News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում այսօր փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրել են Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին: Քվեարկության արդյունքները, սակայն, իրարանցման առիթ են դարձել: Բանն այն է, որ հայտարարվել է, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին կողմ է քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 2-ը: Նիկոլ Փաշինյանը, սակայն, պնդում է, որ քվեարկությունը մասնակցած «Ելք»-ի բոլոր 7 պատգամավորները դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանի եւ Գեւորգ Դանիելյանի թեկնածությանը: Փաշինյանը պահանջում է հետաքննություն անցկացնել:

Կրքերը տեղափոխվել են նաեւ նիստերի դահլիճ: «Ելք»-ից հաշվիչ հանձնաժողովի անդամ Լենա Նազարյանը նույնպես ստորագրել է քվեարկության արդյունքների արձանագրությունը: Պատգամավորը, սակայն, կասկածում է, որ հետո քվեաթերթիկները կարող էին փոխել: Բանավեճին փորձել է վերջ դնել Վահրամ Բաղդասարյանը՝ հայտարարելով, թե մի քանի ձայնը ոչ մի նշանակություն չունի իրենց համար, եւ կոչ արել խլրտումներ չմտցնել խորհրդարանի աշխատանքում:

Այսօր պատգամավորները նաեւ հանրապետական Գեւորգ Կոստանյանին պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ են ընտրել, իսկ այդ պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարան է գնում:

Վաղը խորհրդարանն ընտրելու է նաեւ Հայաստանի 4-րդ նախագահին: Այսօր լրացել է թեկնածուների առաջադրման ժամկետը: Ազգային ժողովը միայն մեկ թեկնածուի առաջադրման դիմում է ստացել. Հանրապետական եւ Դաշնակցություն խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Սարգսյանը:

Ազգային ժողովում հարգել են Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը. այսօր Ադրբեջանական ԽՍՀ-ում հայերի դեմ կատարված բռնությունների զոհերի եւ տեղահանված անձանց հիշատակության օրն է: Խորհրդարանը նաեւ միաձայն՝ 72 կողմ ձայնով Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծ է ընդունել: Սումգայիթյան ջարդերի զոհերի ոգեկոչման արարողություններ եւ բողոքի ցույցեր են կազմակերպվել նաեւ Արցախում եւ սփյուռքում: Հատկանշական է, որ խորհրդային շրջանում պաշտոնական վարկածի համաձայն՝ Սումգայիթում փետրվարի 27-29-ը 32 քաղաքացի է զոհվել, այդ թվում՝ 26 հայ եւ 6 ադրբեջանցի: Մինչդեռ, ոչ պաշտոնական տվյալներով, Սումգայիթում սպանված հայերի թիվը հարյուրից ավելի է:

Երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը: Նա 81 տարեկան էր: Ալբերտ Մկրտչյանը Մհեր Մկրտչյանի կրտսեր եղբայրն է: Երկար տարիներ նա եղել է հայկական հեռուստաստուդիայի, հետո նաեւ «Հայֆիլմ»-ի ռեժիսոր: Ղեկավարել է Գյումրիի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թվականից Երեւանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի տնօրենն և գեղարվեստական ղեկավարն էր: Ալբերտ Մկրտչյանը «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Ուրախ ավտոբուս» եւ մի շարք այլ հայտնի ֆիլմերի ռեժիսորն է:

Գառնու ձորում՝ «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի տարածքում կառուցված շինությունն ապամոնտաժվել է, իսկ կառուցապատողը վարչական պատասխանատվության է ենթարկվել. ստիպված կլինի 200 հազար դրամի չափով տուգանք վճարել: Տարածքի սեփականատերը, սակայն դժգոհ է: NEWS.am-ի հետ զրույցում նա նշել է, որ շինությունը «Քարերի սիմֆոնիայի» տարածքում չէ, բացի այդ՝ չէր պատրաստվում այնտեղ «սրճարան կամ խորովածանոց» բացել: Ծովինար Համբարձումյանը նաեւ համոզված է, որ ոչ մի կանոն չի խախտել, ամեն ինչ օրինական է եղել:

Երուսաղեմում Հարության տաճարն այսօր առավոտյան բացվել է: Երեք իրավատեր՝ հայ առաքելական, կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիները դժգոհում էին եկեղեցապատկան գույքը հարկելու՝ քաղաքապետարանի ծրագրերի դեմ, եւ երեք օր շարունակ փակել էին տաճարը: Երուսաղեմի քաղաքապետարանը հաշվարկել էր, որ եկեղեցիների ընդհանուր պարտքը քաղաքային բյուջեին գերազանցում է 186 մլն դոլարը, եւ անցած տարիների համար տուգանք ու բանկային հաշիվների կալանք սահմանել: Սրբավայրի պահապանները վերականգնել են ուխտավորների մուտքը Հարության տաճար այն բանից հետո, երբ Իսրայելի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել բանակցել խնդրի կարգավորման շուրջ:

Երեւանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. գիշերը հարձակում են գործել տրանսգենդերի վրա, ծեծել նրան ու հրդեհել բնակարանը: Բռնության ենթարկվածին հիվանդանոց են տեղափոխել. նա Վերակենդանացման բաժանմունքում է: Տրանսգենդերի անունը չի հրապարակվում. որոշ տեղեկություններով՝ տուժածն ինքն է հրաժարվել հրապարակել անունն ու կատարվածի մանրամասները: Իսկ բնակարանը, որը հրդեհել են, տուժածը վարձակալում էր: Նշենք նաեւ, որ հանցագործություն կատարած անձի ինքնությունը հայտնի է, նա փախուստի չի դիմել: Դեպքի առիթով նյութեր են նախապատրաստվում:

Փետրվարի 28-ին դոլարն ու եվրոն թուլացել են, ընդ որում եվրոպական արժույթը՝ ավելի քան 5 դրամով: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 587, ռուբլունը՝ 8 դրամ 55 լումա, ֆունտինը՝ 667 դրամ:

Մարտի 1-ի երեկոյան հանրապետության շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանը մարտի 2-ին 4-5 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես վաղը երեկոյան տեղումներ կլինեն, գիշերը՝ թաց ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +2+4, ցերեկը՝ +15+17 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ