Ռուսաստանում նկարահանվող «Ընդհատված երգ» ֆիլմի ռեժիսոր Արիկ Մանուկյանը հարցազրույց է տվել ադրբեջանական «Թուրան» գործակալությանը, նշելավով, որ ֆիլմը «առողջ երկխոսություն որոնելու մասին է»:

Ֆիլմի սյուժեն այսպիսին է. Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակ հայն ու ադրբեջանցին ընկնում են միեւնույն խորը փոսի մեջ։ Հայտնվելով անհուսալի իրավիճակում՝ փոսում գերի ընկածների  միջեւ երկխոսություն է ծավալվում:  Յուրաքանչյուրը սկսում է պատմել իրեն ցավ պատճառող խնդիրների մասին։ Հայի կերպարը մարմնավորում է հայ դերասան, իսկ ադրբեջանցունը՝ ադրբեջանցի դերասան:

Ֆիլմի հովանավորները Մոսկվայում բնակվող երկիտասարդ հայեր են։ Արիկ Մանուկյանի խոսքով,  ֆիլմը նկարահանելու գաղափարը ի հայտ է եկել երկու տարի առաջ, սակայն ֆինանսական խնդիրների հետեւանքով ստիպված էին հետաձգել նկարահանումները:

Նկարահանումները սկսվել  են անցյալ տարի՝ 2010 թվականի աշնանը: «Աշխատանքները սկսել ենք սեփական միջոցներով։ Ֆիլմի պրոդյուսեր Աշոտ Պողոսյանը վաճառել է իր մեքենան եւ ամբողջ գումարը ներդրել է ֆիլմը նկարահանելու գործում։ Մենք լրացուցիչ միջոցների կարիք ունենք` ցուցադրելու համար ֆիլմը Ռուսաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում, ինչպես նաեւ` արտասահմանյան երկրներում։ Մենք պատրաստ ենք քննարկել բոլոր առաջարկները», -ադրբեջանական գործակալության հետ զրույցում ասել է Մանուկյանը:

ֆիլմը, նրա խոսքով,  պատրաստ կլինի այս տարվա մայիսի վերջին։ Պրեմիերան նախատեսվում է իրականացնել Մոսկվայում` Կինոյի տանը։ Պլանավորվում է  ֆիլմը ցուցադրել նաեւ Հայաստանում, Ադրբեջանում, ԱՄՆ-ում, Վրաստանում, Թուրքիայում, Հնդկաստանում, Մերձավոր Արեւելքում եւ բալկանյան որոշ երկրներում։ Ցուցադրությունը, ըստ ամենայնի, տեղի կունենա ամռանը: