Հրայր Թովմասյանը պարզ, մաքուր հայ ընտանիքի զավակ է, սասունցի է, սասունցի Պետրոսի եւ Աբրահամի թոռն է. ինքն է իրեն ստեղծել, ոչ ազդեցիկ քավոր, ոչ ազդեցիկ զանգահարող, ոչ ազդեցիկ ծնողներ, ոչ քեռի կամ հորեղբայր, այլ մարդն իր գիտելիքների, իր քրտնաջան աշխատանքոի ընթացքում հասել է եւ որպես ընդունելի քաղաքական գործիչ, եւ լավ իրավաբան: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ-ում ՍԴ անդամի թափուր տեղի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, Հրայր Թովմասյանը ունի պատասխանատվության բարձր զգացում, երբեք չի թաքնվել իր գործընկերների թիկունքում, ունեցել է խիզախություն իր կարծիքն արտահայտելու՝ անկախ նրանից, թե դա ընդդիմության, իշխանության որևէ հատվածի դուր է գալիս, թե չէ:
Շարմազանովը վստահություն հայտնեց, որ Հրայր Թովմասյանը կառաջնորդվի հին հռոմեական հայտնի սկզբունքով՝ ճշմարտությունն ընկերությունից վեր է եւ իր համար պետական շահը կլինի ամենաբարձրը, իր որոշումներում կառաջնորդվի պետական շահի գերակայությամբ:
Նշենք, որ ՍԴ անդամի պաշտոնը թափուր էր մնացել, երբ այդ պաշտոնը թողել էր Կիմ Բալայանը:











