Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայում, գտնվող գետնանցումում լուսադեմին խոշոր հրդեհը, նախնական տվյալներով, անօթեւանների անզգուշության պատճառով է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը:
Նա նշեց, որ այժմ փորձաքննություն է անցկացվում հրդեհի պատճառը պարզելու համար, սակայն նախնական տվյալներով անօթեւաններն այրել են գետնանցումի տարածքում գտնվող կենցաղային աղբը, ինչից էլ հրդեհ է բռնկվել:
Նշենք, որ մինչ այդ գետնանցումին հարակից թունելի տարածքը փակվել էր, քանի որ դրա տարածքում շինարարական աշխատանքներ էին կատարվելու:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանի ԱԻՆ-ում մարտի 3-ին, ժամը 05:33-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում՝ գետնանցումի չգործող խանութում:
Հայտարարվել է հրդեհի բարդության «բիս 1» աստիճան:
Դեպքի վայր են մեկնել եւս երեք մարտական հաշվարկ եւ «ԱԲԿ» ՊՈԱԿ-ի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ գետնանցումում գտնվող չգործող տաղավարների տարածքում այրվում է կուտակված կենցաղային աղբ (մոտ 200 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:06-ին, մարվել՝ 06:18-ին:
.jpg)













