News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 13
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի խորհրդարանում այսօր տեղի կունենա չորրորդ նախագահի ընտրությունը: Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երեկ՝ մարտի 1-ին, խորհրդարանին է ներկայացրել պետության զարգացման, որակների, ապագայի վերաբերյալ իր պատկերացումները, որոնք, իհարկե, դժվար է ծրագիր անվանել, քանի որ նախագահը կառավարման նոր՝ խորհրդարանական մոդելում, ըստ էության, չունի ծրագրային ապահովման իշխանական լծակներ: Սակայն, բոլոր դեպքերում, Արմեն Սարգսյանը ներկայացրել է միանգամայն ողջունելի առաջնահերթություններ եւ ուղենիշներ՝ ըստ էության ցույց տալով, որ Հայաստանի ապագան զարգացման ժողովրդավարական, ազատ մոդելն է, որը առավելագույնս կբացի ստեղծագործական այն ահռելի ներուժը, որ ունի Հայաստանի ամենաթանկ բանը՝ մարդկային կապիտալը:

Խիստ խորհրդանշական եւ ուշագրավ զուգադիպությամբ նույն օրը՝ մարտի 1-ին, ՌԴ-ում հնչում էր այդ երկրի նախագահի թեկնածու, գործող նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղերձը, որ նա հղում է Դաշնային խորհրդին: Պուտինն էլ ներկայացնում էր իր ծրագրային տեսլականը, թե ուր պետք է գնա Ռուսաստանը առաջիկա 6 տարիներին: Պուտինի դեպքում դա, իհարկե, ծրագրային տեսլական է, որովհետեւ նա ունի այդ իշխանությունը, ընդ որում՝ թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո: Եվ այստեղ կա, իհարկե, մի շատ ուշագրավ եւ նուրբ հանգամանք, որի արձանագրումը առաջին հայացքից կարող է թվալ տարօրինակ, սակայն որը թերեւս տխուր կամ դառը իրականությունն է:

Հայաստանի զարգացումը, ապագան, անվտանգությունը կախված են թերեւս ավելի շատ ՌԴ նախագահի թեկնածուի ուղերձից, քան ՀՀ նախագահի թեկնածուի խորհրդարանական ելույթից: Եվ պատճառն այն չէ, որ տարբեր են իշխանական լծակները: Անգամ եթե խոսքը վերաբերեր ՀՀ ներկայիս կառավարման մոդելով նախագահի թեկնածուին: Բանն այն է, որ ՀՀ-ն գտնվելով ռուսական ազդեցության գոտում, իսկ դա վիճարկելը թերեւս կլինի քաղաքական, քաղաքագիտական եւ նույնիսկ պատմագիտական անհամարժեքություն, զգալիորեն կախված է այն իրավիճակից, որ կա ՌԴ-ում: Սա բացարձակ կախվածություն չէ, անշուշտ, եւ բոլորովին չունենք նպատակ ներկայացնել ապոկալիպտիկ կախվածության մի վիճակ, սակայն մեծ ազդեցությունը չնկատելն էլ կլինի ինքնախաբեություն:

Խոշոր հաշվով, օբյեկտիվորեն, Հայաստանի զարգացման այս կամ այն տեսլականի իրականանալիությունը, հատկապես պետական կարողությունների ներկայիս ներուժի պայմաններում, զգալիորեն կախված է այն ուղուց եւ բովանդակությունից, որ կա Ռուսաստանում, ու նաեւ Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունից: Եվ այս իմաստով իրավիճակը Հայաստանի համար հակասական է, որովհետեւ Ռուսաստանը մի կողմից թուլանում է, իսկ դա նշանակում է Հայաստանի համար ազատության հավելյալ հնարավորություն, ժամանակ, տարածություն, որը հնարավոր է օգտագործել ինքնիշխանության ներուժը ավելացնելու համար, մյուս կողմից՝ Ռուսաստանն այդ առումով կարող է առավել կարծրանալ, այդ թվում՝ իր ազդեցության գոտիների հատվածում, բերելով առավել «ռեպրեսիվ» մոտեցումների, որոնք կարող են լինել կարճաժամկետ՝ չկա ավելի երկար «ռեպրեսիվ աշխարհաքաղաքականության» ներուժ, բայց, օրինակ, Հայաստանի համար կարող է լինել այդ կարճին էլ դիմանալու խնդիր:

Պուտինի ուղերձն այդ առումով թողնում էր հակասականության տպավորություն, երբ նա մի կողմից հայտարարում էր, որ Ռուսաստանն ապագա չի ունենա, եթե չլինի աշխարհի համար բաց, արդիական, զարգացող, մյուս կողմից՝ աշխարհին, ըստ էության, բռունցք էր ցույց տալիս ռուսական նոր միջուկային սպառազինությամբ: Սակայն այս հակասականությունն ինքնին արդեն իսկ մեսիջ է, կամա, թե ակամա, որ Ռուսաստանը ներկայումս գտնվում է մի իրավիճակում, երբ անկանխատեսելի սցենարներով հանդերձ, կան նաեւ հնարավորություններ՝ հնարավորինս լինել այդ սցենարների ուղղակի, թե անուղղակի մասնակից, մասնավորապես հայ-ռուսական հարաբերությունների մասով, տարածաշրջանում Ռուսաստանի դերի եւ տեղի մասով: Եվ այս հանգամանքը բերում է նրան, որ իհարկե, Ռուսաստանի մեծ ազդեցությունը, Ռուսաստանից շոշափելի կախվածությունը մեզ ոչ թե պետք է թեւաթափ անի, այլ հակառակը՝ մղի ներկայիս ռիսկային, բայց նաեւ պատեհ ժամանակահատվածը օգտագործելու որակական փոփոխության համար:

Եվ այդ իմաստով արդեն առանցքային են դառնում մտքերը, որ հնչել են խորհրդարանում նախագահի ընտրության գործընթացի մեկնարկին: Սակայն խնդիրն այն է, որ այդ մտքերը Հայաստանում հնչում են թերեւս վաղուց, եւ ամբողջ խնդիրը դրանք իրականություն դարձնելն է: Մինչդեռ գոնե առայժմ հանրային հիմնավոր համոզումն այն է, որ նմանօրինակ մտքերը գործնականում ունեն ոչ թե իրականությունը փոխելու, այլ իշխող «էլիտայի» իրական մտքերը ապահով թաքցնելու նպատակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժամանակ». Գազը կթանկանա
Հայաստանի իշխանությունները դրա համար կսկսեն մեղադրել Ռուսաստանի իշխանություններին...
Հայ-ռուսական միացյալ զորքերի հրամանատարը Եկատերինբուրգում կմասնակցի օպերատիվ զորահավաքի
Գեներալ-մայոր Փարվանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՌԴ կենտրոնական ռազմական շրջանի ղեկավար կազմի օպերատիվ զորահավաքային միջոցառմանը․․․
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին․․․
Փաշինյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացմանը
Տեղեկացվել է, որ հյուպատոսության շենքն ունի պատմական նշանակություն և կառուցվել է 1912 թվականին...
Սա արդեն լրջագույն մարտահրավեր է Հայաստանի Հանրապետության անվտանգության համար. Ղազինյան
Հայ - Ռուսական հարաբերությունները պատմության մեջ երբեք այսքան լարված չեն եղել...
Հայաստանում մեկնարկել է ՀՌՇ-ի հետախուզական ստորաբաժանումների աերոմոբիլային խմբերի պատրաստումը
Մեկ ամսվա ընթացքում ցածր ջերմաստիճանի «ծայրահեղ» պայմաններում․․․
Partner news