Հայ հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) եւ իշխող հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կոալիցիայի միջեւ ամեն ինչ կարգին կլինի՝ թե՛ նոր կառավարության ձեւավորումից առաջ, թե՛ դրանից հետո։ Այս մասին մարտի 5-ին՝ Ազգային ժողովի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով, կառավարության ղեկավարի թեկնածուի քվեարկությունը խորհրդարանում որոշակի մակարդակով ձեւական բնույթ կկրի, քանի որ քաղաքական խորհրդակցություններ, իհարկե, մինչ այդ տեղի կունենան։ Ավելին, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն խորհրդակցությունները կսկսեն մինչեւ ապրիլի 9-ը՝ այսինքն, մինչեւ գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը եւ նոր կառավարությա ձեւավորման գործընթացը։
Ավելի վաղ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե ինքը չի առաջադրվի ոչ նախագահի, ոչ վարչապետի պաշտոնում, մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ Արմեն Ռուստամյանը նշել է, որ այդ հարցին ավելի լավ, քան գործող նախագահը, ոչ ոք չի պատասխանի։ Միաժամանակ, Ռուստամյանը հավելել է, որ ՀՅԴ-ն նախկինում էլ չի բացառել վարչապետի պաշտոնում ներկայիս նախագահի առաջադրումը․ «Ընդհանրապես, պետք է ասեմ, որ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի։ Այստեղ ամեն ինչ հնարավոր է»,-եզրափակել է նա։