էլ կնոջ, մոր՝ զոհված Ջուլիետա Գեւորգյանի եւ ընկերոջ՝ Սարգիս Ֆիդանյանի հետ գնացել է դստերը վերադարձնելու: Պատահարի դեպքով քրեական գործ է հարուցվել:

Երուսաղեմի քաղաքապետարանի կայացրած սկանդալային որոշման պատճառով քաղաքի քրիստոնեական գլխավոր սրբավայր Հարության տաճարը կամ Տիրոջ գերեզմանի տաճարը շարունակում է փակ մնալ: Նշենք, որ քաղաքապետարանը որոշել է հարկեր գանձել եկեղեցիներից ու վանքերից, ինչին ի պատասխան Սուրբ հողերի երեք իրավատեր՝ հայկական, ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցիները փետրվարի 25-ից փակել են Հարության տաճարի դռները եւ պահանջում են չեղարկել որոշումը: Աշխարհի տարբեր անկյուններից Երուսաղեմ եկած քրիստոնյաները ցույց են կազմակերպել Հարության տաճարի մոտ՝ միանալով իշխանությունների որոշման դեմ բողոքին:

Իսկ Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է խնդիրը լուծելու ուղիներ գտնել: Քաղաքապետը պարզաբանել է, որ հարկերի գանձման մասին որոշումը վերաբերում է եկեղեցապատկան «կոմերցիոն օբյեկտներին, օրինակ՝ հյուրանոցներին կամ ծառայողական շենքերին»: Մինչ այդ, հարկերի գանձնման մասին որոշումը կասեցվել է, Իսրայելի վարչապետի հանձնարարությամբ մասնագիտական խումբ է ստեղծվել՝ եկեղեցիների ներկայացուցիչների հետ հարցը քննարկելու եւ նոր որոշում կայացնելու համար:

Եվրոպայի որոշ հատվածներում կարծես խորը ձմեռ է հաստատվել: Եղանակը տհաճ անակնկալ է մատուցել հատկապես իտալացիներին: Մինչ այս առատ ձյան տեղումները կաթվածահար էին արել Հռոմի բնականոն կյանքը, իսկ այսօր ձյուն է տեղացել հարավային Նեապոլում. վերջին անգամ այստեղ ձյուն տեղացել է 1956 թվականին: Այստեղ փակվել են դպրոցները, միջազգային օդանավակայանը, դադարեցվել է ավտոբուսների եւ մետրոյի աշխատանքը: Իսկ Ֆրանսիայում սաստիկ ցրտի պատճառով առնվազն երեք անօթեւան է մահացել: Երկրի մի շարք շրջաններում ջերմաստիճանը զրոյից ցածր է, իսկ 68 դեպարտամենտներում իշխանությունները փորձում են ապաստան տրամադրել անօթեւաններին: Նշենք, որ անցյալ տարի Ֆրանսիայում շուրջ 500 անօթեւան է մահացել, իսկ այս տարեսկզբից միայն Փարիզում 13 մարդ է մահացել:

Փոխարենը Հայաստանի որոշ շրջաններում մարտին բավական տաք կլինի: Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ ամսվա երկրորդ կեսին Երեւանում հնարավոր է մինչեւ +25 աստիճան տաքություն: Տեղումները, սակայն, հանրապետության բոլոր շրջաններում միջին բազմամյա քանակությունից ավելին կլինեն:

Փետրվարի 27-ին դոլարը շարունակել է ամրապնդել դիրքերը, իսկ եվրոն փոքր-ինչ թուլացել է: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 593, ռուբլունը՝ 8 դրամ 62 լումա, ֆունտինը՝ 671 դրամ:

Փետրվարի 28-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +2+4, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ