News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Դաշնակցությունը չի բացառում վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրման հնարավորությունը: Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ Արմեն Ռուստամյանն ասել է՝ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի: Իսկ վարչապետի թեկնածուի հարցով խորհրդակցությունները կոալիցիոն կուսակցությունները կանցկացնեն մինչեւ ապրիլի 9-ը: Վահրամ Բաղդասարյանին էլ լրագրողները հիշեցրել են Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ Սահմանադրության փոփոխություններից հետո չի պատրաստվում առաջադրվել վարչապետի պաշտոնում: Հանրապետական խմբակցության ղեկավարն ասել է՝ քաղաքականության մեջ ամեն օր ինչ-որ բան է փոխվում, եւ լրագրողներին խորհուրդ է տվել կարդալ Չերչիլի կենսագրությունը:

«Ելք»-ը դեռ չի որոշել ցույցի դուրս գալու հարցը, եթե Սերժ Սարգսյանն առաջադրվի վարչապետի պաշտոնում: Նիկոլ Փաշինյանը որոշման կայացումը ժողովրդին է թողնում, բայց եթե ժողովուրդը որոշի, երաշխավորում է, որ կլինի իշխանափոխություն:

Մահացել է Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ, Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը: Նա 65 տարեկան էր: Ասոյանը մահացել է հիվանդանոցի բակում: Պատճառը սրտի կաթվածն է: Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, բայց բժշկի կյանքը փրկել չի հաջողվել:

Այսօր հրապարակվել է հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատավճիռը: Հանցագործության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը դատապարտվել է 20 տարի ժամկետով ազատազրկման: 26-ամյա դերասանը դատավճիռը լսել է արցունքն աչքերին: Նշենք, որ 53-ամյա Անի Մաջնունյանը սպանվել է 2015 թվականի օգոստոսի 5-ին. Մխիթարյանը նրան դանակի 59 հարված է հասցրել: Ըստ մեղադրանքի՝ երիտասարդը Մաջնունյանին սպանել է տանը եղած գումարը հափշտակելու համար: Մուշեղ Մխիթարյանը մինչեւ վերջ չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

Պաշտպանության նախարարության աշխատակիցը ոչ սթափ վիճակում մեքենայով հարվածել է Գագիկ Ծառուկյանի հոր մեքենային: Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ «Մուլտի Լեոն» բենզալցակայանի դիմաց, բախվել են Volkswagen եւ Toyota Land Cruiser մակնիշների մեքենաները: Պատահարի հետեւանքով Volkswagen-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Ըստ տեղեկությունների՝ Volkswagen-ի վարորդը պաշտպանության նախարարության աշխատակից է, 32-ամյա Էրիկ Պետրոսյանը, իսկ Toyota Land Cruiser-ը պատկանում է Ծառուկյանի հորը՝ Նիկոլայ Ծառուկյանին: Պատահարի պահին նա մեքենայում չի եղել: 

Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ իր վրա հարձակվել են: «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունից Ռուսաստանի նախագահի թեկնածուն հայտնել է, որ մի տղամարդ հարձակվել ու ինչ-որ հեղուկ է լցրել իր վրա: Սոբչակի խոսքով՝ նա նաեւ բղավել է. «Սա Ժիրինովսկու համար»: Իսկ Սոբչակի եւ Ժիրինովսկու միջեւ միջադեպ էր տեղի ունեցել ռուսական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում: Նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ Վլադիմիր Ժիրինովսկին վիրավորել էր Սոբչակին՝ անպարկեշտ արտահայտություններով փորձելով լռեցնել, ի պատասխան՝ հաղորդավարը ջուր էր լցրել քաղաքական գործչի վրա:

Մաշտոցի պողոտայում շաբաթ տեղի ունեցած խոշոր հրդեհը, նախնական տվյալներով, առաջացել է անօթեւանների անզգուշության պատճառով: Փորձաքննություն է կատարվում, սակայն ԱԻՆ-ի նախնական տվյալներով, անօթեւաններն այրել են գետնանցումի տարածքում կուտակված կենցաղային աղբը: Նշենք, որ հրդեհը բռնկվել էր «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում, գետնանցումի չգործող խանութում: Հրդեհի բարդությա «բիս 1» աստիճան էր հայտարարվել: Հավելենք նաեւ, որ գետնանցումի հարակից թունելը ժամանակավորապես փակ է. այստեղ շինարարական աշխատանքներ են:

Տեղի է ունեցել «Օսկար» մրցանակաբաշխության 90-րդ արարողությունը: Այս տարի լավագույն ֆիլմ է ճանաչվել «Ջրի ձեւը» ժապավենը, «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է մեքսիկացի Գիլյերմո դել Տորոն: «Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Ֆրենսիս ՄակԴորմանդը, իսկ «Լավագույն դերասան»՝ «Մութ ժամանակներ» ֆիլմում Չերչիլին մարմնավորած Գարի Օլդմանը: Դերասանը բեմից դիմել է 98-ամյա մորը՝ կոչ անելով միացնել թեյնիկը: «Ես «Օսկար» եմ բերում տուն»,- հավելել է դերասանը: «Լավագույն օտարերկրյա» ֆիլմ անվանակարգում էլ հաղթող է ճանաչվել «Ֆանտաստիկ կինը» դրաման, որը պատմում է տրանսսեքսուալ կնոջ մասին: Ի դեպ՝ «Օսկար 2018»-ի «թրենդը» ոսկեգույնն ու արծաթագույնն էին. աստղերի մեծ մասը ներկայացել է այս երանգների զգեստներով:

Տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի երեւանյան պրեմիերան: Այս առիթով Հայաստան են ժամանել նաեւ ֆիլմի պրոդյուսերներ Դին Քեյնն ու Մոնթել Ուիլյամսը: Հայոց ցեղասպանության մասին Քեյնն իմացել է դեռ ուսանության տարիներին, համալսարանական ընկերոջից՝ Քեւին Մաթոսյանից: Հայտնի դերասանը նաեւ կարծում է, որ քանի դեռ չի ճանաչվել Հայոց ցեղասպանությունը, Արցախում տիրող լարվածությունը նույնպես կարող է վերածվել զանգվածային ցեղասպանության: Իսկ «Էմմիի» դափնեկիր Մոնթել Ուիլյամսը 1915 թվականի դեպքերի մասին բոլորովին վերջերս է իմացել, երբ Դին Քեյնը նրան պատմել է այդ թեմայով վավերագրական ֆիլմ նկարահանելու մտադրության մասին: Նա ռազմական պատմաբան է, երկար տարիներ աշխատել է ամերիկյան բանակում, եւ զարմացել է, որ երբեք չէր լսել հայերի ցեղասպանության մասին: Հավելենք, որ հեղինակները ֆիլմն «Էմմիի» առաջադրելու հայտ են ներկայացրել: Մարտի երկրորդ կեսին հայտնի կդառնա, արդյո՞ք «Ժխտման ճարտարապետները» կներառվի մրցանակաբաշխության շորթ-լիստում:

Մարտի 5-ին դոլարը կայուն է եղել, եվրոն թանկացել է եւս 2 դրամով: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 592, ռուբլունը՝ 8 դրամ 43 լումա, ֆունտինը՝ 664 դրամ:

Մարտի 6-ին կեսօրից հետո հանրապետության շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանը մի քանի մարզերում եւ Արցախում 8-10 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +4+6, ցերեկը՝ +13+15 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ