News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նորագույն սպառազինությունների մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթն առաջացրել է արեւմտյան լրատվամիջոցների ոչ միանշանակ արձագանքը։ Մի կողմից, պարբերականները նշում են, որ Պուտինի հռետորաբանությունից միանշանակ Սառը պատերազմի «հոտ էր գալիս», մյուս կողմից էլ շատերը համարում են, որ նման արտահայտությունները նորություն չեն, քանի որ ոչ Ռուսաստանի, ոչ էլ ԱՄՆ-ի ռազմական հզորությունը ոչ մեկի համար գաղտնիք չէ։

Ընդ որում բոլորը համակարծիք են այն հարցում, որ Պուտինի հայտարարությունները էլ ավելի են սառեցրել Վաշինգթոնի հետ հարաբերությունները։

Washington Post-ի վերլուծաբաններից մեկը նշում է, որ գուցե մինչեւ Սառը պատերազմ դեռ հեռու է, բայց Պուտինի ելույթը «հարաբերությունների առանց այդ էլ սառը ջերմաստիճանը նվազեցրեց  եւս մի քանի աստիճանով»։

«Երկու կողմերի փորձագետներից քչերն են համարում, որ նոր զենքը, եթե ենթադրենք, որ այն իրոք գոյություն ունի, կփոխեր ուժերի հավասարակշռությունը երկու երկրների միջեւ, որոնք արդեն վաղուց ունեն իրար ոչնչացնելու բազմաթիվ հնարավորություններ։ Միաժամանակ լայն տարածված է այն տեսակետը, որ հռետորական հարձակումները, արգելակված դիվանագիտությունն ու ռազմական էսկալացիան, որոնք ավելի բնորոշ են դարձել ԱՄՆ- Ռուսաստան հարաբերություններին, հակակառուցողական են համաշխարհային անվտանգության համար»,- համարում է հեղինակը։

Բրիտանական BBC –ում շեշտվում է, որ նախեւառաջ Պուտինի հայտարարությունը ազդանշան էր այն մասին, որ մոտ ժամանակներս ԱՄՆ- Ռուսաստան հարաբերություններում ջերմացում չի լինելու։ Պուտինը, ըստ երեւույթին, հիմնականում հրաժարվել է Թրամփի հետ սերտ փոխընբռնման հույսերից, համարում են բրիտանացի վերլուծաբանները։

«Քանի որ թե Ռուսաստանը, թե ԱՄՆ-ն ավելի շատ են խոսում իրենց միջուկային զինանոցի արդիականացման մասին, նկատելի են դառնում Սառը պատերազմի տագնապալի նշանները։ Ու այն փաստը, որ այդ նոր տեխնոլոգիաներից շատերը մշակվում են այն ժամանակ, երբ սպառազինությունների հանդեպ հսկողության առկա ռեժիմը նորից է փլվում, լրացուցիչ մտահոգություն է առաջացնում»,- համարում է հեղինակը։

Գերմանական Deutsche Welle-ը գրում է, որ Պուտինի հայտարարության կապակցությամբ մտահոգություն են հայտնել ԱՆգելա Մերկելը, Դոնալդ Թրամփը, նաեւ ՆԱՏՕ-ն։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նշել է, որ հայտարարությունները, որոնք «սպառնում են դաշշնակիցներին, անընդունելի ու հակակառուցողական են»։ Նա նաեւ հաստատել է այն փաստը, որ դաշինքը զգոնություն կդրսեւորի իր զինված ուժերի գործածման հարցում՝ դաշինքի անդամների դեմ ուղղված օտարերկրյա ագրեսիան զսպելու համար։

Associated Press –ի վերլուծաբան Ռոբերտ Բերնսը նույնպես համարում է, որ Ռուսաստանի վստահեցումները նոր ռազմավարական զենքի մշակման մասին, որը անխոցելի է ԱՐեւմուտքի պաշտպանության համար, դժվար թե փոխի համաշխարհային ուժերի հավասարակշռությունը։

«Ռուսական միջուկային հրթիռները արդեն ունեն հնարավորություն ոչնչացնել ամերիկյան բանակը, իսկ ԱՄՆ պաշտպանության ռազմավարությունը հիմնված է հիմնականում զանգվածային միջուկային զսպող սպառնալիքի ՝ այլ ոչ թե ռուսական հրթիռների դեմ անխոցելի վահանի վրա»,- գրում է նա։

Ընդ որում նա ենթադրում է, որ ԱՄՆ աշխատակազմի կարծիքով Ռուսաստանի քաղաքականությունն ու գործողությունները պարունակում են սխալ հաշվարկի վտանգ, որը կարող է հանգեցնել հակամարտության անվերահսկելի էսկալացիայի Եվրոպայում։

Միաժամանակ շատ փորձագետներ համարում են, որ Պուտինի հայտարարությունները հաշվարկված են ներքին լսարանի համար։ «Պուտինը ոչ այնքան ձգտում է նոր սպառազինությունների մրցավազք սկսել արտասահմանի հետ , որքան փորձում է իր տանը պահպանել հին առասպելը Ռուսաստանի մասին, որի ռազմական հզորությունը միջազգային անվտանգության միակ աղբյուրն է եղել։ Կանգնելով վիդեոէկրանների առաջ, անհեթեթ ձեւով ցուցադրելով հրթիռների արձակումը իրար ետեւից, Պուտինն ասես Արմագեդդոնի վաճառական լիներ»,- գրում է Մարկ Գալեոտտին բրիտանական «Guardian»-ում։

Հեղինակը նշում է, որ Ռուսաստանի պաշտպանական ոլորտն  բավականին թույլ վարկանիշ ունի առաջադեմ համակարգերի առաջ մղման հարցում։ Նրա խոսքով, հնարավոր է, որ Պուտինի ելույթի ամենավառ գիծը այն էր, որ նա ուղղակիորեն սպառազինությունների այդ ծրագիրը կապակցեց իր ջանքերի հետ՝ ստիպել աշխարհին, այսինքն իրականում Վաշինգտոնին ընդունել Ռուսաստանի կարգավիճակը որպես մեծ պետություն․ «Մեզ ոչ ոք չէր լսում։ Ուրեմն լսե՛ք հիմա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ