News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ոորեւէ մեկի նախապայմաններ առաջադրելու պրակտիկան ուղղակի մեզ մոտ չի անցնելու: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Մինչեւ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը նախագահը նախ նիստին մասնակցող բոլոր գործընկերների անունից շնորհավորել է Գագիկ Հարությունյանին՝ Ազգային ժողովում լայն համաձայնությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ բարեմաղթել, որ դատական խորհրդի անդամ իր մյուս գործընկերների հետ միասին նա հաջողությամբ իրականացնի խորհրդի սահմանադրական գործառույթը, այն է՝ ապահովել դատարանների եւ դատավորների անկախությունը:

ԱԱԽ նիստի օրակարգի շրջանակներում քննարկման է ներկայացվել 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների մասին հարցը, որի վերաբերյալ զեկուցել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հանրապետության նախագահը նիստի բացման խոսքում հակիրճ անդրադարձել է տարածաշրջանում ապահով ու համերաշխ ապագա կերտելու տեսլականով իր նախաձեռնությամբ սկիզբ դրված` առանց նախապայմանների Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ դրանից հետո տեղի ունեցած զարգացումներին. Նախագահ Սարգսյանը մասնավորապես ներկայացրել է ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ Հայաստանի ջանքերն ու ի հակառակ դրա՝ միջազգային հանրության առջեւ իր ստանձնած պարտավորությունների կենսագործման ուղղությամբ տարիներ շարունակ Թուրքիայի կողմից դրական տեղաշարժի բացակայությունը:

Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանը տարբեր առիթներով հայտարարել է, որ այս հարցում Թուրքիայի կողմից հիշյալ քաղաքականությունը չփոխվելու դեպքում, Հայաստանը ցյուրիխյան արձանագրությունները կհայտարարի առ ոչինչ եւ 2018 թվականի գարուն կմտնի առանց դրանց:

«Հարգելի՛ գործընկերներ,

Հիշում եք, որ բոլորիդ համաձայնությամբ, երբ ես նախաձեռնեցի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններն առանց նախապայմանի կարգավորելու գործընթացը, առաջնորդվում էի տարածաշրջանում ապահով եւ համերաշխ ապագա կերտելու տեսլականով: Հայաստանն արեց հնարավորը մեր Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության հարաբերությունները կարգավորելու բեռը գալիք սերունդներին չթողնելու համար: Մեր ցանկությունն այդ էր, որպեսզի այդ բեռը մենք կրենք, ավարտենք գործընթացը եւ չթողնենք նրանց ուսերին: Սակայն արձանագրությունների ստորագրումից հետո անցած ինը տարիների ընթացքում Անկարան, վերադառնալով իր անհիմն նախապայմաններին, ոչ միայն որեւէ քայլ չարեց արձանագրությունները վավերացնելու եւ ուժի մեջ մտնելու համար, այլեւ որեւէ կասկած չթողեց, որ նա չի պատրաստվում այդ գործընթացը իրականացնել: 2017 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ես հայտարարեցի, որ Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման գործընթացը ըստ պատշաճի չիրականացնելու պարագայում մենք գարուն ենք մտնելու այդ արձանագրություններն առ ոչինչ հայտարարված, այսինքն՝ առանց այդ արձանագրությունների: Հիմա եկել է որոշումը կայացնելու ժամանակը, եւ այսօրվա մեր քննարկման թեման հենց դա է: Այս հարցով խոսքը տրամադրում եմ արտաքին գործերի նախարարին, որ նա հանգամանորեն մեկ անգամ եւս անդրադառնա հարցին»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ Հայաստանը, նախաձեռնելով այս գործընթացը, գիտակցում էր, որ այն միանշանակ չի ընդունվելու իր հասարակության բոլոր անդամների ու հատկապես սփյուռքի հայրենակիցների կողմից, որոնք Ցեղասպանություն վերապրածների սերունդներ են, այդուհանդերձ, գնաց այդ քայլին`գիտակցելով դրա անհրաժեշտությունը:

Արտաքին գործերի նախարարի զեկույցից հետո խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիրքորոշումները հարցի վերաբերյալ՝ նշելով, որ հարեւան Թուրքիան չօգտվեց ընձեռված պատմական հնարավորությունից, ավելին՝ առաջ քաշած իր նախապայմաններով ոչ միայն չնպաստեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, այլեւ բարդություններ ստեղծեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում՝ նպաստելով Ադրբեջանի դիրքորոշման առավել կարծրացմանը: ԱԱԽ անդամներն ընդգծել են, որ ստեղծված իրավիճակում Հայաստանին այլընտրանք չի մնում, քան դադարեցնել արձանագրությունների կնքման ընթացակարգերը:

Նրանք նաեւ նշել են, որ Հայաստանն ավելի շատ հիմքեր ուներ Թուրքիային նախապայմաններ առաջադրելու, սակայն ընտրեց հարեւանների հետ հարաբերությունների կարգավորմամբ խաղաղ եւ կայուն տարածաշրջան ունենալու հեռանկարը:

Քննարկման արդյունքում անվտանգության խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաuտանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաuտանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգերի դադարեցմանը:

Ամփոփելով նիստը` Նախագահը մեկ անգամ եւս շեշտել է, որ Թուրքիան խախտելով ընդունված միջազգային պրակտիկան եւ այն հանձնառությունները, որ պետությունները ունեն միջազգային հանրության առջեւ, ուղղակի կոպիտ ձեւով չվավերացրեց այդ արձանագրությունները՝ առաջ քաշելով դրանց հետ կապ եւ որեւէ աղերս չունեցող նախապայմաններ:

«Մեկ անգամ եւս ուզում եմ կրկնել, որ մենք որեւէ մեկի հետ հարաբերություններում նախապայմաններ չենք առաջադրում, եւ որեւէ մեկի նախապայմաններ առաջադրելու պրակտիկան ուղղակի մեզ մոտ չի անցնելու: Մենք փոքր պետություն ենք, չունենք ոչ հզոր ռազմական, ոչ տնտեսական ներուժ, բայց մենք անկախ պետություն ենք եւ գործելու ենք միայն ի շահ մեր պետության եւ մեր ժողովրդի:

Եվ հաշվի առնելով մեր համաձայնությունը այս հարցում՝ ես նիստից հետո անմիջապես կստորագրեմ հրամանագիր այս ընթացակարգը դադարեցնելու մասին: Խնդրում եմ արտաքին գործերի նախարարին՝ մեր այս որոշման մասին ծանուցել Թուրքիային, որից հետո այդ համաձայնագրերով ստանձնած որեւէ պարտավորություն մեզ համար իրավական որեւէ նշանակություն չի ունենալու»,-ընդգծել է Նախագահ Սարգսյանը՝ նշելով, որ այս հարցի կապակցությամբ Հայաստանի մոտեցումների մասին նամակով տեղեկացրել է նաեւ արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա բոլոր կողմերին, մասնավորապես՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ եւ Շվեյցարիայի նախագահներին, Եվրոպական միության խորհրդի նախագահին, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին՝ շնորհակալություն հայտնելով նրանց եւ բոլոր այն երկրներին ու միջազգային կազմակերպություններին, ովքեր աջակցություն են ցուցաբերել այս նախաձեռնությանը»,-ընդգծել է Հանրապետության Նախագահը։

Հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցվեց. Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել (թարմացվող, ֆոտո)
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
Ամենաշատ