News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեքսիկական Eluniversal  պարբերականը երկար հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Ղարաբաղյան հիմնահարցի նախապատմությանը եւ քննադատել Մեքսիկայի իշխանություններին ադրբեջանամետ դիրքորոշում ունենալեւ համար:

Հոդվածում, մասնավորապես, ասվում է.

«1905 թվականին Օսկար Ուայլդի եւ Գաբրիել Դ՛Անունցիոյի մերձավոր ընկեր, գվատեմալցի գրող եւ լրագրող Էնրիկե Գոմես Կառիլյոն, որն իր ավելի քան 87 վեպերով եւ պատմվածքներով ճանաչված է իբրեւ «Ժամանակագրության արքայազն» ճամփորդեց Ռուսական կայսրություն՝ այդ երկրում իրադարձությունների վերաբերյալ հոդվածաշար պատրաստելու նպատակով: Ռուսաստանը, որը ճանաչեց, ալեկոծված էր ամիսներ առաջ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով:

Որպես այդ ճամփորդության արդյունք, Գոմես Կառիլյոն գրեց «Ժամանակակից Ռուսաստանը» վերնագրով լուրջ աշխատություն, որը մեքսիկացի ընթերցողների համար վերջերս է հասանելի դարձել շնորհիվ Մշակույթի քարտուղարության ջանքերի: Իր աշխատության ավելի քան 200 էջերի շրջանակներում հեղինակը մեզ մատուցում է այն դաժան իրականությունը, որը սողոսկել էր Նիկոլայ Երկրորդ ցարի ողջ կայսրության բոլոր անկյունները. բանվորական ըմբոստություններ, ուսանողական բողոքներ, գյուղացիների չքավորություն, մամուլի հանդեպ գրաքննություն, սոցիալիստական շարժման ճյուղավորում եւ ընդարձակում, ինչպես նաեւ ծայրամասային գավառներում ազգամիջյան լարվածություն: Մեկ խոսքով, այն նախահեղափոխական Ռուսաստանի ճշգրիտ պատկերն էր լատինամերիկացու աչքերով:

Աշխատության թերեւս ամենահիշարժան հատվածներից  մեկն անդրադառնում է մահմեդական բնակչությանը պաշտոնական Մոսկվային հավատարիմ պահելու նպատակով ցարական իշխանությունների թողտվությամբ Բաքվում թաթարների կողմից /այդպես է հեղինակը կոչում ադրբեջանցիներին/ հայ բնակչության հանդեպ իրականացված ջարդերին, ինչն ուղղակի առնչություն ունի ներկայիս հետ: Գվատեմալցու տաղանդավոր ձեռագրով պատկերված սահմռկեցուցիչ տեսարանները ներկայացնում են աշխարհում քրիստոնությունն առաջինն ընդունած հայ ժողովրդի հանդեպ տարածաշրջանում շարունակական բռնությունների սկզբնավորումը եւ մեզ ուղղակիորեն բերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բուն ակունքներին:

Ասիայի եւ Եվրոպայի խաչմերուկում տարբեր ժողովուրդների եւ ազգությունների ներկապնակ հանդիսացող Կովկասյան լեռնաշխարհի սրտում տեղակայված Լեռնային Ղարաբաղի շրջանի արմատները գնում են պատմության խորքերը, մեր թվարկությունից առաջ առաջին դարում ձեւավորված հայկական հնագույն թագավորությունների մաս կազմելով: Ոչ հեռավոր անցյալում շրջանը վերապրել է տարբեր կայսրությունների, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի փոխներգործությունը եւ բախումները, փաստ, որով պայմանավորվել է իր դժվարին պատմությունը: 20-րդ դարի սկզբին, Կովկաս բոլշեւիկյան զորքերի ներխուժմամբ եւ հետագայում նաեւ Խորհրդային Միության կազմում ներգրավմամբ, Ստալինի որոշմամբ այդ շրջանը հանձնվեց մահմեդական Ադրբեջանին՝ վերջինիս հավատարմությունը ապահովելու, տարածաշրջանը բաժանելու եւ հայերի ազգայնական նկրտումները թուլացնելու նպատակով: Խորհրդային վարչակազմն ապահովեց կայունության հարաբերական երկար շրջան, չնայած շրջանի բնակչության 94 տոկոսը կազմող հայերի բազմաթիվ դիմումներին Հայաստանի հետ վերամիավորվելու մասին:

Խորհրդային Միությունում «պերեստրոյկայի» քաղաքականության քամիները դրդեցին, որ 1988 թվականի փետրվարի 20-ին Ղարաբաղի հայերը կրկին դիմեն Մոսկվային՝ Հայաստանի հետ վերամիավորվելու  խնդրագրով, ի պատասխան հայերի պատմական ներկայությունը տարածաշրջանում վերացնելուն ուղղված Բաքվի քաղաքականությանը: Դիմումը մերժվեց, առաջացնելով լարվածության աճ, պայմանավորված Ադրբեջանում հայերի դեմ իրականացվող հարձակումների մասին լուրերով: Մասնավորապես, փետրվարի 27-ի գիշերը Բաքվից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող արդյունաբերական Սումգայիթ քաղաքում հայերի դեմ իրականացվեց ջարդ, որի հետեւանքով Կասպյան ծովում տեղակայված խորհրդային դեսանտային ստորաբաժանումները մուտք գործեցին քաղաք՝ կասեցնելու ողբերգությունը:

Այս իրադարձությունը հակամարտության համար շրջադարձային դարձավ, երբ հայերի դեմ բռնությունների շարանը չընդհատվեց, պարզորոշ ցույց տալով, որ Լեռնային Ղարաբաղի պահանջներին խաղաղ լուծում տալու նպատակով Ադրբեջանի հետ բանակցությունները գործնականում անհնար են:

Այսպիսով, առճակատումը վերածվեց Ղարաբաղի հայերի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հակամարտության: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը եւ հաղթեց պատերազմի դաշտում, ինչի արդյունքում ստեղծվեց Մինսկի խումբը՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համանախագահությամբ: 1994 թվականին ստորագրվեց հրադադարի վերաբերյալ Բիշքեկի արձանագրությունը: Այդ պահից ի վեր Լեռնային Ղարաբաղը դե ֆակո հաստատեց հանրապետություն, չնայած  դեռեւս մնում է չճանաչված միջազգային հանրության կողմից:

Այդ իմաստով, ԼՂ հակամարտությունը վերածվեց ազգամիջյան բնույթի առաջին զինված բախմանը, հանդիսանալով ԽՍՀՄ փլուզման արդյունքում սառեցված հակամարտություններից մեկը, եւ 30 տարի շարունակ լարվածությունը պահպանվում է:

Ի լրումն Սումգայիթի ջարդերի, հայերը ենթարկվեցին պոգրոմների Կիրովաբադում 1988 թ. նոյեմբերին եւ 1990 թ. հունվարին Բաքվում /ուշագրավ է աշխարհի լավագույն շախմատիստ համարվող Գարի Կասպարովի պատմությունը, որն իր հայկական արմատների պատճառով ընտանիքի հետ ստիպված էր փախչել Բաքվից, փրկվելով անխուսափելի սպանություններից/: Այդուհանդերձ, Ադրբեջանի կառավարությունը հերքում է փաստերը: Միաժամանակ ադրբեջանական կողմը փորձում է հայկական կողմին մեղադրել, որ 1992 թվականի փետրվարի 25-26-ի գիշերը Ստեփանակերտից 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Խոջալու բնակավայրում տեղի է ունեցել «ցեղասպանություն»:

Հայկական զորամիավորումներին վերագրվող Խոջալուի հանցագործության ադրբեջանական մեղադրանքներն առնվազն վիճարկելի են, քանի որ բնակավայրում տեղի ունեցածի մանրակրկիտ ուսումնասիրության պարագայում հավանական է հանգել եզրակացության, որ այն Ադրբեջանում տարբեր ինտրիգների եւ քաղաքական ներքին պայքարի արդյունք է:

Օրինակ, այդ երկրի առաջին նախագահ Այազ Մութալիբովը տարբեր առիթներով մամուլին հայտարարել է, որ հանցագործությունը սադրել է ընդդիմությունը /որին պատկանում էր Հեյդար Ալիեւը, որ 1993 թվականին վերցրեց իշխանությունը, հաստատելով բռնապետություն, որը շարունակվում է իր որդի` ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւի օրոք/, մեղսակցությունը Մութալիբովի վրա բարդելու եւ վերջինիս պաշտոնազրկելու համար: Զուգահեռաբար, տարբեր կազմակերպություններ, ինչպես օրինակ Helsinki Watch-ը, հայտարարել է, որ Խոջալուի քաղաքացիական բնակչությունն օգտագործվել է որպես կենդանի վահան ադրբեջանցի զինվորականների կողմից, որոնք բնակավայրը օգտագործել են Ստեփանակերտի պարբերական ռմբակոծումների համար:

Այդ իմաստով, Ադրբեջանի կառավարության կողմից նշված իրադարձության քաղաքական շահարկմանը զուգահեռ տեղի է ունենում սպառազինությունների մրցավազք եւ ռազմատենչ հռետորաբանություն հայերի դեմ, նպատակ հետապնդելով վերադարձնել այդ շրջանը ուժի միջոցով: Ի պատասխան, անցած տարվա փետրվարի 20-ին Արցախի իշխանություններն իրականացրեցին գործադիր իշխանության հզորացմանն ուղղված սահմանադրական հանրաքվե, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ գործիքակազմ ունենալ ի դեմս Ադրբեջանի աճող եւ մշտական բնույթ կրող թշնամական կեցվածքին:

Չնայած առաջին հայացքից հակամարտությունը կարող է թվալ հեռավոր եւ նվազ կարեւոր Մեքսիկայի համար, Ադրբեջանի դեսպանության կողմից 2008 թվականից սկսած հասարակական տարբեր հաստատություններում իրականացվող լոբբիստական ակտիվ աշխատանքի շնորհիվ մեր երկիրը ներգրավվել է հիմնահարցին: Ադրբեջանի ռազմավարությունը, առավել լայն հայտնի որպես ՚՚Խավիարի դիվանագիտություն՚՚, իրենից ներկայացնում է նավթադոլարներով հարուստ այդ երկրի կողմից իրականացվող մի արշավ, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Խոջալուի ցեղասպանությունը: Այդ իմաստով եւ չարաշահելով խնդրի անտեղյակության հանգամանքը, Մեքսիկան դիտարկվել է որպես Լատինական Ամերիկայում կարեւորագույն հանգույց ընդդեմ Հայաստանի նշված կեցվածքի տարածման համար:

Լոբբիստական այդ գործընթացը հասավ իր նպատակին 2011 թվականին, երբ Մեքսիկայի Պատգամավորների պալատը եւ Սենատն ընդունեցին Խոջալուի ցեղասպանության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների օկուպացման համար Հայաստանին մեղադրելու վերաբերյալ երկու բանաձեւեր: Զուգահեռաբար, Տլաքսկոակե հայտնի հրապարակում Մեխիկոյի քաղաքի իշխանությունների ամենայն աջակցությամբ Ադրբեջանը տեղադրեց հուշարձան, որով ճանաչվում է Խոջալուի այսպես կոչված ցեղասպանությունը:

Երկու դեպքում էլ մեքսիկացի անտեղյակ քաղաքական գործիչները թույլ են տվել մի շարք կոպիտ սխալներ, այդ ժամանակ առաջացնելով դիվանագիտական ճգնաժամ եւ վնասել են մեր երկրի հեղինակությանը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Եվ թեեւ Արտաքին հարաբերությունների քարտուղարությունը չեզոքություն է պահպանում, սատարելով Մինսկի խմբի գործունեությանը եւ երբեք  չի խորհրդակցվել ոչ օրենսդիր մամնի, եւ ոչ էլ քաղաքի իշխանությունների կողմից, այդուհանդերձ Մեքսիկան փաստացի որդեգրել է ադրբեջանամետ դիրքորոշում, հաշվի առնելով, որ մինչ օրս չեն չեղարկվել Խոջալուի ցեղասպանության ճանաչման եւ Հայաստանին օկուպացիայի մեջ մեղադրող 2011 թվականի բանաձեւերը:

Սույն պատմության վերջին դրվագում 2017 թվականի հոկտեմբերին մեքսիկացի երեք պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղ առաջացրեց Ադրբեջանի դեսպանության հզոր բողոքը, որի պնդմամբ նրանք ապօրինի եւ առանց Ադրբեջանի թույլտվության մուտք են գործել «օկուպացված տարածքներ»: Իրականում, Բաքվի կողմից սովորական դարձած նման տեսակի բողոքները նպատակ են հետապնդում վախեցնելու հակամարտության հայկական տեսակետին ծանոթանալու ցանկացող քաղաքական գործիչներին: Նշված քաղաքականության հիմնական նպատակն է թույլ չտալ այցելուներին տեղում ծանոթանալ իրականությանը եւ այդ կերպ աջակցել աշխարհի ամենակոռումպացված եւ ավտորիտար ռեժիմներից մեկին /2017 թվականի մամուլի ազատության սանդղակում 180 երկրների շարքում Ադրբեջանը գրավում է 160-րդ տեղը/:

Լեռնային Ղարաբաղում պատերազմի 30-ամյակը լավ առիթ է Մեքսիկայի համար վերաիմաստավորելու տարածաշրջանի հանդեպ իր քաղաքականությունը եւ սահմանելու նոր հիմքեր լուրջ եւ պատասխանատու դերակատար դառնալու համար, հատկապես հաշվի առնելով շփման գոտում մշտական լարվածության արդյունքում Բաքվի եւ Երեւանի միջեւ նոր ռազմական բախման հավանականությունը:

Այսպես, որպես առաջին քայլ Մեքսիկան պետք է ճանաչի Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը, ինչը համահունչ կլինի մեր արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներին: Այս առաջին քայլը պետք է ուղեկցվի նոր ռազմավարությամբ, որը կբացառի Խոջալուում տեղի ունեցածի առնչությամբ Ադրբեջանի աղավաղումները՝ այսպես կոչված մի ցեղասպանություն, որը չի ճանաչվել միջազգային հանրության որեւէ լուրջ անդամի կողմից, ՄԱԿ-ի կամ էլ Ցեղասպանության ուսումնասիրման միջազգային ընկերակցության կողմից:

Հատկապես պետք է գիտակցել, որ Խոջալուի ցեղասպանության ճանաչման արշավը 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության ժխտման ռազմավարության մաս է կազմում, ռազմավարություն, որի իրականացնողը Թուրքիան է, իսկ Ադրբեջանը Անկարայի հիմնական դաշնակիցն է: Հետեւաբար, որպես առաջին քայլ անհրաժեշտ է ձեռնարկել նախկինում կատարած սխալների ուղղումը, որոնց արդյունքում  ամոթալի ժառանգություն ենք ստացել Տլակսկոակեի հրապարակում հուշատախտակի, ինչպես նաեւ երկու բանաձեւերի տեսքով, որոնք խորապես վիրավորելով հայերին, մասնավորապես պաշարված եւ սպառնալիքի ներքո ապրող Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, վիրավորում են Մեքսիկայի ժողովրդին, մատուցելով որպես ճշմարտություն պատմական մի փաստ, որն առնվազն լուրջ կասկածների տեղիք է տալիս:

Ռիկարդո Խավիեր Կարդենաս Գուտյեռես

Քաղաքական գիտությունների դոկտոր, միջազգայնագետ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ