News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայ-թուրքական արձանագրությունները չեղարկվեցին: Սերժ Սարգսյանն այսօր դրանց կնքման ընթացակարգը կասեցնելու մասին հրամանագիր է ստորագրել: Նախագահն արձանագրություններն Ազգային ժողովից հետ էր կանչել դեռեւս 2015 թվականին, իսկ այսօր հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստում արդեն հայտարարել է դրանք չեղարկելու մասին: Հայ-թուրքական արձանագրությունները նախաստորագրվել էին 2009 թվականի հոկտեմբերին, շվեյցարական Ցյուրիխում: Թուրքիան պարբերաբար հետաձգում էր փաստաթղթի վավերացումը՝ դա կապելով ղարաբաղյան խնդրի հետ: Էդվարդ Նալբանդյանն այսօր հիշեցրել է, որ նույնը տեղի է ունեցել նաեւ Ցյուրիխում՝ մինչ արձանագրությունների ստորագրումը:

Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածուին առաջադրելու ժամկետը երեկ երեկոյան լրացել է, եւ Ազգային ժողովը միայն մեկ թեկնածուի առաջադրման դիմում է ստացել. կոալիոն գործընկերներ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պաշտոնապես առաջադրել են Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Սարգսյանն այսօր խորհրդարանում էր: Նախագահի թեկնածուի՝ շուրջ մեկ ժամ տեւած «նախընտրական» ելույթը կարելի է բնութագրել այսպես. «հին ժամանակներից մինչեւ մեր օրերը»: Արմեն Սարգսյանը խոսել է արցախյան շարժումից, 1988-ի երկրաշարժից, պատերազմից, անկախ հանրապետության հիմնադրումից ու հասել այժմյան սոցիալական խնդիրներին ու քաղաքացիների իրավունքներին: Նախագահի թեկնածուի ելույթի եզրափակիչ մասն էլ նման էր երդման տեքստի. «Վստահեցնում եմ, որ եթե ընտրվեմ, իմ ամբողջ եռանդը, երկար տարիների փորձն ու նվիրվածությունն ի սպաս եմ դնելու Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի ազգային խնդիրների լուծմանը»:

Արմեն Սարգսյանի թեկնածությանը դեմ քվեարկելու մասին հայտարարել է «Ելք»-ը, եւ հենց այս խմբակցությունն էլ այսօր քննադատել է նախագահի թեկնածուին: Նիկոլ Փաշինյանի ելույթի առանցքում Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցն է եղել: Պատգամավորն այս առիթով նաեւ Իվան Վասիլեւիչին է հիշել:

Սահմանադրության պահանջի համաձայն՝ նախագահ կարող է լինել վերջին 6 տարիներին Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձը: Ու թեեւ Արմեն Սարգսյանը վերջին շրջանում պարբերաբար հավաստում է, որ 2011 թվականի դեկտեմբերից այլեւս Մեծ Բրիտանիայի քաղաքացի չէ, «Ելք»-ում փաստաթղթային հիմնավորում են պահանջում: Նիկոլ Փաշինյանը կասկածում է, որ նման փաստաթուղթ ընդհանրապես գոյություն ունի:

Փաշինյանն ավելի հեռուն է գնացել եւ արձանագրել, որ Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել միայն որեւէ պաշտոն ստանձնելիս, իսկ պաշտոնից հրաժարվելուց հետո նաեւ քաղաքացիությունից է հրաժարվել: Քննարկումների ավարտին արդեն Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանի ելույթից տպավորություններն է կիսել:

Լրացավ Մարտի 1-ի իրադարձությունների 10-րդ տարելիցը. Երեւանում այս կապակցությամբ ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն Ազատության հրապարակից մինչեւ Մյասնիկյանի արձանի հարակից տարածք հիշատակի երթ են անցկացրել: Երթին ուղեկցող ոստիկանների ձեռքին նույնպես մեխակներ կային: Իսկ ակցիայի մասնակիցները քայլել են «Պատժել Մարտի 1-ի ոճրագործներին» գրությամբ ցուցապաստառով, Մարտի 1-ի զոհերի լուսանկարներով եւ Հայաստանի դրոշով: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի դեպ, հանրահավաք-երթին չի մասնակցել: Մյասնիկյանի արձանի մոտ ակտիվիստ Վարդգես Գասպարին զոհերի լուսանկարներով պաստառը ձեռքին պառկել էր գետնին՝ այդ կերպ բողոք արտահայտելով Մարտի 1-ի ոճրագործությունը չբացահայտելու դեմ:

Հիշեցնենք, որ 2008 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունն ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին: Նույն օրը երեկոյան նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն հայտարարեց, ապա ուժային կառույցները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ. զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան, եւս 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան:

Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է բարեկարգել «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երեւան եւ «Շիրակ»-ից Գյումրի տանող ճանապարհները: Վարչապետը հիշեցրել է. այս տարի հանրապետությունում երեք խոշոր իրադարձություններ են սպասվում: Գործադիրն այսօր նաեւ թույլատրել է վաճառել «Նաիրիտ»-ի ակտիվները: «Նաիրիտ 2» ընկերությանը պատկանող շենք-շինություններն ու հողատարածքը գնում է «Ա-Ս Ինվեստմենթս»-ը: Ընկերությունը խոստացել է մի քանի հարյուր աշխատատեղ ստեղծել:

Այսօրվանից ուժի մեջ է մտել մի շարք դեղեր դեղատոմսով բաց թողնելու կարգը: Առողջապահության նախարարը նշել է, որ 4500 դեղամիջոցից դեղատոմսով բաց կթողնվեն 2500-ը, մնացյալ 2000-ի վաճառքն ազատ կլինի:

Նոր կարգից դժգոհությունների մասին հարց ուղղած լրագրողին Լեւոն Ալթունյանը մեղադրել է մոլագարության համար, իսկ դժգոհությունը բացատրել խնդրից անտեղյակությամբ: Մտահոգություններ են հնչում նաեւ, որ դեղատոմս ձեռք բերելը լրացուցիչ ծախսեր կառաջացնի բնակչության համար, որոշ փորձագետներ էլ չեն բացառում դեղերի թանկացման հնարավորությունը: Ալթունյանը վստահեցնում է. մեր քաղաքացիները նույնիսկ կտնտեսեն:

Երեւանի կենտրոնական հատվածներից մեկում մարտի 3-ից երթեւեկության ժամանակավոր փոփոխություն կլինի: Մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայից դեպի «Հաղթանակ» կամուրջ տանող ճանապարհի երթեւեկությունը 2 ամսով կդադարեցվի: Պատճառը Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորչի փողոցի տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի ջրահեռացման համակարգի վերակառուցման եւ հանգույցի թունելային հատվածի վերանորոգման աշխատանքներն են: Շինարարական աշխատանքների ընթացքում խցանումներից հնարավորինս խուսափելու համար քաղաքապետարանը թեթեւ մարդատար մեքենաների վարորդներին մի քանի շրջանցիկ երթուղի է առաջարկել:

Լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականը կլուծարվի եւ նոր հավաքական կազմել: Որոշումը կայացվել է ՀԱՕԿ-ի նիստում, իսկ պատճառը Հարավային Կորեայում անցկացված ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանի միակ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի մարզագույքի հետ կապված խնդիրն է: Թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Հարությունյանն իր հերթին պարտականություններից ազատվելու դիմում է ներկայացրել: Հարությունյանն ասում է՝ նիստում Աշոտ Կարապետյանը փորձել է հերքել իր ասածները, ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն էլ փաստել է, որ մարզիկի համար նախապես պատվիրել են գույքը:  Հիշեցնենք, որ Աշոտ Կարապետյանը Փհենչյանից հայտնել էր, թե մարզագույք չունի եւ չի կարողանում պատրաստվել մրցելույթներին: Մարզիկը վստահեցնում էր, որ Փհենչհան է մեկնել ընկերոջ հին դահուկներով, որոնք մարզման ժամանակ կոտրվել են:

Մարտի 1-ին դոլարը փոքր-ինչ արժեւորվել է, իսկ եվրոն շարունակել է թուլանալ: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 585, ռուբլունը՝ 8 դրամ 48 լումա, ֆունտինը՝ 660 դրամ:

Մարտի 2-ի գիշերն ու առավոտյան ժամերին հանրապետության շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանը մարտի 2-ին 4-5 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես գիշերն ու առավոտյան ժամերին տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0+2, ցերեկը՝ +16+18 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ