News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական պրոֆեսիոնալ թատրոնի շենքի վերանոգորման աշխատանքներն ընթացքի մեջ են, հաղորդում է Aliq.ge-ն: 

Օտար երկրում գործող միակ պետական հայկական թատրոնի բեմը վերջին անգամ հանդիսատես է ընդունել յոթ տարի  առաջ: Երբ շենքի պատերին երեւացել են առաջին ճեղքերը, թատրոնի ղեկավարությունը դիմել է Վրաստանի սեյսմիկ ծառայությանը: Եկել են, եզրակացություն տվել, որ շենքը վթարային է, ներսում ներկայացումներ խաղալն արգելել:

Շենքի վերանորոգման գործն ամբողջությամբ իր վրա է վերցրել նախկին վարչապետ  Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու գրուպ»  հիմնադրամը: Նախապես որոշվել էր, որ միայն արտաքին պատերն են ամրացվելու: Շենքի ամրացման նախագիծը կազմելուց եւ աշխատանքներին  անցնելուց հետո սակայն, պարզվել է, որ միայն ամրացմամբ հարցը չի լուծվի:

«Մոտիկից եթե նայեք, կտեսնեք, որ բետոնե հանգույցները միմյանց հետ կապված չեն, դրա համար որոշել են, որ զրոյից սկսեն: Դեկտեմբերին, այսինքն մոտ մեկ տարի հետո, շենքի կմախքը պատրաստ կլինի, եւս 1,5 տարի էլ, ըստ ծրագրի, կպահանջվի ներքին հարդարման համար:

Մենք իհարկե առաջարկում էինք ամրացնել, ասում են, լավ ամրացնենք, բայց երկրաշարժի դեպքում 4 բալին չի դիմանա շենքը. Վախենալու ոչինչ չկա, ընդհակառակը՝ մենք ունենալու ենք նոր, ժամանակակից շենք, այն լինելու է Վրաստանի գեղեցիկ շենքերից մեկը, կունենանք նոր լույս, նոր ձայն, նոր ճեմասրահ, նոր դահլիճ՝ իր ամֆիթատրոնով ու օթյակներով»,- ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը` փոխանցելով մասնագետների եզրակացությունը, որ ամրացումից հետո հնարավոր է ժամանակի ընթացքում նորից ճեղքեր առաջանան:

Շենքի մակերեսն ու արտաքին տեսքն անփոփոխ են մնալու: Նորակառույց շենքը լինելու է նախկինի կրկնօրինակը: Փոքր փոփոխություն կունենա միայն գլխավոր մուտքը: Սյուներ են ավելանալու, որոնց նախագիծը դեռեւս չկա: Արմեն Բայանդուրյանը վստահ է, որ բոլոր փոփոխությունները միայն դեպի լավն են լինելու ու ի նպաստ թատրոնի:

Ստացվում է, որ հիմնովին քանդել-կառուցելու դեպքում թատրոնը շահում է նաեւ ժամկետների հարցում՝շահագործումը մի քանի ամսով արագանում է: Արմեն Բայանդուրյանը դիմում է հանդիսատեսին՝ անհանգստանալու ու խուճապի կարիք չկա: Ասում է, որ օրական 30-40 զանգ են ստանում, հիմնական հարցը՝ինչու են քանդում շենքը: «Քանդում են, որ ավելի լավը սարքեն: Բա այսպես լա˚վ է, իհարկե լավ չէ»,-ասում  է գեղարվեստական ղեկավարը:

Արմեն Բայանդուրյանը նորից հիշեցնում է, որ չնայած արդեն վերջին յոթ տարվա ընթացքում շենքը չի գործում, թատրոնը` գործում է: Տարվա ընթացքում 4-5 նոր ներկայացում է բեմադրվում ու վարձակալությամբ ներկայացվում այլ բեմերում:

Ներկայումս մեծ հյուրախաղերի են պատրաստվում Հայաստանի մի շարք քաղաքներում ու Վրաստանի հայաշատ վայրերում, այս տարի եւս մասնակցելու են Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա փառատոնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news